Գլխավոր Միջոցառումներ Նոր համագործակցություն՝ մարդասիրական օգնության համատեքստում

Նոր համագործակցություն՝ մարդասիրական օգնության համատեքստում

2599
Տարածել

Հունվարի 26-ին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացրին ճանաչողական դասընթաց։ Ներկայացվեցին կոմիտեի գործունեությունը, մարդասիրական աջակցության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում տարվող աշխատանքները։ Նպատակը՝ ստեղծել համագործակցություն կազմակերպության եւ կենտրոնի միջեւ, որոնք զինված հակամարտությունների մարդասիրական արձագանքման համատեքստում ընդհանուր գործառույթներ ու մոտեցումներ ունեն։

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ փորձի, գիտելիքի փոխանակումն ու փրկարարների կարողությունների զարգացումը շատ կարեւոր է։ Առաջիկայում նախատեսվում է հանդիպում-քննարկում՝ արտակարգ իրավիճակներում աճյունների հետ արժանապատիվ վերաբերմունքի թեմայով, որին կմասնակցեն ոչ միայն կենտրոնի, այլեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության այլ ստորաբաժանումների ծառայողներ։

ԱԻՆ-ի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Հայկական կարմիր խաչի ընկերության սերտ համագործակցությունը սկսվել է դեռ 2017 թվականին՝ եռակողմ հուշագրով։ Դրա շրջանակում սահմանամերձ համայնքներում գործող ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերում կազմակերպվել են առաջին բուժօգնության դասընթացներ, որոնք, Զառա Ամատունու բնութագրմամբ, բավական արդյունավետ են եղել։ Տարբեր աղետների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ երեխաների անվտանգության վարքականոնի ուսուցում են անցել նաեւ համայնքների մանկապարտեզների եւ դպրոցների մանկավարժները։ Դասընթացների կարեւոր բաղադրիչ է միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը մատնանշում է նախորդ տարիներին Հայկական կարմիր խաչի ընկերության հետ կատարած համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Հայաստանի կարիքավոր եւ Արցախում պատերազմից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը։ Փրկարարական անձնակազմի ուսուցումը տարվա առաջնահերթություններից է։ «2018-ին 60 տոննա սննդամթերք ենք բաժանել Հայաստանի կարիքավոր բնակչությանը, 2020-ի նոյեմբերին՝ շինանյութ եւ ծածկոցներ արցախցիներին։ Ներկայումս մեր կենտրոնի ռուսական կողմի անձնակազմի մի մասը հերթապահում է Արցախում՝ իրականացնելով փրկարարական եւ ինժեներական աշխատանքներ։ Ակտիվ համագործակցություն կա Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ»- ամփոփում է տնօրենը։

Առաջիկա միջոցառումներին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ