Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

Տարվա ամփոփում. Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

2087
Տարածել

2020 թվականին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 911 ճգնաժամային ահազանգման կենտրոնը գրանցել է 21809 զանգ (2019 թվականին՝ 11667), սպասարկվել է 590 արտակարգ դեպք-պատահար (2019 թվականին՝ 572): Զոհվել է 16, տուժել 86 քաղաքացի։ 250 տեխնածին պատահարից 193-ը եղել է հրդեհ։

Տարվա ընթացքում կատարվել են ճշտումներ մարզում առկա 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի, գարնանային վարարումների, սելավների ռիսկայի գոտում գտնվող բնակավայրերի մասին եւ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, համաձայնեցվել են ճանապարհաշինական ընկերությունների՝ արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, համայնքային բյուջեի միջոցներով իրականացվել են սելավատարերի մաքրում, ճանապարհների հենապատերի կառուցում եւ այլն, Երեւան-Մեղրի եւ Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհների 8 առավել մեծ վտանգ ներկայացնող հատվածներում իրականացվել է հարկադիր քարաթափում, կատարվել է սողանքավտանգ գոտիների ուսումնասիրություն եւ այլն։

Մարտի 1-ին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել է «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց, որին մասնակած 20 փրկարար ծառայող ստացել է որակավորում։ Օգոստոսին մարզային փրկարարական վարչությունից մեկ աշխատակից Ստեփանավան քաղաքում մասնակցել է «Սահմանամերձ համայնքների անվտանգության եւ դիմակայունության զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում անցկացված դասնթացին, սեպտեմբերին ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հեթապահ հերթափոխի 3 կրտսեր հրահանգիչ մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժնի կազմակերպած «Ինքնասպանության կանխարգելման» օրվան նվիրված առցանց սեմինարին:

Նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի կանխարգելման նպատակով մարզային փրկարարական վարչության ծառայողները ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ մարզի տարածքում իրականացրել են շրջիկ ծառայություն` բնակչության շրջանում տանելով բացատրական աշխատանքներ: Հանրային վայրերում կատարվել են ախտահանման աշխատանքներ՝ 9264 անգամ։

Ռազմական դրության ժամանակ նկուղներն ու կիսանկուղները բերվել են պատրաստականության վիճակի, իսկ Նոր Ազնաբերդ բնակավայրում կառուցվել է 4 պարզագույն թաքստոց։ Բնակչության շրջանում տարվել են իրազեկման աշխատանքներ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում իրենց վարվելակերպի կանոնների պահպանման ուղղությամբ: Արենի համայնքը ձեռք է բերել 4 ազդարարման սարքավորում։ Ամեն օր տեղեկատվություն է հավաքագրվել Արցախից Վայոց ձորի մարզ ժամանած քաղաքացիների վերաբերյալ։ Հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողներ գործուղվել են Արցախ՝ զոհվածների մարմինների դուրսբերման եւ տեղափոխման նպատակով:

Մարզի տարբեր բնակավայրերում տեղադրվել են 8 նոր հրշեջ ջրածորակ, 2 ջրավազան, վերանորոգվել է 2 հիդրանտ: Կառավարության որոշմամբ մարզի Զառիթափ եւ Արենի համայնքներին տրամադրվել են երկու հրշեջ ավտոմեքենա։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ