Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Տարվա ամփոփում. Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

2464
Տարածել

2020 թվականին Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք-պատահար (2019 թվականին՝ 1425), որոնց հետեւանքով զոհվել է 34, մարմնական վնասվածքներ ստացել 869 մարդ։

Տեխնածին 674 դեպքերից 423-ը եղել է հրդեհ (2019 թվականին՝ 626)։ Ուշադրության կենտրոնում է եղել մարզում առկա հիդրանտների հարցը։ Հրշեջ հիդրանտներ չեն բավարարում Թումանյանի, Գուգարքի, Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններում, որտեղ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների ջանքերով տեղադրվել է 15 ջրածորակ։ Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2021 թվականին:

Անցկացվել է 10 շտաբային, 1 ցուցադրական եւ 1 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Դեկտեմբերին Սարահարթ համայնքում եւ Պրիվոլնոյե բնակավայրում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում 8109 անգամ ախտահանվել են հանրային օբյեկտները:

Ռազմական դրության ժամանակ ուսումնասիրվել են մարզի ապաստարաններն ու թաքստոցները։ 28 հակաճառագայթային թաքստոցից 22-ում իրականացվել են մաքրման աշխատանքներ եւ բերվել պատրաստ վիճակի։ Տվյալներ են հավաքվել 1526 բազմաբնակարան շենքերի նկուղների վիճակի մասին։ 47 հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմի հետ անցկացվել է մեթոդական պարապմունք՝ «Օդային տագնապի» ազդանշանի կանոնների եւ պատսպարման կազմակերպման վերաբերյալ։ Արցախյան պատերազմի ընթացքում մարզում կազմակերպվել է թղթե թափոնների հավաքում եւ ամբողջ հասույթը՝ 2 700 000 դրամ, փոխանցվել «Հայաստան» համայկական եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամներին: 15 փրկարար ծառայող կամավորագրվել է եւ մեկնել Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։

2020 թվականին վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական 9 «Իսուզու» մակնիշի ավտոբաքով։ Ամբողջությամբ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի եւ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: 2020 թվականի ընթացքում մարզում առաջացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շուտափույթ իրականացնել պաշտպանական կառույցների պատրաստի վիճակի բերելու գործընթաց՝ (մաքրում, լուսավորության ապահովում, ռեզերվային ապահովում), համալրել ազդարարման շչակները, ստեղծել մարզային հանձնաժողով, որը կկանոնակարգի բնակչությանն առկա պաշտպանական կառույցների կցագրման հարցերը եւ այլն։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ