Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տարվա ամփոփում. Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

2329
Տարածել

2020 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 911 ճգնաժամային ահազանգման կենտրոնը ստացել է 106 097 զանգ (2019 թվականին՝ 89 193)։ Կատարվել է 838 ելք։ Տեխնածին պտահարներից 467-ը եղել է հրդեհ։ 2019 թվականի համեմատ՝ հրդեհների քանակը նվազել է 154-ով։

Իրականացվել է գարնանային վարարումների ժամանակահատվածում գետերի հոսքերի վերաբերյալ տվյալների հավաքագրում ու վերլուծություն, ուշադրություն է դարձվել մարզի տարածքում գտնվող քիմիապես վտանգավոր օբյեկտների անվտանգության վկայագրում ընդգրկված միջոցառումներին։

«Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» թեմայով շտաբային վարժանքներ են անցկացվել Հովտամեջ, Բամբակաշատ, Շենավան եւ Հուշակերտ համայնքներում։

ԱԻ նախարարի հանձնարարականով՝ 2020 թվականի դեկտեմբերից շաբաթը 1 համայնքում անցկացվել է «Ազդարարում, պատսպարում եւ տարհանում» թեմայով վարժանք: Նման վարժանքներ կկազմակերպվեն նաեւ այս տարի:

«Պատրաստվածությունը ուժեղ երկրաշարժերին», «Հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձեւերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակները» թեմաներով սեմինար-վարժանքներ են անցկացվել մի շարք հաստատություններում։

Արմավիրի մարզի համայնքներում նոր հիդրանտների եւ ջրավազանների կառուցման վերաբերյալ առաջարկներ են մշակվել։

Աշխատանքներ են տարվել Երվանդաշատ համայնքում ստեղծվող հրշեջ հենակետի բացման ուղղությամբ․ վերանորոգվել է հրշեջ-հենակետի համար նախատեսված շենքը, ՀՀ կառավարությունը հենակետին հրշեջ մարտական ավտոմեքենա է հատկացրել, կամավորներն անցել են ուսուցում։ Բացումը նախատեսվում է 2021 թվականին։

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ամբողջ տարին իրականացվել են հանրային վայրերի ախտահանման աշխատանքներ:

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հավաքագրվել են տվյալներ Արմավիրի մարզ ժամանած ընտանիքների մասին: Աշխատանքներ են տարվել մարզի համայնքներում բազմաբնակարան շենքերի նկուղները որպես պաշտպանական կառույց նախապատրաստման եւ պատրաստականության բերման ուղղությամբ: 2020 թվականին մարզում վերանորոգվել է 29 շչակ, ձեռք են բերվել եւս 2 նորը։ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած արտակարգ իրավիճակների նախարարության կամավորական գումարտակի կազմում ընդգրկվել է վարչության ստորաբաժանումներից 6 ծառայող։

Հրշեջ-փրկարարների մասնագիտական պատրաստականության բարձրացման նպատակով անցկացվել են տարեկան թեմատիկ պլանով նախատեսված ծառայողական, տակտիկական, տեխնիկական եւ հրշեջ-շարային պատրաստության պարապմունքներ: Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության ուսումնական հաստատություններից մեկում 2 տարի ժամանակով սովորելու է գործուղվել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական խմբի պետը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ