Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տարվա ամփոփում. Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ

2505
Տարածել

2020 թվականին Տավուշի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 56 092 զանգ (2019 թվականին՝ 61697), որից 854-ը՝ արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ (2019 թվականին՝ 848)։ Զոհվել է 24 (2019 թվականին՝ 12), տուժել` 174 (2019 թվականին՝ 96) մարդ:

Գրանցված 546 տեխնածին դեպքերից 310-ը եղել է հրդեհ (2019 թվականին՝ 519): Հրդեհների քանակի նվազումը հիմնականում պայմանավորված է խոտածածկ, բուսածածկ եւ անտառային տարածքներում հրդեհների քանակի նվազումով։

Տարվա ընթացքում վարչության ստորաբաժանումներն անցկացրել են 7 հատուկ տակտիկական եւ 192 տակտիկական վարժանք։ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Իջեւանի ավագ դպրոցում եւ Բերդի ուսումնարանում կազմակերպվել են «ՔՊ միջոցառումների իրականացումը « Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել Բերդ համայնքի Այգեձոր, Չինարի, Մովսես, Պառավաքար եւ Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ բնակավայրերում;

Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ուսանողական կամավորական փրկարարական խմբերի կազմավորման, նրանց հետ պարապմունքներ անցկացնելու նպատակով կազմակերպվել է հանդիպում-քննարկում եւ ստեղծվել է ուսանողական հրշեջ-փրկարարական խումբ:

Շարունակվել են կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես՝ Ներքին Ծաղկավան, Աչաջուր, Վազաշեն, Ակնաղբյուր, Գետահովիտ, Դիլիջան, Այրում համայնքներում եւ Հաղարծին, Հովք, Գոշ բնակավայրերում ուսումնասիրվել են սողանքային գոտիները, կազմվել են հաշվարկներ Գետահովիտ համայնքում սողանքային գոտու սողանքային մարմնի տեղաշարժի վերաբերյալ, ուսումնասիրվել են Բերդ, Լուսահովիտ, Խաշթառակ, Այրում համայնքների եւ Գոշ, Դովեղ, Տավուշ, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր բնակավայրերի քարաթափման գոտիները, իսկ Այրում համայնքի Լճկաձոր բնակավայրում Իջեւանի եւ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատները կատարել են արհեստական քարաթափման աշխատանքներ։ Մի շարք կազմակերպոությունների ցուցաբերվել է մեթոդական օգնություն։

Նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ ամենօրյա ռեժիմով ախտահանվել են վարչությունում եւ ստորաբաժանումներում առկա 21 տրանսպորտային միջոցը, վարչական շենքերը, ավտոկայանատեղիները, կատարվել է մշտադիտարկում կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերի հասցեներով, վարչությունից 3 եւ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 ծառայող մասնակցել են Ոստիկանության պարեկային ծառայության շրջիկ խմբերի հետ համատեղ իրականացվող աշխատանքներին: Ընդհանուր առմամբ՝ բոլոր ջոկատներն ախտահանել են 34 267 հանրային տարածք։ Չի դադարել բնակչության իրազեկումը, փրկարարները 40 բնակավայրերում իրականացրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից 259 շահառուներին տրամադրված սննդի եւ հիգիենայի փաթեթների բաշխում:

Տավուշի մարզում տեղակայված պաշտպանական կառույցների պիտանելիության, բնակչությանը նրանց կցագրման վայրերի մասին տեղեկատվություն է ներկայացվել ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչություն։ Առաջարկ է ներկայացվել Տավուշի մարզպետին՝ հանձնարարել համայնքների ղեկավարներին մարզի պաշտպանական կառույցները եւ նկուղային տարածքները բերել պատրաստ վիճակի։

Հավաքվել են տվյալներ արցախյան պատերազմի ընթացքում Տավուշում հանգրվանած ընտանիքների, նրանց հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտության մասին։ Տավուշցի 7 փրկարար ծառայող Արտակարգ իրավիճակների նախարարության կամավորական գումարտակի կազմում մասնակցել է Արցախում ընթացող ռազմական գործողություններին։

Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի 6 փրկարար ծառայող առցանց մասնակցել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի կազմակերպած «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափորոշիչներին համապատասխան «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» եւ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանք» թեմաներով դասընթացներին:

Ավարտվել են Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի վերանորոգման աշխատանքները: Ենոքավան եւ Գետահովիտ համայնքներում տեղադրվել է 2 նոր ազդարարման շչակ, Դիտավան, Իջեւան, Նոյեմբերյան համայնքներում եւ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում վերանորոգվել են 4-ը։

Մարզում առկա եւ տրամադրված հրշեջ-փրկարարական տեխնիկայի վերաբաշխման արդյունքում ստեղծվել են եւս 2 հրշեջ-փրկարարական հենակետ:

2021 թվականի առաջնահերթություններից պիտի լինեն պաշտպանական կառույցների վերանորոգումն ու անհրաժեշտ գույքով ապահովումը, բնակչության շրջանում քաղպաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերի ուսուցումը, նոր ջրավազազների կառուցումը եւ այլն։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ