Գլխավոր Ուսուցողական նյութեր Բնակչության ազդարարման գործընթացի կառավարման կատարելագործում

Բնակչության ազդարարման գործընթացի կառավարման կատարելագործում

2529
Տարածել

Հայտնի է, որ արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի, կամ ծագման, բնակավայրերի վրա հակառակորդի հարձակման դեպքում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներից մեկը կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումն է: Տրամաբանական է, որ բնակչության ազդարարման գործընթացն իրականացնելու համար մինչեւ արտակարգ իրավիճակների կամ ռազմական գործողությունների ծագումը պետք է ձեւավորել ազդարարման համակարգ: Սա նշանակում է, որ բնակչության ազդարարման համակարգի ստեղծմումը պետք է լինի քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) նախապատրաստական միջոցառումների բաղադրիչ:

Բնական է, որ հասարակության, գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացումը թելադրում է բնակչության ազդարարման համակարգի մշտական զարգացում: Այդ զարգացման անհրաժեշտությամբ է պայմանավորված բնակչության ազդարարման գոյություն ունեցող համակարգի 2020 թվականին անցկացված ուսումնասիրումը, թերությունների բացահայտումը եւ այդ համակարգի զարգացման որոշակի ուղղություններով առաջարկությունների մշակումն ու փորձարկումը: Հիմնական շեշտը դրված է բնակչության ազդարարման կենտրոնացված ու ապակենտրոնացված համակարգերում կիրառվող շչակների ցանցային կառավարման գործընթացի զարգացման ու ազդարարման համար բջջային հավելվածների կիրառման վրա:

Հանրապետության 100 բնակավայրում ազդարարման գործընթացի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազդարարման կետերի 30 տոկոսը չի գործում՝ հիմնականում շչակների հեռավար կառավարման վահանակների խափանման հետեւանքով: Խափանման պատճառների վերլուծությունը ցույց է տվել, որ խափանումները հիմնականում կապված են սնուցող լարման տատանումների եւ շանթահարումների հետ: Շչակի անխափան աշխատանքի ապահովման գործընթացում կարեւորվում է նաեւ կապի ապահովման անընդհատությունը: Հարցը քննարկվել է նաեւ հանրապետությունում գործող բջջային կապի երեք օպերատորի հետ: Վերոգրյալ ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են հետեւյալ առաջարկությունները

1. Շչակների հեռավար կառավարման վահանակների կատարելագործում՝ նորարական մոտեցումների կիրառմամբ.

· գործող վահանակի մետաղյա իրանի փոխարինում պլաստմասե իրանով, ինչը ոչ միայն թեթեւացնում է սարքի զանգվածը, այլեւ բացառում է մետաղյա իրանի հետեւանքով հնարավոր կարճ միացումներն ու լրացուցիչ մագնիսական դաշտերի առաջացումը, հնարավորություն է տալիս անխափան կիրառելու բջջային քարտեր,

· գործող վահանակում տեղադրված մեխանիկական սարքերի հնարավոր փոխարինում ցանցային սարքերով, ինչը կմեծացնի վահանակի աշխատանքի հուսալիությունը,

· վահանակում մարտկոցի տեղադրում, ինչը սնուցող լարումների տատանումների առկայության դեպքում կապահովի սարքերի անխափան աշխատանքը.

· ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ շչակի հեռավար կառավարման վահանակի միջեւ միաժամանակ երեք օպերատորի միջոցով կապի ապահովում, ինչը կբաձրացնի համակարգի գործունեության հուսալիությունը,

· շչակների տեղակայման վայրերում շանթարգելների կիրառություն,

· համակարգի էլեկտրական սնուցման համար այլընտրանքային հոսանքի աղբյուների օգտագործման հնարավորության ստեղծում,

· հեռավար կառավարման վահանակի եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջեւ հետադարձ կապի ապահովում:

2. Բնակչության ազդարարման համար բջջային հավելվածի ներդրում Android եւ iOS համակարգերի համար: Սա հնարավորություն է տալիս.

· 911 զանգահարելիս ավտոմատ կերպով զանգահարողի ճշգրիտ տեղորոշում,

· հավելվածից օգտվողներին վտանգների վերաբերյալ ազդարարման իրականացում,

· հավելվածից օգտվողներին իրազեկման հնարավորություն,

· անհատների եւ բնակչության կոնկրետ խմբերի ազդարարում եւ տեղանշում:

3. Վեբ հարթակի ներդրում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ինչը հնարավորություն կտա ունենալ կապ բջջային հավելվածի հետ եւ քարտեզագրել հրշեջ փրկարարական ուժերի տեղադիրքը, ինչպես նաեւ օպերատիվ իրականացնել այդ ուժերի ուղղորդումը:


Հրապարակումը պատրաստվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիկայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի եւ գործերի կառավարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանի «Բնակչության ազդարարման գործընթացի կառավարման կատարելագործման մի քանի հարցեր» հոդվածի հիման վրա: