Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԱԻՊԾ. 2021 թվականի առաջին տասնօրյակն Արցախում անցել է առանց զոհերի

ԱԻՊԾ. 2021 թվականի առաջին տասնօրյակն Արցախում անցել է առանց զոհերի

2370
Տարածել

2021 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաեւ կենցաղային պատահարների վերաբերյալ:

Չպայթած եւ վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ 70 կանչ է ստացվել: ԱԻ ծառայության սակրավորները Ստեփանակերտում եւ շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:

2021 թվականի առաջին տասնօրյակում հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Տուժածներ չկան: Բոլոր հրդեհները եղել են բաց տարածքում չոր խոտի այրվելու հետեւանքով եւ քամու պատճառով տարածվել են: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են հրդեհները: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառում: Պատճառը՝ քաղաքացու անզգուշությունը էր: Հրշեջ փրկարարները մարել են կրակը, նյութական վնասի չափը ճշտվում է:

911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:

Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային 34 կանչ է ստացվել: Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարմանը, հիվանդի տեղափոխմանը, փակ դուռ բացելուն, վերելակում արգելափակված մարդկանց ազատելուն: Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին 150-ից ավելի խորհրդատվություն են տվել:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարոնակում է իրականացնել որոնողա-փրկարարական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել եւ վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:

Որոնողական աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ:

Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ