Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ավելի քան 300 կանչի են արձագանքել

Փրկարարներն ավելի քան 300 կանչի են արձագանքել

2258
Տարածել

2021 թվականի առաջին յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 327 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 73 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 19 կեղծ ահազանգ:

Փրկարարները ավելի քան 100 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 16 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 24 մարդ:

2020 թվականի վերջին կանչը սպասարկել են Երեւանի Էրեբունի վարչական շրջանի փրկարարները: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղ 12-րդ փողոցում էլեկտրական լարեր են այրվում: Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ տեղի է ունեցել էլլարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ Հրշեջ-փրկարարներն իրականացարել են հերթապահություն՝ մինչ էլցանցի աշխատակիցների մոտենալը։

Իսկ 2021 թվականի առաջին կանչը սպասարկել են Շենգավիթի փրկարարները: 2021 թվականի հունվարի մեկին, ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցում գտնվող բանջարեղենի կրպակից ծուխ է նկատվում։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը: Մասամբ այրվել է մթերային կրպակը եւ գույքը: