Գլխավոր ՀՀ ԱԻՆ Պատերազմը վերհանեց փրկարարի եզակի խիզախությունը

Պատերազմը վերհանեց փրկարարի եզակի խիզախությունը

3501
Տարածել

Արցախյան երկրորդ պատերազմում Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներից ձեւավորված 227-հոգանոց կամավորական գումարտակը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը մասնակցել էր ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։

Մինչ Արցախ մեկնելը փրկարարներն անցել էին մեկշաբաթյա կրակային, մարտավարական եւ տակտիկական ուսուցում, ամրապնդել առաջին օգնության հմտությունները։ «Իրականում նախապատրաստությունը շատ կարեւոր էր։ Փրկարարը, որը հոգեբանորեն մարդ փրկելուն է սովոր, թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պիտի կանգներ որպես զինվոր։ Միայն բարձր կարգապահության եւ հրամանն անվերապահորեն կատարելու շնորհիվ վերադարձանք առանց տուժածների եւ զոհերի»,- նշում է գումարտակի հրամանատար, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Նրա խոսքով՝ իրենց հատկացված տեղամասը ռազմավարական առումով կարեւոր էր։ Գումարտակը գործել է Պաշտպանության բանակի ենթակայության տակ եւ սերտ համագործակցել ՊԲ ստորաբաժանումների, աշխարհազորի ու բնակչության հետ։ Առաջին օրերին տեղանքում կողմնորոշվելու հարցում օգնել են արցախցի տղամարդիկ։ Փրկարարները կառուցել են նոր դիրքեր ու խրամատներ՝ ըստ ՊԲ չափորոշիչների։

Ձեւավորվել է երկու շտաբ Խաչմաչ եւ Կարմիրգյուղ համայնքներում։ Շտաբի պրոֆեսիոնալ անձնակազմում ներգրավվել են ԱԻՆ-ում ծառայող նախկին զինվորականների եւ խաղաղապահների։ Գումարտակին կցված են եղել ՊԲ երեք ծառայող՝ կապավոր, կապի սպա եւ օպերատիվ վարչության սպա, որոնք, հրամանատարի բնութագրմամբ, իրենց գիտելիքով մեծ դեր են ունեցել։ Առաջին իսկ օրվանից հակառակորդը դիրքերը թիրախավորել է բոլոր զինատեսակներով եւ արժանացել համարժեք պատասխանին։ «Կազմակերպվածության առումով մեր ստորաբաժանումը տարբերվում էր մյուսներից։ Նախ՝ ապահովել ենք ամբողջ տարածքի կապի ծածկույթը, եւ մեր կապից օգտվել են մյուսները։ Ունեցել ենք թիկունք, որտեղից ստացել ենք սպառազինություն ու սնունդ։ Լոգիստիկան ու տրանսպորտային ապահովումը վստահվել է մեզ, քանի որ ունեինք բարձր անցանելիության մեծ ու փոքր մեքենաներ։ Մինչ օրս պահպանվում է կապը տեղի բնակչության հետ, որոնց հետ ստեղծվել են ջերմ հարաբերություններ»,- մանրամասնում է գնդապետը։

Գումարտակը հագեցած է եղել բոլոր անհրաժեշտ սարքավորումներով․ հաշվի է առնվել ամեն մանրուք՝ ընդհուպ մինչեւ պարկեր, փոքր մարտկոցներ։ Կարճ ժամանակում արտերկրի եւ Երեւանի ընկերների միջոցով սահման են հասել գիշերայինն դիտարկման ժամանակակից սարքեր ու անջրանցիկ վրաններ։ Գումարտակի կազմում եղել է բուժակ, որն անհրաժեշտության դեպքում ցուցաբերել է օգնություն։ Հովհաննես Եմիշյանը նկատում է՝ բժշկի պակասը զգալի էր հատկապես այն ժամանակ, երբ գումարտակն իր մեքենաներով տարածքից վիրավորներ էր տեղափոխում Ստեփանակերտ։

Դեռ Գորիսում գտնվելու ժամանակ անվտանգության նկատառումներով հավաքվել են բջջային հեռախոսները։ Ժամանակը ցույց տվեց, որ նման որոշումը ճիշտ էր, առաջին հերթին՝ հոգեբանական կայունության համար։ «Պատերազմում վախն անխուսափելի է։ «Ֆեյսբուք» սոցիալական կայքը միշտ հասանելի էր, եւ թշնամու կողմից տարածվող տեսանյութերը կոտրում էին մարդկանց ոգին։ Երկու ցավ է, երբ միաժամանակ կորցնում ես ընկերներիդ եւ կյանքի գնով պահած դիրքը։ Մենք կարողացանք կատարել մեր առջեւ դրված մարտական խնդիրը, եւ երեք գյուղ մնացին հայկական կողմում։ Պատերազմը վերհանեց մեր փրկարարների եզակի մարդկային հատկանիշները, եզակի խիզախությունը»,- ամփոփում է հրամանատարը։

Երեւանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը եղել է Երեւանի 72-հոգանոց վաշտի հրամանատարը։ Ասում է՝ իր վաշտն իր պարծանքն է։ Հենց առաջին օրվանից կամավորագրվել են հարյուրավորները․ ընտրություն անելը դժվար է եղել։

Ռազմաճակատում մարտական հերթապահությունը իրականացվել է բարձր մակարդակով։ Վարչության պետն առանձնացնում է հատկապես դասակի հրամանատարներին, որոնք, անկախ հերթափոխից, մեկ օր դիրքերից չեն իջել։

Բոլոր դժվարություններին մոտեցել են ըմբռնումով, հատկապես՝ ջրի խնդրին, քանի որ դիրքերում նույնիսկ աղբյուր չի եղել։ Առաջին անհրաժեշտության ցանկացած իր հաշված ժամերում Երեւանից հասել է սահման։ Առնոլդ Հարությունյանը հպարտանում է․ «Տղերքս երիտասարդ էին, բանակային ծառայության մեջ աչքի ընկած։ Ամեն զինատեսակի մասնագետ ունեինք։ Կային նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ։ Ընդհանուր առմամբ՝ մարտական ոգին շատ բարձր էր։ Հասկացանք, որ փրկարարը ոչ միայն իր գործում է այդպես խիզախ, այլեւ՝ մարտի դաշտում»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարը տրամադրել են փրկարարները: Կարդացեք նաեւ.

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում-2

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 3