Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հայաստանը կղեկավարի ԱՌՆ եվրոպական ֆորումի աշխատանքային երկու խմբից մեկը

Հայաստանը կղեկավարի ԱՌՆ եվրոպական ֆորումի աշխատանքային երկու խմբից մեկը

2126
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 24-26-ը Պորտուգալիայի Մաթոսինիոս քաղաքում կանցկանցվի աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումը, որին մասնակցելու են երկրների Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգողները, արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները, աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ոլորտների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների փորձագետներ: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի եվրոպական տարածաշրջանային կառույցը, Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային մարմինը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը: Ըստ կազմակերպիչների, նման միջազգային հարթակները փորձի փոխանակման, դասեր քաղելու հիանալի հնարավորություն են, դեպի երկարատեւ կայունություն եւ աղետակայուն ապագա տանող ճանապարհ:

Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանի խոսքով, այս պահին 25 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, արդեն համաձայնել է մասնակցել ֆորումին: Միջազգային այս հավաքի նախապատրաստման համար ձեւավորվել է երկու աշխատանքային խումբ՝ կազմակերպչական խնդիրների պատասխանատու, առաջիկա տարիների ճանապարհային քարտեզի մշակման պատասխանատու: Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը երկրորդ խմբում է եւ ընտրվել է համանախագահ: Մյուս համանախագահը Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության դիմակայուն հանրության բաժնի աշխատակից Ջանեթ էդվարդսն է: Բացի Հայաստանից եւ Շվեդիայից խմբում ընդգրկված են Բելառուսը, Բուլղարիան, Չեխիան, Խորվաթիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Շվեդիան, Միացյալ թագավորությունը:

Աշխատանքներն արդեն սկսվել են, եղել է մեկ հեռավար՝ առ-ցանց քննարկում: «Խնդիր է դրված ուսումնասիրելու արված աշխատանքները, վերհանել նոր ստեղծված մարտահրավերները, խնդիրները, որոնց նախկինում ուշադրություն չի դարձվել եւ մշակել նոր ճանապարհային քարտեզ, փորձել կանխատեսել հնարավոր ռիսկերը: Դժվար է, բայց պետք է անել»,- տեղեկացրեց Արմինե Հայրապետյանը:

Մշակվել է էլեկտրոնային հարցաշար, որը կուղարկվի ԱՌՆ եվրոպական ֆորումին մասնակցելու պատրաստ երկրներին: Ըստ այս հարցաշարի, երկրները կնշեն աղետների ռիսկի կառավարման ոլորտում իրենց առաջնահերթությունները: Ամենուր կան տարածաշրջանային ռիսկեր, սակայն պետք է ունենաս ազգային մակարդակում ռիսկերի քարտեզը, որ կարողանաս կազմել  ԱՌԿ տարածաշրջանային պատկերը:

ԱՌՆ ոլորտում առաջիկա տարիների ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքային խմբի հիմնական հանդիպումը նախատեսված է 2021 թվականի փետրվարին: Դրանից հետո քննարկումներ էլի կլինեն, հոկտեմբերին պետք է պատրաստ լինի ճանապարհային քարտեզի վերջնական նախագիծը, որը կուղարկվի մասնակից բոլոր երկրներին եւ միջազգային կառույցներին: Նոյեմբերի ֆորումին կքննարկվի եւ կհաստատվի հենց այս ճանապարհային քարտեզը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Արմինե Հայրապետյանի խոսքով, իրենց աշխատանքային խմբում տարիների փորձ ունեցող մասնագետներ են հավաքվել, ինչը հաջողության հասնելու գրավական է: Իսկ Շվեդիայի հետ աշխատանքային նույն խմբի համանախագահ լինելը կարող է օգտակար լինել Հայաստանին, քանի որ հենց շվեդ փորձագետների մասնակցությամբ է Հայաստանում իրականացվում «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը: