Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 3

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 3

3761
Տարածել

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 227-հոգանոց կամավորական գումարտակը մասնակցել է ռազմական գործողությունների եւ մարտական հերթապահություն իրականացրել Ասկերանի շրջանի Սարուշեն-Ներքին Սզնեք գյուղերի հատվածում։ Պատվով կատարելով մարտական խնդիրը՝ գումարտակը ողջ անձնակազմով վերադարձել է տուն։

Պատերազմի մասնակիցների հետ զրուցել ենք խրամատում անցկացրած առօրյայի եւ ապագայի մասին։

Բանակի ուժը սկսվում է զինանոցից

 

Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հարություն Հակոբյանը եղել է ԱԻՆ գումարտակի շտաբի պետը։ Պատերազմ գնալը նախկին զինվորականի եւ գումարտակի հրամանատարի համար պատասխանատվության հարց էր։ Պաշտպանության նախարարությունում ծառայության 15 տարվա փորձն օգնեց մարտավարական տարբեր հնարքներ կիրառել, եւ հակառակորդն այդպես էլ չիմացավ, թե ինչ անձնակազմ է տեղաշարժվում, ինչ քանակի։ «Մեզ տրամադրված քարտեզից իրականում ոչինչ չկար։ Ամեն ինչ ավերվել էր։ Սկսել ենք գերաններով դիրքեր սարքել, երեք օրը մեկ այդ դիրքերը փոխել։ Մեզ շատ ջոկատներ միացան, որոնք նահանջել էին։ Դարձանք մոտ 400 հոգի՝ ծանր հրետանիով, զրահատեխնիկայով»,- պատմում է շտաբի պետը։

Ամեն օր դիրքերում է եղել, խոսել փրկարարների հետ։ Ասում է՝ երկու օրը բավարար էր նրանց՝ իրավիճակին հարմարվելու համար, նույնիսկ խնդրում էին հերթափոխություն չանել։ Վարորդներ Տիգրանն ու Աշոտը կարողացել են առանց մեքենայի լուսարձակները միացնելու գիշերը մոտ 30 կմ կտրել, եթե անգամ մի մարտկոց է պետք եղել։ Նոր բացված անտառամիջյան ճանապարհով թիկունքից ամեն օր սնունդ է հասել դիրքեր։

Հարություն Հակոբյանը ժպիտով վերհիշում է, թե ինչպես էին մինչեւ գումարտակի ընդլայնվելը հստակ հաշվել մոտակա գյուղի ընտանի կենդանիներին, որպեսզի մեկը չպակասի։ Երբ իրենց այլ մարդիկ էին միացել, պարզվել էր, որ 1500 հավից երկուսը չկան։ «Գիշերով հավ էինք ման գալիս, որ պակասը լրացնենք, որ ժողովրդի առաջ գլուխ չկախենք։ Երբ տարհանվածները վերադարձան, ունեցած անասունը մորթեցին՝ ի նշան երախտագիտության։ Պատերազմում նոր շրջապատ ձեռք բերեցի, սովորեցի կտրվել համացանցից ու ապրել նորմալ կյանքով»,- նշում է հրամանատարը։

Ապագայի հանդեպ լավատես է․ բոլորս պետք է մեր լուման ներդնենք, լցնենք զինանոցը։ Բանակի ուժը սկսվում է զինանոցից։

«Պատերազմներ դեռ կլինեն, եւ մենք կհաղթենք»

 

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Մհեր Բաբաջանյանը նախկին զինվորական է։ Պատերազմի առաջին օրվանից որոշել էր իր գիտելիքով օգտակար լինել։ Ասում է՝ տանը բոլորը վաղուց համակերպվել են, որ դա իր մասնագիտական պարտքն է, հարցեր չեն տալիս։

Հոկտեմբերի 1-10-ը Ստեփանակերտում էր՝ հումանիտար օգնությունը բաշխելու նպատակով։ Այնուհետեւ միացավ ռազմաճակատ մեկնող ԱԻՆ գումարտակին, նշանակվեց վաշտի հրամանատար։ «Տասը տարի զինվորական եմ եղել, միակ մտահոգությունս այն էր, որ վաշտիս 40 տղաները հասնեն իրենց ընտանիքին։ Ամենքի հետ առանձին շփվել եմ, որ հասկանամ ներաշխարհը։ Անընդհատ վատ լուրեր էինք ստանում մեր ընկերների, մտերիմների մասին։ Բայց երբ տղաներս դեմքիս էին նայում, աշխատում էի կասկած ցույց չտալ։ Կարգապահությունը կարեւոր էր․ ամեն մեկը պիտի գիտակցեր, որ իր սխալից կարող են տուժել բոլորը»,- պատմում է Մհերը։

Երեք վաշտ սերտ կապի մեջ էին, անընդհատ տեղեկացնում էին միմյանց հնարավոր վտանգների մասին։ Դիրքերում բոլորը եղել են մի ընտանիքի պես, կիսել եղած հացը։ Փոխգնդապետի խոսքով՝ պատերազմը շատ բան փոխեց․ մարդիկ, որոնք «մենակ կարող էին հող ազատագրել», որոնց հետ կապված հարյուրավոր հիշողություններ կան, չապրեցին։ Ուրեմն նրանց մահը պետք է դաս լինի՝ խաղաղ ժամանակ պատերազմին պատրաստվելու, հոգեպես չկոտրվելու։ Ամեն մարդ պիտի հասկանա, որ հենց ի՛նքը պիտի պաշտպանի հայրենիքը։ Պատերազմներ դեռ կլինեն, եւ մենք կհաղթենք։

Կռիվ՝ բաց թիկունքով

 

«Երբ Երեւանի 72 –հոգանոց ջոկատի հրամանատարի տեղակալ նշանակվեցի, մինչեւ Արցախ մեկնելը տղաներին տվեցի կյանքիս ամենադժվար խոստումը․ «Բոլորս գնալու ենք ու վերադառնալու»։ Բանակում ես միշտ դիրքի պատասխանատու եմ եղել․ Տավուշում էի ծառայում։ Այդ փորձը շատ օգնեց խրամատում ենթակա աձնակազմի գործողություններն ու հանգիստը կազմակերպելու հարցում․ առանց մի քերծվածքի տուն եկանք։ Փրկարար ծառայության 11 տարին ինձ մի բան են սովորեցրել, որ ցանկացած իրավիճակում չպիտի խուճապի մատնվես, որ անձնակազմդ քեզնից օրինակ վերցնի»,- ասում է Երեւանի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Հրայր Դավթյանը։

Երեւանի ջոկատը տեղակայվել էր երեք դիրքում։ Մայորի խոսքով՝ ամեն օրն սկսվում էր հաց ու ջուր բաժանելով։ Չէին թողնում, որ ինչ-որ բանի կարիք զգացվի։ Փրկարարներն իրար ընկեր էին, եղբայր․ «նույնիսկ մեկ տուփ սուրճը բաժանվում էր երեք դիրքի միջեւ»։ Գումարտակը պաշտպանական մարտեր էր տանում «բաց թիկունքով», բայց ոչ ոք հետքայլ չարեց։

Պատերազմը փոխել է բոլորի աշխարհայացքը․ շատ հարցերում այլեւս չես մանրանում, մյուսներն սկսում ես իմաստավորել։ Հրայրը ժպիտով վերհիշում է 6-ամյա որդու հետ իր զրույցը․ «Երբ դեռ կամավորագրվելու թույլտվություն չէինք ստացել, տղաս հարցրեց․ «Պապա՛, դու ինչի՞ Ղարաբաղ չես գնում»։ Ասացի, որ գնալու եմ։ Նախատեց, թե բոլորն այնտեղ են, ես մնացել եմ։ Երբ արդեն Արցախում էինք, զանգեցի, տղաս բողոքեց․ «Պապա՛, ու՞ր ես, քանի օր ա՝ տուն չես գալիս»։ Իմացավ , որ վերջապես գնացել եմ, անհանգստացավ, թե ոնց եմ իր ասածը սրտին մոտ ընդունել»։

Հրամանատարը վստահ է, որ միայն խոսքից գործի անցնելով եւ համախմբվելով կարող ենք հաղթանակ տանել, ազատագրել մեր հողերն ու մեր ոգին բարձրացնել։ Հայը չի կարող մեջքը կոր ապրել։

«Դժվար է զինվորին խրամատից հանելը»

 

«Նաիրիտ» գործարանի պահպանության թիվ 12 հատուկ ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Հովհաննես Ղազազյանը ռազմադաշտում դասակ է առաջնորդել։ Ասում է՝ երբ մարտական գործողությունների ընթացքում հրամանատար ես, քո անձը մոռանում ես։ Պետք է կարողանաս անձնակազմին մի գաղափարի շուրջ համախմբել։ Իր դասակը հստակ գիտակցում էր իրավիճակն ու հասկանում, որ կլինեն դժվարություններ։ Բայց այդ ամենը չնչին էր հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի հանդեպ։

Երկու օրում զրոյից խրամատ են կառուցել, կահավորել։ Ամբողջ ցերեկ հերթապահում էին դիրքում, իսկ գիշերն՝ աննկատ անցնում ինժեներական աշխատանքի։ Երկու օրում դիրքը բերվեց մարտական վիճակի, տղաներն ունեցան կացարան։ «Շատ դժվար է զինվորին խրամատից հանելը․ նա ուզում է ամեն ինչին մասնակցել, ամեն ինչ տեսնել։ Մեր դիրքն ավելի բարձր էր, քան մյուսները․ թշնամու տեղաշարժն այնտեղից էինք ուսումնասիրում։ Մի գիշեր չափից դուրս հանգիստ էր․ ինչպես եւ սպասում էինք, ուժեղ հրետանային կրակ թափվեց մեզ վրա։ Ամենածանր գիշերն էր»,- վերհիշում է հրամանատարը։

Բոլորն ունեին ընտանիք, բայց այդ պահին արժանապատվությունն ու պատասխանատվությունը բարձր էին ցանկացած վախից։ Գումարտակից ոչ ոք չլքեց իր դիրքը, իսկ վերադարձին Պաշտպանության բանակին հանձնեցին նախնական բնագծից 1,7 կմ ավելի տարածք։

Խաղաղությունն անգին է՝ ասում է Հովհաննեսը։ Կյանքի արժեւորումը սկսում է պատերազմի դաշտից։ Գիշերային հերթափոխից վերադարձող ընկերոջդ համար մի կտոր հաց ու թեյ դնելու հոգատարությունը սկսվում է պատերազմի դաշտից․ «Պետք է հետեւություններ անել, բոլոր սերունդներին անընդհատ պատրաստել, որ պահեն մեր փոքրիկ երկիրը։ Միայն կազմակերպված մարդն է ունակ խնդիր կատարելու։ Վստահ եմ՝ հաջորդ իսկ կանչին նույն վաշտով գնալու ենք՝ մեր կիսատ թողածն ավարտելու»։

Պատերազմից հետո ամենասպասված պահը տունդարձն էր ու երկու զավակներին գիրկն առնելը։ Երեխաները հեռու են քաղաքականությունից․ եթե հայրիկը տուն է եկել, ուրեմն հաղթել է թուրքին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են փրկարարները: Կարդացեք նաեւ՝

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 1

ԱԻՆ գումարտակը արցախյան երկրորդ պատերազմում- 2