Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները, իսկ երեխային՝ հանել պահարանից

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները, իսկ երեխային՝ հանել պահարանից

2181
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 369 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 55 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ կանչ:

Փրկարարները 127 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Շենգավիթ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Կենտրոն վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 38 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 44 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 4 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 200 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տիգրանյան փողոցում շունը բարձրացել է շենքերից մեկի 5-րդ հարկ, քաղաքացիները չեն կարողանում բնակարանից դուրս գալ: Փրկարարները շանն իջեցրել են եւ տեղափոխել քաղաքապետարանի թափառող կենդանիների հավաքման կենտրոն:

Երեւանի տարբեր վարչական շրջաններում փրկարարները հեռացրել են տանիքներից կախված սառցալեզվակները:

Աբովյան քաղաքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հանրապետության փողոցի բնակարաններից մեկում 3 տարեկան երեխան արգելափակվել է պահարանում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բացել են պահարանի դուռը եւ անվնաս ազատել երեխային: