Գլխավոր Միջոցառումներ Նոր փրկարարական տեխնիկա Արցախի փրկարարներին Ռուսաստանի փրկարարներից

Նոր փրկարարական տեխնիկա Արցախի փրկարարներին Ռուսաստանի փրկարարներից

2222
Տարածել

Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Երեկ Արցախ է հասել ռուսական  հերթական օգնությունը՝ նոր ու ժամանակակից փրկարարական տեխնիկա: 44 օր տեւած ռազմական գործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել եւ վնասվել էր նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության վարչական տարածքը, տեխնիկան: Նոր գույքը ծառայության աշխատանքը կդարձնի ավելի անվտանգ ու արագ: Արցախի փրկարարների տեխնիկական պարկը համալրվել  է արդի չափանիշներին համապատասխան «Կամազ» եւ «Ուրալ» մակնիշի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական  6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4  հատ  «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿԱՄԱԶ» ավտոկռունկով:

Սրան զուգահեռ ռուս փրկարարները հետպատերազմյան Արցախում մարդասիրական տարբեր ծրագրեր են իրականացնում: Պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց: Ռուս սակրավորական ջոկատները ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Արցախի իշխանությունների եւ ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության նախարար Եվգենի Զինիչեւին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն եւ իհարկե որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպելու եւ մասնակցելու համար առանձնապես  շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

Արցախում ռուս փրկարարների կազմակերպած անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ

Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները

Ռուս փրկարարները շարունակում են Արցախի բնակֆոնդի եւ սոցիալական ենթակառուցվածքների ստուգումները