Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախի փրկարարները փրկել են անհետ կորած համարվող զինծառայողների

Արցախի փրկարարները փրկել են անհետ կորած համարվող զինծառայողների

2459
Տարածել

Դեկտեմբերի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է 1074 զանգ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին: Տրամադրվել է շուրջ 114 խորհրդատվություն:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման եւ ոչնչացման նպատակով ստացվել է 42 կանչ: Սակրավորական ջոկատները, Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ սակրավորները, Արցախում գործող «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը եւ Halo trust  ոչ կառավարական կազմակերպությունը շարունակում են աշխատել՝ Արցախի բնակավայրերն ու տարածքները առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։

Անցած շաբաթ հրդեհի 5 դեպք է արձանագրվել: Պատճառները հիմնականում էլեկտրականության կարճ միացումներն ու հաճախակի տատանումներն են։

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար: Տուժածներ չկան։

Կենցաղային 32 կանչերին ծառայության ստորաբաժանումները համապատասխանաբար արձագանքել են, օգնություն եւ աջակցություն ցուցաբերել  արցախցիներին։

ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն ամբողջ շաբաթվա ընթացքում շարունակել են  որոնողափրկարարական աշխատանքները, որոնց արդյունքում դեկտեմբերի 20-ին հայտնաբերվել եւ հայրենիք է վերադարձվել 70 օր անհայտության մեջ գտնվող 6 ժամկետային զինծառայող։

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ: