Գլխավոր Ուսուցողական նյութեր Մարդասիրական օգնության կազմակերպման եւ տրամադրման առանձնահատկությունները

Մարդասիրական օգնության կազմակերպման եւ տրամադրման առանձնահատկությունները

2193
Տարածել

Տարաբնույթ աղետների, ռազմական գործողությունների, հակամարտությունների արդյունքում տարբեր տարածաշրջանների, պետությունների, մարզերի կամ համայնքների բնակիչները հայտնվում են ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական ծանր վիճակում: Խախտվում է նրանց բնականոն կենսագործունեությունը՝ մարդիկ զրկվում են կենսաապահովման տարրական միջոցներից եւ ծառայություններից, խախտվում է նրանց արժանապատիվ եւ անվտանգ ապրելու իրավունքը: Նման իրավիճակներում հայտնված պետությունները ոչ միշտ են կարողանում սեփական ուժերով եւ միջոցներով բավարարել տուժած բնակչության կարիքները: Մարդասիրական օգնության դերն այս հարցի արդյունավետ լուծման համար առանցքային է:

Մարդասիրական օգնությունն անհատույց օգնության տեսակ է, որը տրամադրվում է անշահախնդրորեն եւ ըստ անհրաժեշտության: Հիմնական նպատակներն են.

· արտակարգ իրավիճակերի (այդ թվում՝ աղետալի հետեւանքներով), զինված հակամարտությունների, ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակչության փրկության եւ գոյատևման ապահովումը, ինչպես նաեւ նրանց առողջության պահպանումը:

· վնասված ենթակառուցվածքների վերականգնումը եւ տնտեսական գործունեության շարունակական ապահովումը:

· բնակչության կենսաապահովման կազմակերպման աջակցումը՝ օգնելով հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերականգնել տուժած բնակչության նյութական միջոցները, հատուկ ուշադրություն դարձնելով այն մարդկանց, ովքեր ավելի շատ օգնության կարիք ունեն:

Մարդասիրական օգնությունը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա.

· մարդասիրություն,

· անաչառություն,

· չեզոքություն:

Արդյունավետ մարդասիրական օգնությունը պետք է հիմնված լինի տվյալ իրավիճակի բազմակողմանի, խորը ուսումնասիրման եւ անաչառության վրա: Պետք է իրականացվի իրավիճակի լիարժեք գնահատում, մշտադիտարկում եւ վերլուծություն: Մարդասիրական օգնությունը կարող է կազմակերպվել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ուժերով: Միջազգային օգնությունը կազմակերպվում է միջազգային հանրության կողմից` պետական եւ մասնավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատական խմբերի միջոցով:

Միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպմամբ, հիմնականում բաժանվում են երեք խմբի.

1. կազմակերպություններ, որոնք զբաղվում են արտակարգ իրավիճակներում եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գիտատեխնիկական եւ նորարարական մշակումների իրականացմամբ եւ ներդրմամբ,

2. կազմակերպություններ, որոնք զբաղվում են աղետների կանխատեսմամբ,

3. կազմակերպություններ, որոնք ցուցաբերում են փրկարարական եւ մարդասիրական օգնություն:

Մարդասիրական օգնությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական համընդհանուր սկզբունքների եւ մարդասիրական գործունեության կանոնադրության վրա: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, մարդասիրական օգնության կազմակերպումը հիմնականում իրականացվում է հետեւյալ միջազգային կառույցների կողմից` Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), ՅՈւՆԵՍԿՕ, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա, ԻՆՍԱՐԱԳ եւ այլն:

Մարդասիրական օգնության արդյունավետ կազմակերպումը ենթադրում է հետեւյալ միջոցառումները՝ օգնության տեսակների մասին անհրաժեշտ տեղեկատվության ապահովում, տեղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ փոխհամագործակցություն, անմիջական կապ տուժած բնակչության հետ, մարդասիրական օգնության բաշխում եւ այդ գործընթացի վերահսկողություն:

Հայաստանի Հանրապետությունն ամենամեծ ծավալով մարդասիրական օգնությունը ստացել է 1988թ.-ին` Սպիտակի երկրաշարժից հետո։ 100-ից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, մարդասիրական օգնություն տրամադրեցին Հայաստանին: Այլ պետություններից Հայաստան ժամանեցին ավելի քան 40 հազար տարբեր մասնագետներ` փրկարարներ, բժիշկներ, շինարարներ եւ այլն: Տուժած բնակչությանը տրամադրվեց կենսաապահովման առաջնային միջոցներ` սնունդ, հագուստ, դեղորայք, վրաններ եւ այլն: 1990թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի օգնության հիմնադրամ էր փոխանցվել շուրջ 35 մլն դոլար:

Հայաստանը եւս ակտիվորեն ներգրավված է մարդասիրական օգնության տրամա-դրման գործընթացներում: 2018թ. հուլիսից Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվել 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով:

Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել 2012 թ-ի օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունից հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ եւ բացովի 100 մահճակալ։

Հայաստանն ունի բնական վտանգավոր երեւույթներից տուժած երկրներին օգնություն ցուցաբերելու բավականին մեծ պատմություն: 2011թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ որպես մարդասիրական օգնություն, Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին է ուղարկվել 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ): 2011 թ. ապրիլին 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրվել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած Ճապոնիային: 2010թ. 28 հայ հրշեջ-փրկարար եւ 4 միավոր տեխնիկա 15 օր շարունակ մասնակցել են Ռուսաստանի Դաշնության տարածքում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: 2005թ. սեպտեմբերին 200 հազար ամերիկյան դոլարի օգնություն է տրամադրվել ԱՄՆ-ում Կատրինա փոթորկից տուժած մարդկանց: 2004թ. 25 մլն դրամի մարդասիրական օգնություն (բուժամիջոցներ, տաք ծածկոցներ, շարժական գեներատորներ) է տրամադրվել դեկտեմբերին Շրի Լանկայում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանը: 2003 թ. Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների 37-հոգանոց խումբ, 1 տոննա դեղորայք եւ խմելու ջուր է ուղարկել Իրան:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Անի Տերտերյանի «Մարդասիրական օգնության կազմակերպման եւ տրամադրման առանձնահատկությունները» հոդվածի հիման վրա։