Գլխավոր Սպիտակ-30 Սպիտակի հրշեջ-մաս․ հինգ ընտանիքի ապրած-չապրած օրերից

Սպիտակի հրշեջ-մաս․ հինգ ընտանիքի ապրած-չապրած օրերից

2398
Տարածել

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ աշխատանքային սովորական առավոտ, երբ մի բրդուճով երեխաներին դպրոց ճանապարհելուց հետո ցրտից նախշված պատուհանների հետեւում այլեւս շարժ չկար, զոհվեց Սպիտակի հրշեջ-մասի վեց ծառայող։

2010 թվականին նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարը ջոկատի ամեն այցելուի առաջին կանգառն է։

Սանամ Համբարյան (պատմում է քույրը՝ Ալվարդ Համբարյանը

Գանգրահեր, խոժոռ աչքերով Սանամը ծնվել էր 1956 թվականին Արեւաշող գյուղում, հանգամանքների բերումով որդեգրվել հորեղբոր կողմից։ Օրերից մի օր մայրը, կարոտին չդիմանալով, ճամփա է ընկնում զավակի հետեւից։ Աղջիկն ավարտում է Ս․Օրջոնիկիձեի անվան գյուղակադեմիայի հաշվապահական կուրսը, աշխատանքի անցնում Արեւաշողի կարի ֆաբրիկայում, ապա՝ Սպիտակի հրշեջ-մասում՝ որպես հեռախոսավար։

Ձեռագործի վարպետ էր, սուտն ու բամբասանքը ցածրագույն արժեք էր համարում։ Նրան հաճախ կարելի էր հանդիպել՝ մի բարձի թիկնած, գրքի ամեն բառն արտատպող հայացքով։

Արու զավակի կյանք տվեց՝ Ռաֆիկին։ Ամուսինը մեկնեց արտերկիր ու չվերադարձավ։ Ծառայությունից ազատ ամեն րոպեն Սանամը որդուն էր նվիրում։

1988 թվականի ձմռանը Ռաֆիկը երկրորդ դասարանում էր, տունդարձին հաղորդեցին, որ մայրը հիվանդանոցում է։ Տարիներ անցան ծանր սպասումով։ Մորաքույրը դարձավ նրան ապավեն, դժվարությամբ մեծացրեց եւ ուսման տվեց։ Այժմ երկու զավակի հայր է։

Երկրաշարժից հետո Համբարյանների փլուզված հայրենական տան տեղում նորը կառուցվեց, որի պատերի ներսում վաղուց հաշտվել են անցյալն ու ներկան։

Արմենակ Գեւորգյան (պատմում է կինը՝ Գյուլվարդ Պողոսյանը)

Լավագույն հրշեջ՝ այսպես էին կնքել արեւաշողցի, 1962 թվականին ծնված Արմենակ Գեւորգյանին, որի շնորհիվ 80-ականներին Սարահարթ գյուղում բռնկված մեծ հրդեհից ոչ մի զոհ չեղավ։

Բազմանդամ ընտանիքի ապրուստը վաստակելու համար տղամարդը միաժամանակ հրշեջի եւ մասնավոր վարորդի աշխատանք էր անում։ Երկու դստրերին շատ էր երես տալիս, բայց սրտի խորքում փափագում, որ հաջորդը տղա ծնվի։

«Թե՛ իմ, թե՛ շրջապատի հանդեպ նրա վերաբերմունքը յուրահատուկ էր․ ամեն մեկի հետ իր լեզվով էր խոսում։ Մեր հարսանիքը գյուղում միակն էր, որ նկարահանվեց։ Կիսատ, անորակ կադրեր էին, բայց մեջը շատ սեր կար»,- վերհիշում է տիկին Գյուլվարդը։

Գյուղատնտեսության չարչարանքը ամուսնու սրտով չէր․ մարդկանց փրկելն էր իր առաքելությունը։ 1980-ականներին լենինականցի մի խումբ «վրիժառուներից» թաքցրել էր Սարամեջ գյուղում բնակվող ադրբեջանցիներին, որոնց հետ ժամանակին մի կտոր հաց էր կիսել։ Երբեք չէր մոռանում, թե ինչպես կիրովականցի երիտասարդները, որոնց մեքենան վերանորոգել էր ու ցրտից պատսպարել հրշեջ մասում, գողացել էին իր ոսկե մատանին։ Ամեն անգամ պատմում էր ու զարմանում այդ անմարդկային վերաբերմունքից։

Կինը կարի ֆաբրիկայում էր աշխատում։ Որոշել էին դեկտեմբերի 7-ին հիվանդանոց գնալ՝ «երեխայի բյուլետեն» բացելու։ Տունը փլուզվեց, եւ ոտքի ծանր վնասվածքով հղի կնոջը տարան Մոսկվա՝ վիրահատության։ Ամուսնու հուղարկավորությունը չտեսավ։ Մեկ ամիս անց ծնվեց որդին, որին հոր անունով կոչեցին։

Հաշմանդամ դարձած մայրը մենակ մեծացրեց երեք զավակին, աղջիկներին կնության տվեց, իսկ տղան դարձավ օրենքի պահապան։ Ասում են՝ ամեն ինչում հոր կտորն է։

Ժուկով Հակոբյան (պատմում է կինը՝ Աստղիկ Հակոբյանը)

Շրջկոմի եւ հրշեջ մասի վարորդն էր Ժուկով Հակոբյանը։ Ծնվել էր 1945 թվականին Սարամեջ գյուղում։ Վեց զավակի հայր էր, բոլորից շատ փոքրին էր սիրում․իր մոր անունն ուներ՝ Փառանձեմ։

Սիրտը լեռներում էր․ ամեն աշուն կապում էր այգու բերքն ու վաճառքի տանում թուրք «սարվորների» մոտ, որոնցից մեկի ընտանիքն իր շնորհիվ փրկվեց 1980-ականներին տեղահանության ժամանակ։

Երկրաշարժի օրը Ժուկով Հակոբյանը, սովորության համաձայն, ընդմիջմանը տուն չեկավ․ հրշեջ-մասի շենքը փլվել էր, փախչել չէր հաջողվել։ Բարեբախտաբար դպրոցում զոհեր չկային։ Ավագ դստեր մահվան մասին վշտացած մայրն օրեր անց իմացավ․ աղջիկը զոհվել էր՝ զավակի զուգագուլպաները լվացքի պարանից հավաքելիս։

Դժվարին ու ցուրտ օրերն առջեւում էին․առանց չորս պատի մնացած ընտանիքը խոտի հակերն այրելով էր տաքանում։ Առժամանակ Քասախ տեղափոխվեցին՝ անտեր թողնելով տունը, անասուններին։

Շուտով, գյուղսովետի որոշմամբ, Հակոբյաններին տնակ հատկացվեց։ Երեխաներն ավարտեցին դպրոցը, մասնագիտություն ստացան։ Մայրն ամեն ինչ արեց, որ ոչ մեկի «վիզը ծուռ չմնա»։

31 տարվա ընթացքում Ժուկով Հակոբյանի գերդաստանում 9 ծոռ եւ 14 թոռ է ծնվել։

Հասմիկ Ավետիսյան եւ Վաղարշակ Մարտիրոսյան (պատմում է ընտանիքի հարազատը՝ Ռուզաննա Վարդանյանը)

Սիսիանցի, նախկին ծովային Վաղարշակ Մարտիրոսյանը հյուսիսից հարսնացու գտավ՝ Հասմիկին։ Սպիտակում տուն ստացան, երկու զավակ ունեցան՝ տղա եւ աղջիկ։

Հրշեջ-մասում էին աշխատում, Հասմիկը՝ հաշվապահ, Վաղարշակը՝ հերթափոխի պետ։ Ռուզաննան երանությամբ վերհիշում է 1988 թվականի նոյեմբերի 7-ին իր վերջին հանդիպումը Վաղո քեռու հետ, նրա լեռնաշունչ երգն ու պարը իր ծննդյան օրվա կապակցությամբ։

Ուղիղ մեկ ամիս անց եկավ գույժը․ ամուսինները, աշխատանքից ընդմիջման գնալիս, տան փլատակներում էին մնացել։ Սպիտակի մանկապարտեզում զոհվել էր նաեւ նրանց որդին՝ Արծրունը։ 8-ամյա դուստրը՝ Քրիստինեն, ցնցումներից հետո փախել էր դասարանի պատուհանից, ապաստան գտել վրանային ավանում։ Ռուզաննան ամուսնու հետ դարձավ տալոջ աղջկա խնամակալը, նրան ուսման տվեց դեղագործական բաժնում, ամուսնացրեց։ Այսօր Քրիստինեն երեք երեխայի հետ Կրասնոդարում է բնակվում։

Վաղարշակն ու Հասմիկը հետմահու թողեցին ընտանեկան մեծ ջերմության մի անշոշափելի անկյուն, որտեղ ապրում են նրանց հարազատների հիշողությունները։

Վրեժ Թամարյան

Հրշեջ-մասում ծառայողական կարճ ժամանակահատվածի եւ հարազատների բացակայության պատճառով տեղեկություններ չկան։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ