Գլխավոր Ուսուցողական նյութեր Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առանձնահատկությունները Հայաստանում

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առանձնահատկությունները Հայաստանում

2365
Տարածել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները մշտական պատրաստության ստորաբաժանումներ են` համալրված փրկարարական ծառայողներով, հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, անհատական պաշտպանության միջոցներով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում կամ այդ գործողությունների հետեւանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու եւ ՀՀ պաշտպանությանը մասնակցելու համար։ Նրանց գործունեության իրավական հիմքն են ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ միջազգային պայմանագրերը, ՀՀ օրենքը «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», ՀՀ այլ օրենքներ եւ իրավական ակտեր:

Մեկ ստորաբաժանումում ծառայող փրկարարականները, որոնք կարող են լինել տարբեր շրջանների բնակիչներ, միմյանցից կարող են տարբերվել աշխարհընկալումով, բարբառներով, հոգեկերտվածքի տարբեր կողմերով, տարբեր մտածելակերպով, իրենց տարածաշրջանի բնակչության ու հատկապես երիտասարդության շրջանում տիրող արժեքներով․ այս ամենը միախառնվելով՝ ձեւավորվում է կոլեկտիվ իր հոգեբանական առանձնահատկություններով: Այդ իմաստով ամեն մի ստորաբաժանում իր ուրույն դեմքն ունի:

ՔՊ ստորաբաժանումն այլ տեսակի կոլեկտիվներից տարբերվում է մի շարք առանձնահատկություններով ու խնդիրներով.

1) մարտական գործողությունների ընթացքում կամ դրանց հետեւանքների վերացման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
2) արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցությունը.
4) մասնակցությունը տարածքների պաշտպանությանը, այդ թվում` իրենց լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը.
5) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

Կարգապահությունը ՔՊ ստորաբաժանմանը բնորոշ առանձնահատկություններից մեկն է, որը բոլոր փրկարար ծառայողների կողմից օրենքներով, կանոնադրություններով եւ հրամանատարների (պետերի) կողմից հաստատված կանոնակարգի խիստ եւ հստակ պահպանումն է: Կարգապահության բովանդակությունը հստակ արտահայտված է փրկարարական ծառայության կանոնագրքում: Որպեսզի թույլ չտրվեն  կարգապահության մեծ խախտումներ, հրամանատարության կողմից անհրաժեշտ է իրականացնել մանր թերությունների ժամանակին հայտնաբերում և վերացում: Վտանգավոր պայմաններում արագ կողմնորոշվելու համար հարկավոր է ավտոմատիզմի հասցված հրաման, որը կհնչի որպես բազմաթիվ անգամներ կատարածի կրկնություն:

ՔՊ ստորաբաժանման մյուս առանձնահատկությունը, որը ուժեղացնում է նրա կազմակերպվածությունը, հրամանատարի միանձնյա ղեկավարման սկզբունքն է: Ենթակաները պարտավոր են լիովին եւ անվերապահորեն ենթարկվել նրան: Այդ սկզբունքը պայմանավորված է փրկարարական կոլեկտիվի հիմնական նպատակով` բնակչության կյանքի պաշտպանությամբ, երբ անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների լարված պայմաններում սահմանափակ ժամանակում կայացնել վճռական որոշում եւ պատասխանատվություն կրել դրա համար: Կարելի է առանձնացնել կարգապահության ամրապնդման երկու հիմնական ուղղություն.

• կարգապահության դաստիարակում,
• վարքի կառավարում:

Առաջին դեպքում խոսքը վերաբերում է փրկարարների հոգեկան աշխարհում համեմատաբար կայուն անձնական որակների, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանման մեջ նույնքան կայուն սոցիալ-հոգեբանական բնութագրերի ձեւավորմանը: Կարգապահության դաստիարակության ընթացքում ամրապնդվում են փրկարար ծառայողի կամային որակները, բնավորության դրական գծերը, ձեռք են բերվում նոր` իր ծառայությանը, եւ ընդհանրապես, կյանքին անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ, հմտություններ եւ կարգապահ վարք դրսեւորելու սովորություն: Վարքի կառավարումը ենթադրում է, որ արտակարգ իրավիճակների կոնկրետ պահին փրկարար ծառայողի կարգապահ գործելու դրդապատճառը ժամանակի ընթացքում պարբերաբար կրկնվելով ընդհանրացվում է, ամրապնդվում եւ տարածվում այլ իրադրությունների վրա եւս:

Կարգապահության ձեւավորման նշանակալի մեթոդներից է շարային պատրաստությունը: Փորձը ցույց է տվել, որ շարային պատրաստությունը կոփում եւ առնականացնում է փրկարար ծառայողներին, նրանց մեջ դաստիարակում կարգապահության եւ զսպվածության որակներ, սովորեցնում է լինել կոկիկ եւ կազմակերպված, հմտորեն գործել թե´ շարքում, թե´ փրկարարական աշխատանքների ժամանակ: Ստորաբաժանման կարգապահությունը ձեւավորվում է առանձին փրկարար ծառայողների կարգապահությունից: Հատկապես ժամանանակից հրշեջփրկարարական բարդ տեխնիկայի շահագործումն արտակարգ իրավիճակներում մեծացնում է փոխադարձ կախվածությունն անձի եւ կոլեկտիվի միջև: Յուրաքանչյուրը տեսնում եւ զգում է իր կապը մյուսի հետ, անձնակազմի հաջողության կախվածությունն իր գործողություններից, որին հասնելը դիտում է որպես համատեղ աշխատանքի արդյունք: Ավելին, առկա է պատասխանատվության զգացումը. սխալվելու դեպքում վտանգված է բոլորի կյանքը:

ՔՊ ստորաբաժանման մյուս յուրահատկությունը բխում է նրա անդամների տարիքային առանձնահատկություններից: Առավել փորձառուները պետք է սովորեցնեն փրկարարական գործի հմտությունները երիտասարդներին:

Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից կարելի է առաջարկել, որ ՀՀ ԱԻՆ ՔՊ ստորաբաժանումների դերը ձեւավորման գործընթացում, որպես առանձնահատուկ կոլեկտիվներ, պետք է համալրել տարբեր դեպքերի, երեւույթների, գաղափարների, նպատակների ու խնդիրների, խմբային եւ անհատական դիրքորոշումների, ստորաբաժանման ներսում տիրող նորմերի, արժեքների, սովորույթների եւ ավանդույթների ու միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունք դրսեւորող անձնակազմով, որոնց ուսուցումը պետք է անցկացվի խմբային դասերի, վարժանքների, ինքնապատրաստման ձեւով, որպեսզի յուրաքանչյուրը տեսնի եւ զգա իր կապը մյուսի հետ եւ անձնակազմի հաջողության կախվածությունն իր գործողություններից։

Հրապարակումը պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Հրապարակումը պատրաստվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Անդրանիկ Ավանեսյանի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առանձնահատկությունների մասին» հոդվածի հիման վրա։