Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են անսթափ վարորդին

Փրկարարներն օգնել են անսթափ վարորդին

2482
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 327 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 79 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 11 կեղծ կանչ:

Փրկարարները 128 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Արաբկիր, Էրեբունի, ՄալաթիաՍեբաստիա, Նոր Նորք, Աջափնյակ, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 33 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 37 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 7 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին: Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 200 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Այլ կանչեր. Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Էջմիածնի Խորենացի փողոցում կայանած ավտոմեքենան խանգարում է երթեւեկին, դռները փակ են, վարորդը ներսում է, բայց չի արձագանքում: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում ավտոմեքենայում քնած է: Փրկարաները բացել են ավտոմեքենայի դուռը եւ վարորդին ցուցաբերել համապատասխան օգնություն: Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ախուրյանում մի հացատան տանիքում տնտեսական աշխատանքներ իրականացնելիս 56-ամյա տղամարդու  ինքնազգացողությունը վատացել է, նա չի կարողանում ինքնուրույն իջնել: Հրշեջփրկարարները քաղաքացուն իջեցրել են տանիքից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է: