Գլխավոր Ուսուցողական նյութեր Բերքահավաքի ժամանակ հակահրդեհային միջոցառումները՝ խորհրդային Հայաստանում

Բերքահավաքի ժամանակ հակահրդեհային միջոցառումները՝ խորհրդային Հայաստանում

2283
Տարածել

ՀԽՍՀ Ամասիայի շրջգործկոմի նախագահության նիստի արձանագրություն N 16 (Նախագահող՝ ընկ․ Ռիտա Շեխզադե, քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ընկ․ Պետրոս Մանուկյան)

Օգոստոսի 3, 1938 թ․

1938 թվականին բերքահավաքի ընթացքում հակահրդեհային պաշտպանության աշխատանքներն ուժեղացնելու եւ բերքահավաքն առանց կորուստի ու վտանգի կատարելու աշխատանքների ընթացքի մասին

(զեկ․՝ ՆԳԺԿ-ի հրշեջ տեսուչ ընկ․ Հարությունյան)

Արձանագրել, որ գյուղխորհուրդները, կոլխոզ վարչության նախագահները, շրջկենտրոնի հիմնարկ-ձեռնարկների պետերը միանգամայն անուշադրության են մատնել հակահրդեհային պաշտպանության գործը հատկապես բերքահավաքի ընթացքում, նույնը՝ հրշեջ գործիքները կարգի բերելու եւ պակաս մասերը լրացնելու գործում։ Պետք է նշել, որ շրջկենտրոնի կառավարական եւ հասարակական շենքերում չեն պահվում հրշեջ բալոններ եւ այլն։

Ելնելով վերոհիշյալ գրությունից՝ նախագահությունը որոշեց․

• Առաջարկել բոլոր գյուղխորհուրդներին եւ կոլխոզ վարչության նախագահներին կոլխոզների ունեցած բոլոր հակահրդեհային գործիքներն անձամբ ստուգել, պակաս գործիքները լրացնել եւ վերանորոգման աշխատանքներն ամենակարճ ժամանակահատվածում ավարտելով՝ բերել մարտունակ վիճակի։
• Առաջարկել բոլոր գյուղխորհուրդներին եւ կոլխոզ վարչության նախագահներին բերքահավաքի ամբողջ ընթացքում կոլխոզների հրշեջ սարայներում, կալատեղերում, հացահատիկի կամ խոտի դեզերի մոտ սահմանել 24-ժամա հերթապահություն կամավորական, հատկապես՝ հրշեջ խմբերի միջոցով։
• Կալատեղերում, հացահատիկի եւ խոտի դեզերի մոտ, նաեւ այն վայրերում, որտեղ աշխատում են կոմբայններ, ունենալ տակառներով պահեստի ջուր եւ 3-4 դույլ։
• Այն կոլխոզներում, որտեղ չկան հրշեջ խմբեր, կազմակերպել այդպիսին ու աշխատանքի դնել նրանց ՆԳԺԿ-ի հրշեջ տեսուչի ցուցումներով։
• Այն գյուղխորհուրդներում ու հրշեջ վարչություններում, որտեղ կան հեռախոսի ապարատներ, պատահարների մասին անմիջապես շրջկենտրոն հայտնելու համար հատուկ հերթապահություն սահմանել։
• Խիստ կերպով արգելել հրշեջ գործիքները այլ նպատակներով օգտագործելը, դրանք պահել մաքուր եւ պատրաստ վիճակում։
• Խիստ կերպով արգելել կալերի, հացահատիկի եւ խոտերի դեզերի մոտ դյուրավառ նյութերով կրակ վառելը եւ դեզերի մոտ երեխաների խաղալը։
• Առաջարկել բոլոր գյուղխորհուրդներին եւ կոլխոզ վարչության նախագահներին, գյուղկոոպ եւ շրջսպառկոոպ վարչության նախագահներին, բոլոր հիմնարկ-ձեռնարկների պետերին ու բաժնի վարիչներին հակահրդեհային պատահարներից խուսափելու համար  կոլխոզ պահեստներում, մեծ դպրոցների շենքերում, կոոպխանութներում եւ պահեստներում, հիվանդանոցի շենքերում պատրաստի ունենալ հրշեջ բալոններ։ Եթե այդպիսիններ չկան, կարճ ժամանակահատվածում ձեռք բերել եւ ապահովել պետական եւ կառավարական գույքերի հակահրդեհային պաշտպանության գործը՝ կազմակերպելով նաեւ կոոպերատիվներում, հիվանդանոցում, մեծ դպրոցներում կամավորական հրշեջ-խմբեր ՆԳԺԿ-ի հրշեջ տեսուչի ցուցումներով։
• Պարտավորեցնել ՆԳԺԿ-ի հրշեջ տեսուչ ընկեր Հարությունյանին բոլոր տեղերում ստուգել ու հսկել հրշեջ գործիքների դրությունը։
• Առաջարկել միլպետ ընկ․ Մինասյանին պատահարների դեպքում կատարել շտապ քննություն եւ մեղավոր անձնաց պատասխանատվության կանչելու համար գործը հանձնել դատական օրգաններին։
• Առաջարկել ՄՏԿ-ի դիրեկցիային բերքահավաքի ու կալսման աշխատանքների վայրերում վառելիք վերցնելը, ինչպես նաեւ տրակտորների շարժիչի աշխատանքի ժամանակ բաքերի մեջ վառելիք վերցնելը կատարել վառվող նյութերից (ծղոտ, խոտ եւ այլն) առնվազն 50 մետր հեռու։ Գիշերային աշխատանքների ժամանակ տրակտորների եւ ավտոմեքենաների կոմբայնների նորոգման կամ վառելիք վերցնելու դեպքում չի կարելի կրակ            վերցնել (լուցկի, մոմ եւ այլն)։
• Հանձնարարել բոլոր կոլխոզի նախագահներին կալերի համար տեղ հատկացնել ամեն տեսակ շենքերից, պահեստներից, խոտի դեզերից, չհնձված արտերից եւ այլն, առնվազն 150 մետր հեռավորության վրա։
• Հանձնարարել բոլոր կոլխոզի նախագահներին աշխատանքը կազմակերպել այնպես, որ հասկի, ծղոտի ու խոտի դեզերը դրվեն շախմատային կարգով՝ հաշվի առնելով քամու իշխող ուղղությունը, ըստ որում՝ խոտի ու հասկերի ինքնաբոցավառումից խուսափելու համար նրանց դեզերը չի կարելի դնել անձրեւի ժամանակ, կամ անձրեւից հետո՝ առանց նախապես չորացնելու։
• Հանձնարարել բոլոր կոլխոզ նախագահներին անհրաժեշտ ու մեծ ուշադրություն դարձնել հակահրդեհային ձեռնարկումներին տրակտորային կալոնաների կայաններում։ Դաշտում վառելիքի պահպանման տեղերը պետք է կառուցել ծղոտներից եւ չոր խոտից մաքրված հրապարակներում, որոնց շուրջը պետք է լինի 5 մետր լայնությամբ հերկված շերտ։
• Հանձնարարել բոլոր կոլխոզ նախագահներին հացահատիկի բոլոր պահեստներն ապահովել հակահրդեհային ձեռնարկումներով։ Հացահատիկը պետք է պահել միայն հատկապես այդ նպատակի համար նշանակված ու հարմարեցված շենքերում։
• Հանձնարարել բոլոր գյուղխորհուրդների եւ կոլխոզի նախագահներին խստիվ կերպով արգելել պահեստներում, կալերում, խոտի դեզերի մոտ, վառելանյութի պահեստների մոտ ծխելը, կրակ վառելը եւ դյուրավառ նյութերով լուսավորություն տալը: Բոլոր հացահատիկային պահեստները պետք է նախապես ապահովված լինեն ջրով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Կարդացեք նաեւ՝

Հրշեջ գործի կազմակերպումը՝ Խորհրդային Հայաստանում

Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում 

Անտառային հրդեհների դեմ պայքարը՝ Խորհրդային Հայաստանում

Հանրապետական հրշեջ կուրսեր՝ խորհրդային Հայաստանում