Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները կնոջը հանել են ձորակից

Փրկարարները կնոջը հանել են ձորակից

1892
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 324 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 57 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 11 կեղծ կանչ:

Փրկարարները 130 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Աջափնյակ, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արմավիրում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 7 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին: Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 190 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Այլ կանչեր. Լոռվա փրկարարներն ահազանգ են ստացել, որ «Լոռի» հանգստյան գոտու մոտա­կայքում քաղաքացին սարից գլորվել եւ հայտնվել է մոտ 15 մետր խորության փոսի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները 29-ամյա կնոջը դուրս են բերել ձորակից: