Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Առաջին հոգեբանական աջակցության տրամադրումը արտակարգ իրավիճակներում-8

Առաջին հոգեբանական աջակցության տրամադրումը արտակարգ իրավիճակներում-8

2528
Տարածել

Մաս առաջին

Մաս երկրորդ

Մաս երրորդ

Մաս չորրորդ

Մաս հինգերորդ

Մաս վեցերորդ

Մաս յոթերորդ

Հաղթահարում

Արտակարգ իրավիճակ վերապրած մարդիկ ցանկանում են ստանալ հստակ տեղեկություն կատարվածի, իրենց մտերիմների կամ այլ տուժածների, իրենց անվտանգության եւ իրավունքների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ է արվել իրենց օգնելու համար, ինչպես կարելի է ստանալ օգնություն եւ անհրաժեշտ պարագաներ:

Արտակարգ իրավիճակից անմիջապես հետո հստակ տեղեկություններ ստանալը բարդ է։ Ձեզ, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի միանգամից պատասխանել բոլոր հարցերին, սակայն հնարավորության դեպքում աշխատեք անել հետեւյալը․

• Ճշտեք՝ երբ եւ որտեղ կարելի է ստանալ հավաստի տեղեկություն եւ վերջնական նորություններ։
• Ձգտե՛ք ստանալ տվյալ պահին իրավիճակի մասին թարմ տեղեկություններ, տվյալներ անվտանգության հարցերի, տրամադրվող օնության, ինչպես նաեւ կորածների կամ վիրավորների գտնվելու վայրի եւ վիճակի վերաբերյալ։
• Եթե տեղում տրամադրվում է օգնություն (բժշկական, հարազատների որոնման, արյուն, սննդամթերք), համոզվե՛ք, որ մարդիկ գիտեն դրա մասին եւ կարող են այն ստանալ։
• Համոզվե՛ք, որ խոցելի մարդիկ եւս գիտեն տրամադրվող օգնության մասին։

Տուժողին տեղեկություն տրամադրելիս կարեւոր է պահպանել հետեւյալ կանոնները․

1. Ասեք միայն այն, ինչ գիտեք․ ոչինչ մի՛ հորինեք եւ մի՛ տվեք կեղծ հավաստիացումներ։
2. Օգտագործեք պարզ եւ հստակ ձեւակերպումներ եւ կրկնեք տեղեկությունը, որ համոզվեք՝ մարդիկ լսել եւ հասկացել են այն։
3. Հայտնեք մարդկանց, որ բոլոր նորությունների վերաբերյալ տեղյակ կպահեք եւ բացատրեք՝ երբ եւ որտեղ կտրամադրվի թարմ տեղեկություն։

Հիշեք, որ եթե դուք կամ ուրիշները չեք կարող ապահովել ակնկալվող օգնությունը, ապա տուժածները կարող են ձեզ ուղղել իրենց զայրույթն ու հիասթափությունը։ Նման դեպքերում փորձեք պահպանել հանգստություն եւ դրսեւորել հասկանալու կարողություն։

Հաղթահարման ադապտիվ գործողություններն օգնում են թուլացնել տագնապը, նվազեցնել այլ անհանգիստ հակազդումները, բարելավել իրավիճակը կամ օգնել մարդկանց հաղթահարել վատ ժամանակները։ Ահա հաղթահարման օգտակար մեխանիզմներ․

• Զրուցել այլ մարդու հետ՝ աջակցություն ստանալու նպատակով
• Քննարկել խնդիրները նրանց հետ, ում վստահում եք
• Ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություն
• Բավականաչափ հանգստանալ, սնվել, մարզվել
• Զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ
• Ներգրավվել շեղող դրական գործողություններում՝ սպորտ, նախասիրություններ, ընթերցանություն
• Ընդմիջումներ վերցնել, զբաղվել նրանով, ինչն օգնում է հանգստանալ՝ զբոսնել, երգել, աղոթել, խաղալ երեխաների հետ
• Նորմալ գրաֆիկը պահպանելու համար հնարավորինս իրականացնել անհրաժեշտ գործողություններ
• Առողջ սնունդ ուտել
• Շփվել ու ժամանակ անցկացնել ընկերների, ընտանիքի հետ
• Մասնակցել աջակցման խմբերին
• Ռելաքսացիոն տեխնիկաներ կիրառել
• Օրագիր վարել
• Մասնակցել կոլեկտիվ գործունեությանը

Հաղթահարման ոչ ադապտիվ գործողություններն են

• Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի օգտագործումը, ծխելը
• Գործունեությունից խուսափելը
• Ընտանիքից, ընկերներից մեկուսանալը, խուսափելը
• Առանց հանգստի չափից շատ աշխատելը
• Չափազանց բարկանալը, բռնություն գործադրելը
• Չափազանց ինքնամեղադրանքը կամ շրջապատողներին մեղադրելը
• Չափից շատ հեռուստացույց դիտելը կամ համակարգչային խաղեր խաղալը
• Վտանգավոր կամ ռիսկային գործողություններ կատարելը եւ այլն։

Ռելաքսացիոն տեխնիկա

1. Քթով դանդաղ ներշնչեք եւ հանգստությամբ զգացեք՝ ինչպես է օդը լցվում ձեր թոքերը եւ իջնում փորի ուղղությամբ։
2. Ինքներդ ձեզ ասեք․ «Իմ մարմինը լցված է հանգստությամբ»։ Բերանով դանդաղ արտաշնչեք եւ հանգստությամբ զգացեք՝ ինչպես է օդը լցվում ձեր թոքերը եւ իջնում ստամոքսի ուղղությամբ։
3. Ինքներդ ձեզ ասեք․ «Իմ մարմինն ազատվում է լարվածությունից»։
4. Հինգ անգամ դանդաղ ու հանգիստ կրկնեք վերոնշյալը։ Օրվա ընթացքում կրկնեք այնքան, որքան կարիքն ունենաք։

Երեխաների դեպքում շնչառական վարժության ժամանակ առաջնորդեք եւ ուղղորդեք նրանց․

• Արի՛ փորձենք շնչելու տարբեր ձեւեր, որոնք կօգնեն հանգստացնել մեզ ու մեր մարմինները։
• Մի ձեռքդ դիր ստամոքսիդ, ինչպես ես (ցույց տվեք՝ ինչպես)։
• Լավ, իսկ այժմ մենք շնչելու ենք քթով։ Երբ ներշնչենք, մեր ստամոքսը բարձրանալու է եւ դառնալու ավելի արտահայտիչ, ահա այսպես (ցույց տվեք՝ ինչպես)։
• Հետո բերանով արտաշնչելու ենք։ Արտաշնչելիս մեր ստամոքսը ձգվելու է,ահա այսպես (ցույց տվեք՝ ինչպես)։
• Երբ կհաշվեմ մինչեւ երեքը, մենք միասին կսկսենք շատ դանդաղ ներշնչել։ Եվ դանդաղ կարտաշնչենք, այդ ժամանակ նույնպես ես կհաշվեմ մինչեւ երեքը։
• Այժմ արի միասին փորձենք։ Հիանալի է։

Բարկության կառավարմանն ուղղված օգնություն

Սթրեսով լի հետաղետային իրավիճակները կարող են նյարդայնացնել մարդկանց եւ դժվարացնել բարկության կառավարումը։ Բացատրեք նրանց, որ բարկությունն ազդեցություն է թողնում իրենց ողջ կյանքի վրա՝ ընկերների, ընտանիքի անդամների եւ այլոց հետ հարաբերություններում։ Տուժածի հետ մտածեք բարկությունը կառավարելու տարբերակ, օրինակ, մարզվել, օրագիր պահել, որտեղ կարելի է նկարագրել հույզերը, արտահայտել դրանք, խոսել բարկություն առաջացնող երեւույթների մասին։ Եթե բարկացած մարդը դառնում է անկառավարելի եւ բռնություն է կիրառում, դիմեք հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին եւ ապահովեք ձեր անվտանգությունը։

Ուժեղ բացասական հույզերի կառավարում

Արտակարգ իրավիճակից հետո տուժածերը մտածում են, որ իրենք են մեղավոր դրա համար կամ իրենց վարքը կամ հակազդումը սխալ է եղել տրավմատիկ իրողության ժամանակ, այդ պատճառով մեղքի կամ ամոթի ուժեղ զգացում են ունենում։ Բացատրեք նրանց, որ իրենց մեղավորության միտքը կարող է չհամապատասխանել իրականությանը։ Օգնեք պարզաբանել թյուրընկալումը։

Օգնություն քնի խանգարումների դեպքում

Քնի կարգավորմանն ու վերականգմանը կարող են նպաստել․

• Ամեն օր միեւնույն ժամին քնելն ու արթնանալը
• Ալկոհոլ չօգտագործելը
• Ցերեկը եւ երեկոյան կոֆեին պարունակող նյութերի օգտագործումը բացառելը
• Պարբերաբեր մարզվելը (բայց ոչ քնելու ժամերին մոտ
ժամանակահատվածում)
• Քնելուց առաջ ռելաքսացիոն գործունեությամբ զբաղվելը՝ երաժշտություն լսել, մեդիտացիա եւ այլն։
• Սահմանափակել ցերեկային քունը, իսկ 16:00-ից հետո՝ բացառել

Ալկոհոլից, թմրամիջոցներից եւ հոգեմետ նյութերից կախվածության դեպքում

• Բացատրեք տուժածին, որ հաճախ արտակարգ իրավիճակից հետո մարդիկ սկսում են նման նյութեր օգտագործել վատ հույզերը ճնշելու նպատակով։
• Խնդրեք ներկայացնել իր պատկերացումները՝ ինչպես է ալկոհոլն օգնելու հաղթահարել իրավիճակը՝ նշելով դրական եւ բացասական կողմերը։
• Քննարկեք վարքի փոփոխությունները։
• Եթե տուժածի համար ընդունելի է եւ անհրաժեշտ, նրան ուղղորդեք համապատասխան ծառայություն, որտեղ օգնում են հաղթահարել կախվածությունները։

Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստվել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի հիման վրա