Գլխավոր Միջոցառումներ Հանուն Արցախի բնակչության առավելագույն հարմարավետության

Հանուն Արցախի բնակչության առավելագույն հարմարավետության

2024
Տարածել

Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցեր:

Կարեն Սարգսյանը կարեւորել է հրթիռակոծության հետեւանքով ավերված բնակավայրերի արագ վերակառուցումն ու վերանորոգումը, այս հարցում Ռուսաստանի մտահոգությունը, հետեւողականությունը, նյութական օժանդակությունը:

Արցախի քաղաքաշինության նախարարությունը վնասների չափագրման որոշ աշխատանքներ արդեն իրականացրել է: Ռուսաստանի փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովը կձեւավորի խմբեր, որոնք կշրջեն բոլոր բնակավայրերով ու կգույքագրեն բոլոր վնասները:

Նախապատվությունը տրված է կենսական կարեւոր նշանակության համակարգերի՝ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարման, ինտերնետի եւ հեռախոսակապի հաղորդակցությունների վերականգնմանը, բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների վերանորոգմանը, դպրոցական եւ նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների եւ ճանապարհների վերակառուցմանը:

Կարեն Սարգսյանի խոսքով, աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի մեր բնակչության համար ստեղծենք առավելագույն հարմարավետություն:

Տեղեկանք

Ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբը Արցախ է ժամանել նոյեմբերի 16-ին՝ տեղի բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, կապի մասնագետներ եւ այլք: Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա եւ դաշտային ճամբար: Ռուսաստանը պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի եւ տրամադրել օդանավ-հիվանդանոց։

Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն