Գլխավոր Միջոցառումներ Արցախցի ոչ մի փրկարար առանց աշխատանքի չի մնա

Արցախցի ոչ մի փրկարար առանց աշխատանքի չի մնա

2985
Տարածել

Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը քիչ առաջ ծառայության պատասխանատուների եւ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Ծառայության ղեկավարն ի մի է բերել պատերազմական օրերին կատարած աշխատանքն ու հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների մասին:

Կարեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ծառայության անձնակազմին պատերազմի ամբողջ ընթացքում թիկունքում կատարած ահռելի ու չափազանց կարեւոր աշխատանքի համար, ընդգծել, որ դժվար ժամանակներում այս ամենը հաջողել ենք միասին՝ համընդհանուր համերաշխության շնորհիվ:

Պատերազմի ընթացքում ծառայությունը մարդկային 4 կորուստ է ունեցել, նրանց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում. «Մեր ծառայության անմահացած հերոսները ցուցաբերած բացառիկ արիության, կյանքի գնով կյանք փրկելու պատրաստակամության եւ դրսեւորած սխրագործություններով՝ ցույց տվեցին իսկական փրկարարի լավագույն օրինակը»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ առողջություն մաղթել վիրավորված փրկարարներին:

Ամբողջ անձնակազմը մեկ մարդու պես կանգնեց իր դիրքում եւ իր աշխատանքով եւս մեկ անգամ շահեց ժողովրդի վստահությունը: Ծառայության ղեկավարն ընդգծել է հատկապես կանանց ներկայությունը, ովքեր ճգնաժամային կառավարման կենտրոնում 24-ժամյա ռեժիմով պատասխանում եւ օգնություն էին ցուցաբերում մեր հայրենակիցներին, ոչ միայն մայրաքաղաքում, նաեւ շրջանային բաժիններում: Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց պատասխանատվությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգեւատրման:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Հադրութի, Շուշիի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ծառայողների հարցը: Կարեն Սարգսյանը նշել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու:

Հանդիպման ավարտին գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել անձնակազմին, նշել, որ փրկարարները կշարունակեն իրենց առաքելությունը՝ ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրում դժվար ժամանակներ են: