Գործնական օգնություն
Արտակարգ իրավիճակում հայտնվելն ու դեպքից հետո առկա դժվարությունները հաճախ ուղեկցվում են հույսի կորստով։ Տրավմատիկ ապրումներն առավել արդյունավետ են հաղթահարում մարդիկ, որոնք ունեն հետեւյալ բնութագրիչներից մեկը կամ մի քանիսը․
• Լավատեսություն
• Վստահություն, որ կյանքը կանխատեսելի է
• Համոզմունք, որ ամեն ինչ կստացվի իր սպասումներին համապատասխան
• Հավատքի վրա հիմնված ուժեղ համոզմունքներ
• Դրական համոզմունք (օրինակ՝ «Ես բախտավոր եմ, ինձ ամեն ինչ հաջողվում է»)
• Ռեսուրսներ՝ տուն, աշխատանք, ֆինանսներ։
Անհրաժեշտ ռեսուրսներ գտնելու հարցում մարդկանց աջակցելը կարող է մեծացնել հույսի զգացումը եւ վերականգնել արժանապատվությունը։ Օգնեք տուժածներին կրկնել հաջողված փորձը եւ վերագտնել շրջապատի վերահսկողության զգացումը, ինչն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակից հետո հաջող վերականգնման համար։ Որքան կարող եք, օգնեք տուժածին սահմանել կարիքները, քանի որ սթրեսային եւ դժվարություններով լի հանգամանքներում խնդիրների լուծումն առավել բարդ կարող է լինել։
Մարդկանց օգնելով բավարարել իրենց հիմնական կենսական պահանջմունքները՝ պետք է հաշվի առնել հետեւյալը․
1. Փորձեք օգնել տուժածին բավարարել իր առաջնահերթ կարիքները՝ սնունդը, ջուրը, կացարանը եւ սանիտարական հարմարությունները։
2. Իմացեք, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ՝ բուժօգնություն, հագուստ կամ նորածինների կերակրման համար հարմարություններ (ծծակներ, շշեր) եւ աշխատեք նրանց ուղղորդել այնտեղ, որ նրանք կարողանան ստանալ հասանելի օգնություն։
3. Համոզվեք, որ խոցելի կամ մարգինալացված մարդիկ անուշադրության մատնված չեն։
4. Եթե խոստացել եք հետեւել մարդկանց ցանկությունների իրականացմանը, պահեք ձեր խոստումը։
Գործնական օգնության տրամադրումը բաղկացած է հետեւյալ չորս քայլից․
ա) Առաջնային կարիքների դուրսբերում․ Եթե տուժածը սահմանել է հատուկ կարիքներ կամ առկա խնդիրներ, ապա անհրաժեշտ է կենտրոնանալ դրանց վրա միանգամից։ Որոշ կարիքների համար կգտնվեն արագ լուծումներ (օրինակ՝ ուտելիք ստանալ, ընտանիքի անդամին զանգել եւ ասել, որ տուժածը լավ է), իսկ որոշ խնդիրներ (օրինակ՝ կորցրած հարազատին գտնելը, նախկին գործունեությանը վերադառնալը, կորցրած գույքի ապահովագրությունը ստանալը, ընտանիքի անդամների համար խնամատար ծառայություններ ստանալը) արագ չեն լուծվի, բայց տուժածը կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար (օրինակ՝ լրացնել կորած անձանց փնտրելու հայտը կամ ապահովագրության փաստաթուղթը)։
Երբ սկսեք համագործակցել տուժածի հետ, օգնեք նրան ընտրել այն խնդիրները, որոնք անհապաղ լուծում են պահանջում։
բ) Կարիքների ճշգրտում
գ) Գործողությունների ծրագրի քննարկում․ Քննարկեք, թե ինչ պետք է արվի տուժածի կարիքների բավարարման ու խնդիրների լուծման համար։ Տուժածը կարող է ասել, թե ինչ է ցանկանում, որ արվի, կամ դուք կարող եք առաջարկներ անել։ Եթե տեղյակ եք, թե այդ պահին ինչ ծառայություններ են հասանելի, ապա հաշվի առնելով դրանց առկայությունն ու տվյալ պահին անհրաժեշտությունը՝ փորձեք ապահովել ուտելիք, հագուստ, բժշկական օգնություն, հոգեբանական կամ հոգեւոր աջակցություն, ֆինանսական օգնություն, օգնեք գտնել կորած ընտանիքի անդամներին կամ ընկերոջը եւ այլն։
դ) Կարիքին ուղղված գործողության իրականացում․ Օգնեք տուժածին գործել, օրինակ՝ օգնեք նրան պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ ծառայության հետ կամ իրականացնել անհրաժեշտ թղթաբանությունը։
Մի՛ մոռացեք
• Օգնել մարդկանց հիշելու նրանց մասին, ովքեր կարող են իրենց համար հենարան դառնալ՝ ընկերներ, բարեկամներ, որոնք ունակ են օգնելու ստեղծված իրավիճակում։
• Մարդկանց տալ իրենց պահանջմունքների բավարարման հետ կապված գործնական խորհուրդներ․ օրինակ՝ բացատրեք, թե ինչպես գրանցվեն սնունդ կամ նյութական օգնություն ստանալու համար։
• Խնդրել մարդուն հիշել՝ ինչպես է ինքն անցյալում հաղթահարել դժվար իրավիճակները եւ հավատացնել նրան, որ նա կկարողանա հաղթահարել նաեւ այս վիճակը։
• Հարցնել՝ ինչն է օգնում մարդուն ավելի ինքնավստահ զգալ, նրան խորհուրդ տալ օգտագործել հաղթահարման դրական ռազմավարություններ եւ խուսափել բացասականներից։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Հրապարակումը պատրաստվել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը
արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի հիման վրա