Տեղեկատվության հավաքագրում
Նպատակն է բացահայտել հրատապ կարիքներն ու խնդիրները, հավաքագրել լրացուցիչ տեղեկություն եւ առաջին հոգեբանական միջամտությունը հարմարեցնել դրանց։
Տեղեկության հավաքագրումը եւ դրա հստակեցումը սկսվում են կոնտակտից անմիջապես հետո եւ շարունակվում առաջին հոգեբանական օգնության տրամադրման ողջ ընթացքում։
Թեեւ որոշ պահանջմունքներ կարող են ակնհայտ լինել (օրինակ՝ եթե մարդու հագուստը պատռված է, նրան անհրաժեշտ է ծածկոց տալ), այնուամենայնիվ միշտ հարցրեք՝ ինչի՞ կարիք ունի մարդը։ Չնայած ցանկացած արտակարգ իրավիճակ յուրահատուկ է, տուժածները հաճախակի միեւնույն բաների կարիքն ունեն․
• Կենսական պահանջմունքներ՝ բնակավայր, սնունդ, ջուր, սանիտարական հարմարություններ
• Վնասվածքների կամ խրոնիկ հիվանդությունների դեպքում՝ բժշկական
օգնություն
• Հստակ եւ հավաստի տեղեկություն տեղի ունեցածի, մտերիմ մարդկանց եւ օգնության հասանելի ծառայությունների վերաբերյալ
• Մտերիմեների, ընկերների հետ շփում եւ սոցիալական աջակցություն
• Սեփական կարծիքն արտահայտելու եւ կարեւոր որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն։
Արտակարգ իրավիճակներում ապրված փորձառության տեսակն ու ծանրությունը
Իրենց կամ իրենց սիրելիների կյանքին սպառնացող ուղղակի վտանգի մեջ հայտնված, վնասվածք ստացած կամ վնասված, մահացած մարդկանց ականատես եղած տուժածներն ավելի ծանր եւ երկարաձգված դիսթրեսի առաջացման ռիսկային խմբում են։ Նրանք, ովքեր չափազանց ուժեղ սարսափ կամ անօգնականության զգացողություն են ունեցել, նույնպես ավելի շատ դժվարություններ կունենան վերականգնման փուլում։
Արտակարգ իրավիճակով պայմանավորված տրավմատիկ փորձի մասին ճշգրտումներ անելիս խուսափեք մանրամասն եւ խորքային նկարագրություններից, թույլ տվեք, որ տուժածն ինքն առաջնորդի պատահածի մասին քննարկումը։ Մի՛ ստիպեք տուժածին մանրամասներ պատմել վնասվածքի կամ կորստի մասին։
Պարզապես ասեք, որ այդ պահին շատ կարեւոր է տեղեկություն ստանալը, քանի որ դա կօգնի գնահատելու նրա ընթացիկ կարիքները։
Նման տուժածներին առաջարկեք հետագա հանդիպում։ Վնասվածք ունեցողների համար բժշկական խորհրդատվություն կազմակերպեք՝ կարիքին համապատասխան։
Ստորեւ ներկայացված են արտակարգ իրավիճակից հետո հնարավոր իրավիճակներ, որոնք պահանջում են տեղեկության հավաքագրում եւ համապատասխան միջամտություն։
1. Սիրելի անձնավորության մահ․ Տեղեկություն տրամադրեք հաղթահարման, սոցիալական աջակցության, սուր վշտի մասին եւ առաջարկեք հետագա հանդիպում։
2. Արտակարգ իրավիճակից անմիջապես հետո իրադարձությունների եւ ընթացիկ վտանգների մասին անհանգստություն․ Հարցրեք՝ արդյոք մարդը հասկանում է՝ ինչ է կատարվում շուրջը, ինչ պետք է անի կամ ինչպես պաշտպանի իր ընտանիքին։ Օգնեք տեղեկություն ստանալ անվտանգության եւ պաշտպանվելու միջոցների մասին։
3. Ֆիզիկական հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ, դեղերի կարիք․ Մեծ առաջնահերթություն տվեք դեղերի կարիքին կամ հոգեկան առողջության խնդիրներին։ Նման խնդիրներով մարդկանց գործնական օգնություն տրամադրեք՝ բժշկական կամ հոգեբանական աջակցություն ու դեղեր ստանալու հարցում։
4. Կորուստներ (տուն, դպրոց, հարեւաններ, բիզնես, անձնական գույք, ընտանի կենդանիներ)․ Նմանատիպ կորուստ ունեցող մարդկանց հուզական աջակցություն, գործնական օգնություն տրամադրեք՝ հասանելի աղբյուրների հետ կապ հաստատելու համար, տեղեկություն տվեք հաղթահարման եւ սոցիալական աջակցության մասին։
5. Մեղքի կամ ամոթի ուժեղ զգացում․ Մեղքի կամ ամոթի զգացում ունեցող մարդկանց համար ստեղծեք հարմարավետ եւ ապահով հուզական միջավայր եւ տեղեկություն տրամադրեք այդ հույզերի մասին։
6. Սեփական անձին կամ ուրիշներին վնաս պատճառելու մասին մտքեր․ Նման մտքեր ունեցող մարդկանց անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական կամ հոգեկան առողջության ոլորտի օգնություն տրամադրել։ Եթե տուժածն այդ պահին իրեն կամ շրջապատին վնասելու սպասռնալիք է ներկայացնում, ապա
մնացեք նրա հետ մինչեւ համապատասխան աշխատակիցների գալը։
7. Սոցիալական աջակցության հասանելիության բացակայություն․ Ընտանիքի, ընկերների եւ համայնքի աջակցությունը չունեցող մարդկանց օգնեք կապ հաստատել ռեսուրսների եւ ծառայությունների հետ, տրամադրեք տեղեկություն հաղթահարման եւ սոցիալական աջակցության մասին, առաջարկեք հետագա հանդիպում։
8. Նախկինում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ ալկոհոլի օգտագործում․ Կախվածություն առաջացնող նյութերի պոտենցիալ խնդիրներ ունեցող մարդկանց տեղեկություն տրամադրեք հաղթահարման եւ սոցիալական աջակցության մասին, ուղղորդեք համապատասխան ծառայություններ եւ
առաջարկեք հետագա հանդիպում։
9. Նախկին վնասվածքի կամ սիրելի մարդու կորստի բացահայտում․ Այս մարդկանց տեղեկություն տրամադրեք հետաղետային հակազդումների եւ վշտի ապրման, հաղթահարման եւ սոցիալական աջակցության մասին, առաջարկեք հետագա հանդիպում։
10. Երիտասարդության, հասուն տարիքի, ընտանեկան իրադարձություններ, որոնք ազդում են զարգացման ընթացքի վրա․ Երբ արտակարգ իրավիճակը կամ դրա հետեւանքները խոչընդոտում են գալիք հատուկ առիթներին՝ ծննդյան տարեդարձ, համալսարանի ընդունելություն, ամուսնություն, արձակուրդ եւ այլն, տուժածները կարող են շատ հուզված եւ շփոթված լինել։
Տուժածին տրամադրեք տեղեկություն հաղթահարման վերաբերյալ եւ օգնեք մշակել ռազմավարություն՝ գործնական օգնություն ստանալու համար։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Հրապարակումը պատրաստվել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի հիման վրա