Գլխավոր Վերլուծություն Նոր ջրափրկարարական գույք՝ Արցախի փրկարարներին

Նոր ջրափրկարարական գույք՝ Արցախի փրկարարներին

2894
Տարածել

Այս օրերին հերթական անգամ Հայաստանում է բուլղարահայ սուզորդ Կրիկոր Սրենցը, որը սերտորեն համագործակցում է Արցախի փրկարարների եւ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ, տեխնիկական մասնագետ Վահե Մելքոնյանի հետ։ Վերջինիս Սրենցը շնորհել է դայվինգի (ստորջրյա լողի) միջազգային մարզչի եւ Բուլղարիայի ջրասուզակային գործունեության ազգային ասոցիացիայի անդամակցության հավաստագիր։ Հավաստագիրն ընդունելի է ամբողջ աշխարհում։ Վահեի խոսքով՝ միջազգային մարզիչ դառնալու համար պետք է բավականաչափ գիտելիք եւ հմտություն ունենալ, որպեսզի քո աշակերտին վստահ մենակ թողնես տարբեր խորություններում։ «Չկա գիտնական, որ սովորելու բան չունենա։ Ջրափրկարարական աշխատանքում շատ անգամ հաշվի չես առնում ռիսկերը, քանի որ ունես սահմանափակ ժամանակ եւ պետք է կյանք փրկես, իսկ դայվինգում ամեն մանրուքը կարեւոր է, պետք է էքստրիմից հեռու մնալ»,- նշում է Վահեն։

Սփյուռքահայ սուզորդի ամենամյա մարզումներն այս տարի հետաձգվել էին կորոնավիրուսի պատճառով, չգիտեր, թե երբ կգա Հայաստան, բայց պատերազմն ամեն ինչ փոխեց։ Ընկերներով դրամահավաք սկսեցին, հավաքած գումարի մի մասն ուղարկեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամ, իսկ մյուս մասով գնել են քնապարկեր, այլ հանդերձանք։ Հումանիտար օգնությունը Կրիկորն անձամբ է բերել Հայաստանի սահմանային գոտում եւ Արցախում գտնվող իր ընկերներին։ «Տղաների տրամադրությունը շատ բարձր էր, ես բնավ զարմացած չէի, քանի որ ճանաչում եմ այս մարդկանց, ամեն մեկն իր հայրենիքն է պաշտպանում։ Դիրքերում ես տեսա իրար կողքի կանգնած ուսուցչի, գյուղապետի, քաղաքապետի, բիզնեսմենի, ինժեների․ բոլորը մի մարդ էին՝ պատրաստ պահելու իրենց երկրի սահմանները»,- ասում է Կրիկորը։

Շուտով Արցախի փրկարարներին կհանձնվեն նոր գույք-սարքավորումներ՝ ջրաջերմամեկուսիչ արտահագուստ, կոմպրեսորների ֆիլտրեր եւ այլն։ Մինչ այդ Կրիկորն ու Վահեն զբաղվում են Սեւանա լճի ափամերձ տնակներում հանգրվանած արցախցիների օժանդակությամբ։ Օրինակ երեխաների համար կազմակերպել են նավակով զբոսանք Սեւանա լճում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կրիկոր Սրենցը