Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նախագիծ. 2021 թվականին ԱԻՆ-ին հատկացնել 14,181 միլիարդ դրամ

Նախագիծ. 2021 թվականին ԱԻՆ-ին հատկացնել 14,181 միլիարդ դրամ

2674
Տարածել

Այսօր ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի արտակարգ իրավիճակների նախարարության հատվածը: Նախագիծը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը:

Նախատեսվում է 2021 թվականին ԱԻՆ-ին հատկացնել 14,181 միլիարդ դրամ: Սա 250 միլիոն դրամով ավելի է 2020 թվականին հատկացվածից: Այս 14,181 միլիարդից 11,665 միլիարդը կտրամադրվի փրկարար ծառայությանը՝ հրդեհաշիջում, հակահրդեհային քարոզչություն, բնական եւ տեխնածին աղետների ժամանակ բնակչության եւ կառույցների պաշտպանություն եւ այլ ուղղություններով աշխատելու նպատակով: 803 միլիոն էլ կծախսվի սեյսմիկ պաշտպանության վրա՝ հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի նվազեցում ուղղություններով աշխատելու նպատակով: Ռազմավարական նշանակության պաշարների կառավարմանը կտրամադրվի 360 միլիոն դրամ, 48,5 միլիոն սողանքային աղետների դեմ պայքարին, տեխիկական անվտանգության կանոնակարգմանը՝ 46 միլիոն եւ այլն:

Առաջարկվում է մի շարք ուղղություններով ավելացնել հատկացումները: Մասնավորաբար. 2020 թվականի համեմատ 94,5 միլիոնով ավելի գումար հատկացնել փրկարարների մարտական համազգեստ գնելուն, 61 միլիոնով ավելի գումար հատկացնել հատուկ նպատակային եւ այլ նյութերի ձեռքբերմանը ու դրանով բարձրացնել հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների արդյունավետությունը եւ այլն: «Մենք պետք է կարողանանք ապահովել «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» իրականացման գործողությունների շարունակականությունը, հանրապետության ամբողջ տարածքում բնակչության օգնության հասանելիությունը, միջազգային մարդասիրական օգնության համակարգում Հայաստանի դերի եւ նշանակության բարձրացումը, ինչը անընդհատ միջոցներ եւ ոլորտի նկատմամբ հոգատարություն է պահանջում», — հայտարարեց Արա Նազարյանը: