Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախի փրկարարները՝ պատերազմի ու խաղաղության սահմանին

Արցախի փրկարարները՝ պատերազմի ու խաղաղության սահմանին

2401
Տարածել

Հոկտեմբերի 30-ն Արցախում նշվում է փրկարար ծառայողի օրը։

Արցախի փրկարար ծառայության հիմքը դրվել է դեռ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժին հաջորդած օրերին, երբ Ասլան Գրիգորյանի գլխավորությամբ առաջին կամավորական ջոկատը մեկնեց աղետի գոտի եւ իրականացրեց որոնողափրկարարական աշխատանքներ: Արցախյան գոյամարտի ժամանակ փրկարարների ջանքերով, երբեմն՝ սեփական կյանքի գնով, բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ռազմադաշտում վիրավորված ազատամարտիկներ են դուրս բերվել հրթիռակոծված շենքերի փլատակներից ու մարտական գործողությունների առաջնագծից:

Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կայացած կառույց է, որը պատրաստ է խաղաղ ու պատերազմական ժամանակաշրջանում՝ բնածին ու տեխնածին աղետների ժամանակ, իրականացնել քաղաքացիական պաշտպանության ու անվտանգության ապահովման ցանկացած խնդիր:

2018 թվականից ծառայության պետ, փ/ծ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ոլորտում եղել են մի շարք փոփոխություններ։ Ծառայությունը համալրվել է նոր ու արդիական չափորոշիչներին համապատասխան տեխնիկայով, ձեռք են բերվել հրշեջ-մեքենաներ ու սարքավորումներ, որոնք ավելի դյուրին են դարձնում փրկարարական աշխատանքը: Բարեկարգվել են ջոկատների շենքային պայմանները։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ հաստատվել է բազմակողմանի համագործակցություն, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա են դիմել տասնյակ արցախցիներ։

Ինչպես գիտենք, օրեր առաջ հակառակորդը հրթիռակոծել է ԱԻՊԾ վարչական տարածքը։ Մեկ ամսից ավելի ձգվող այս պատերազմում, դժբախտաբար, ունենք զոհված եւ վիրավորված փրկարարներ։ Սակայն ինչպես գրեթե 30 տարի առաջ, այնպես էլ հիմա փրկարարի մարդասիրական առաքելությունը խոչընդոտներ չի ճանաչում։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում ամուր կամք ու խաղաղություն։