Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-5

Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-5

2499
Տարածել

Մաս առաջին

Մաս երկրորդ

Մաս երրորդ

Մաս չորրորդ

Կայունացում

Նպատակն է հանգստացնել կամ կողմնորոշել հուզականորեն ճնշված կամ ապակողմնորոշված տուժածներին

Տրավմատիկ իրավիճակ վերապրած մարդիկ հաճախ իրենց անպաշտպան, աշխարհից կտրված կամ անօգնական են զգում։ Նրանց առօրյան խարխլվում է, նրանք այլեւս չեն ստանում սովորական աջակցություն կամ անսպասելիորեն հայտնվում են սթրեսային պայմաններում։ Ուժեղ հույզերի, այդ թվում՝ անջատող հույզերի (օրինակ՝ թմրածություն, անտարբերություն, շփոթվածություն) արտահայտումները սպասելի հակազդումներ են եւ ոչ թե լրացուցիչ միջամտություն, այլ սովորական շփում են պահանջում։ Հակառակը՝ գրգռվածությունը, չափազանց բարձր թմրածությունը կամ տագնապայնությունը կարող են խանգարել քնելուն, սնվելուն, որոշումներ կայացնելուն, ծնողավարմանը եւ կյանքի այլ ոլորտներին։

Եթե անձը խոսելու համար չափազանց հուզված է, անհանգստացած, ներփակված կամ ապակողմնորոշված, արտահայտում է ուժեղ տագնապ, վախ կամ խուճապի մեջ է, ապա ուշադրություն դարձրեք հետեւյալին․

1. Անձը ընտանիքի կամ ընկերների հե՞տ է, թե՞ ոչ։ Եթե ընտանիքի կամ ընկերների հետ է, ապա ներառեք նրանց դիսթրես ունեցող անձի հարմարեցման գործընթացին։ Սակայն հաշվի առեք, որ եթե անձի հետ առանձին զրույցի կարիք կա, ապա դուք կարող եք դիսթրեսի ենթարկված անհատին տանել հանգիստ վայր կամ խոսել նրա հետ ցածրաձայն ու հանդարտ, երբ ընկերները/ ընտանիքի անդամները կողքին են։

2. Ի՞նչ իրավիճակում է անձը․ նա լալիս է, խուճապի մեջ է, «ֆլեշբեքեր» ունի կամ ենթադրում է, որ միջադեպը նորից կկրկնվի։ Երբ որոշակի միջամտություն եք իրականացնում, ավելի շատ անդրադարձեք անձի՝ տվյալ պահին գոյություն ունեցող անհանգստությանը կամ դժվարությանը, քան պարզապես համոզեք նրան «հանգստանալ» կամ «ապահով զգալ»։

Արտակարգ իրավիճակ վերապրած մարդիկ երբեմն խիստ գրգռված եւ վշտացած են լինում։ Նրանք կարող են ունենալ նյարդային դող, դժվարացած շնչառություն, ուժեղ սրտխփոց։ Ահա օրինակներ, որոնք կօգնեն դիսթրեսի վիճակում գտնվող մարդուն հանգստանալ ֆիզիկապես եւ մտովի․

· Ձեր խոսելու տոնը պիտի լինի հանգիստ ու փափուկ։

· Եթե դա չի հակասում մշակույթին, աշխատեք խոսակցության ընթացքում մարդու հետ պահել տեսողական կոնտակտ։

· Ասեք, որ դուք այդտեղ եք օգնելու համար։ Եթե մարդն արդեն անվտանգ վայրում է, նրան հիշեցրեք այդ մասին։

· Հարգեք անձի գաղտնիությունը եւ ձեր միջամտությունից առաջ նրան տվեք մի քանի րոպե ժամանակ։ Ասեք, որ հասանելի կլինեք, եթե նա ձեր կարիքն ունենա,կամ մի քանի րոպե անց մոտեցեք՝ նորից ստուգելու , թե ինչպես է իրեն զգում։

· Մնացեք մոտակայքում, խոսեք այլ տուժածների հետ, թղթաբանությամբ զբաղվեք կամ այլ պարտականություններ կատարեք՝ լինելով հասանելի։ Հնարավոր է՝ անձը հետագա օնության կարիք կամ ցանկություն ունենա։

· Տվեք տեղեկատվություն, որը կօգնի նրան կողմնորոշվել շրջակայքում, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ է սպասվում, որոնք են հետագա քայլերը, որոնց նա պիտի հետեւի։

· Եթե տուժողի մոտ ի հայտ է գալիս տեղի ունեցածի նկատմամբ անիրականության, սովորական միջավայրից կտրվածության զգացում, նա ավելի լավ կզգա, եթե վերականգնի շրջապատող միջավայրի հետ կոնտակտը եւ ինքնատիրապետումը։ Դրա համար խնդրեք նրան ոտքերը հենել հատակին, օգնեք նրան ձեռքերով եւ մատներով հարվածել սեփական ծնկներին, նրա ուշադրությունը հրավիրեք շրջապատող միջավայրի ինչ-որ չեզոք առարկաների վրա, որոնք նա կարող է տեսնել, լսել կամ շոշափել․ խնդրեք նրան պատմել՝ ինչ է տեսնում կամ լսում, խնդրեք նրան շնչել դանդաղ։

Եթե հուզված անհատը ոչ մի կերպ չի կայունանում, նրան կօգնի «հողակցում» կոչվող տեխնիկան։ Այն աշխատում է ուշադրությունը մտքերից արտաքին աշխարհ տեղափոխելու միջոցով։ Ահա թե ինչ պետք է անել․

1. Նստեք հարմար դիրքով՝ առանց խաչելու ձեռքերն ու ոտքերը։

2. Ներշնչեք եւ արտաշնչեք դանդաղ ու խորը։

3. Նայեք ձեր շուրջը եւ անվանեք հինգ ոչ սթրեսային առարկաներ, որոնք տեսնում եք։

4. Ներշնչեք եւ արտաշնչեք դանդաղ ու խորը։

5. Այժմ անվանեք հինգ ոչ սթրեսային ձայներ, որոնք լսում եք։ Օրինակ՝ «Ես լսում եմ խոսող կնոջ ձայնը, իմ շնչառությունը, դռան փակվելու ձայնը, հեռախոսի զանգի ձայնը․․․»

6. Ներշնչեք եւ արտաշնչեք դանդաղ ու խորը։

7. Այժմ անվանեք հինգ ոչ սթրեսային բան, որ կարող եք զգալ։ Օրինակ՝ «Ես զգում եմ այս փայտե հենակներն իմ ձեռքերով, ես զգում եմ ոտքերից մատները կոշիկի մեջ, ես զգում եմ իմ մեջքը, որը հենված է աթոռին, զգում եմ ծածկոցը ձեռքերիս վրա․․․»։

Երեխաների դեպքում կարող եք հարցնել գույները, որոնք նրանք տեսնում են շրջակայքում։

Դեղերի դերը կայունացման մեջ

Սուր սթրեսային տրավմատիկ հակազդումների դեպքում դեղերի կիրառումը խորհուրդ չի տրվում որպես առաջին հոգեբանական օգնության նպատակներին հասնելու տարբերակ․ դրանք անհրաժեշտ է կիրառել, երբ անհատը չի արձագանքում օգնության այլ ձեւերին։ Դեղերի կիրառումը պիտի լինի նպատակային։ Դեղերը կարող են անհրաժեշտ լինել, երբ տուժածն ունի ուժեղ ցնցում, ուժեղ տագնապ ու խուճապ, պսիխոզ կամ վտանգավոր է իր եւ շրջապատի համար։ Այս իրավիճակում պետք է հաշվի առնել հետեւյալը․

· Արտակարգ իրավիճակի ազդեցությամբ կարող են սրվել նախկինում եղած վիճակները՝ շիզոֆրենիա, դեպրեսիա, տագնապ եւ այլն։

· Որոշ տուժածներ կարող են չունենալ իրենց անհրաժեշտ դեղերը, կամ վերջիններս կարող են տարակուսել դեղերի ընդունումը շարունակելու հարցում։

· Կարող է ընդհատված լինել նրանց կապն իրենց հոգեբույժների, բժիշկների հետ։

Հավաքեք տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել, երբ տուժածին կուղղորդեք բժշկի մոտ։ Տեղեկություն կարող են տուժածի փոխարեն տրամադրել նաեւ նրա ընտանիքի անդամները կամ ընկերները։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստվել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի հիման վրա