Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 13 հրդեհ, 29 զենք-զինամթերքի վնասազերծում․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

13 հրդեհ, 29 զենք-զինամթերքի վնասազերծում․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3312
Տարածել

Հոկտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է 7000-ից ավելի զանգ, որոնցից 2099-ը` արտակարգ դեպքերի ու պատահարների վերաբերյալ։

Շաբաթվա ընթացքում ստացվել է հրդեհի մասին 13  հաղորդագրություն։ Դրանք հիմնականում առաջացել են ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերը հրթիռակոծելու արդյունքում: Հրշեջ-փրկարարները հասցրել են ժամանակին արձագանքել բոլոր կանչերին, կատարել հրդեհաշիջում:

Գրանցվել է տեխնածին բնույթի 4 եւ ճանապարհատրանսպորտային պատահարի 2 դեպք: Տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Զենք-զինամթերքի հայտնաբերման 29 հաղորդում է ստացվել: Սակրավորական խմբերն արձագանքել են բոլոր կանչերին եւ վնասազերծել  դրանք: Չպայթած զենքերի, ականների հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները շարունակական են եւ աշխատատար:

Գրանցվել է բնակչության օգնության 59 կանչ, փրկարարներն ապաստարաններ են հասցրել անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք։

Բազմաթիվ զանգեր են ստացվել օտարերկրյա լրագրողներից, որոնք այս օրերին աշխատում են Արցախում: Փրկարարները նրանց ապահովել են սննդով ու տաք հագուստով:

Այլ կանչեր

Տարեց կինը զանգահարել է Ճգնաժամային կառավարման կենտրոն եւ հարցրել՝ ինչպես կարելի է նկուղային պայմաններում ջեռոցում տնական հավ պատրաստել։  Փրկարարներն օգնել են կնոջը՝ առաջարկելով ջոկատի հարազատ բաղադրատոմսը։