Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Թուղթը՝ զենք․ Լոռու մարզի փրկարարների նախաձեռնությունը

Թուղթը՝ զենք․ Լոռու մարզի փրկարարների նախաձեռնությունը

2153
Տարածել

Պատերազմական այս ծանր շրջանում հայոց բանակին օգնելու համար տարբեր քայլեր են ձեռնարկվում։

Հայաստանում եւ Սփյուռքում գործող կազմակերպությունները, այդ թվում՝ որոշ ուսումնական եւ մշակութային հաստատություններ, ժամանակավորապես լծվել են զինվորների համար քնապարկ, անձրեւազգեստ, վերմակ, քողարկող ցանց եւ այլ պարագաներ պատրաստելու գործին։ 

Ակտիվ է Համահայկական հիմնադրամը, որի  հաշվին հանգանակության չափը հասել է 130 միլիոն դոլարի։ Ազգ-բանակ տրամաբանությամբ՝ ամեն ոք փորձում է իր ներդրումն ունենալ այս նախաձեռնությանը։ Երեխաները խնձոր, ընկույզ, թխվածքաբլիթ, գիպսե արձանիկներ են վաճառում, Արցախից ժամանած կանայք Երեւանում եւ Դիլիջանում ժենգյալով հացի «բիզնես» են սկսել, որի ամբողջ հասույթը փոխանցվում է հիմնադրամին։ Վերջերս Շիրակի մարզի Արփենի գյուղից  89-ամյա Հովսեփ պապն իր ամբողջ կյանքում կուտակած 1 միլիոն դրամը նվիրաբերել է Արցախին։

Հետաքրքիր լուծում են գտել նաեւ Լոռու մարզի փրկարարները։ Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանի խոսքով՝  Լոռու մարզպետարանի հետ համատեղ սկսել են թղթի թափոն հավաքել։  Մակուլատուրան հանձնվում է բոլոր քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին եւ տեղափոխվում Երեւան։ 

Հավաքվել է գրեթե 20 տոննա թուղթ, եւ 1 միլիոն դրամը շուտով կփոխանցվի հիմնադրամին։ «Չեք պատկերացնում՝ ինչպիսի հպարտությամբ է երեխան տոպրակով բերում  եւ հանձնում իր տան հին թղթերը, դասագրքերը, որոնք այլեւս պետք չեն։ Ամեն ոք փորձում է հնարավորինս օգտակար լինել»,- նշում է գնդապետը։ 

Ուշադրության կենտրոնում է  նաեւ քաղաքացիական պաշտպանության հարցը։ Այս օրերին համայնքապետերի հետ համագործակցությամբ կարգի են բերվում մարզի բազմաբնակարան շենքերի նկուղները, վերանորոգվում է ազդարարման համակարգը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ