Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները ծառից իջեցրել են երեխային

Փրկարարները ծառից իջեցրել են երեխային

2394
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 341 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 89 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 125 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Շիրակում, Արարատում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 10 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 7 դեպքում: Արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Նուբարաշենի այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներ, Կոմիտասի անվան պանթեոն, Էրեբունի օդանավակայան, Վարդավառի լճի մատույցներ, Հաղթանակ զբոսայգի, Երեւանի հեռուստա­աշտարակի հարակից տարածք, Բուսաբանական այգի եւ այլն:

Այլ կանչեր. Արագածոտնի փրկարարներն գիշերով ահազանգ են ստացել, որ Ուջան գյուղի մոտակայքում Արցախ մեկնող բեռնատար ավտոմեքենայի անվադողը շարքից դուրս է եկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն օգնել են փոխարինել անվադողը: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Չարենցավան քաղաքում 13 տարեկան երեխան բարձրացել է ընկուզենու վրա եւ չի կարողանում ինքնուրույն իջնել: Հրշեջ-փրկարարները մոտ 8 մետր բարձրությունից իջեցրել են տղային: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ոսկեպար գյուղում հայտնաբերվել է չպայթած արկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, զինված ուժերի սակրավորները արկը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Փրկարարները տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում կազմակերպել են «Հրդեհաշիջման կազմակերպումը բարձրահարկ շենքերում եւ շինություններում», «Հրդեհաշիջումը տանիքում», «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքի 2-րդ հարկում» եւ այլ թեմաներով պարապմունքներ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 8 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին: Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 150 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն: