Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախի փրկարար-սակրավորները վնասազերծել են 72 զենք-զինամթերք

Արցախի փրկարար-սակրավորները վնասազերծել են 72 զենք-զինամթերք

2090
Տարածել

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 2-ից իր ծառայությունը շարունակում է ոչ մշտական տեղակայման վայրում՝ արտակարգ ռեժիմով:
Ինչպես նախապատերազմական, այնպես էլ այս օրերին, կենտրոնն օպերատիվորեն արձագանքում է բնակչության բոլոր կանչերին եւ ցուցաբերում հումանիտար աջակցություն։ Սեպտեմբերի 27-ից 911 հեռախոսահամարով ստացվել են տարբեր կանչեր՝ կենցաղային, տեխնիկական ու անվտանգության բնույթի:
Նախորդ շաբաթ ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 9137 զանգ, ստացվել է ավելի քան 400 հաղորդագրություն:
Կանչերի մեծ մասը՝ 105-ը, վերաբերել են բնակչության կենսապահովմանը: Փրկարարներն ապաստարաններ են հասցնում անհրաժեշտ դեղորայք, պարենամթերք, բժշկական կենտրոններ տեղափոխում առողջական խնդիր ունեցող քաղաքացիներին, ցուցաբերում օգնություն:
Ստացվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 72 հաղորդագրություն։ Ծառայության սակրավորական խմբերը տեղափոխել ու ոչնչացրել են բնակելի շենքերի ու առանձնատների բակերից, տնամերձ հողամասերից ու այգիներից հայտնաբերված զենք-զինամթերքը։
Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու եւ բնակավայրերը հրթիռակոծելու հետեւանքով պատերազմի հենց առաջին օրերից հրդեհի հարյուրավոր ահազանգեր են ստացվել: Հրշեջ-փրկարարներին մեծ մասամբ հաջողվել է ժամանակին կատարել հրդեհաշիջում: Միայն անցած շաբաթ հրետակոծությունների արդյունքում հրդեհվել է 10 բնակելի տուն եւ ավտոտրանսպորտ: Բոլոր հրդեհներն էլ մարվել են:
Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է թիկունքային ուժեղացված ծառայությունը: 911, 101 եւ 112 հեռախոսահամարները հասանելի են միշտ եւ ամենուր: