Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախցի փրկարար. Ստեփանակերտն ապրող ու ապրեցնող քաղաք է

Արցախցի փրկարար. Ստեփանակերտն ապրող ու ապրեցնող քաղաք է

3405
Տարածել

Պատերազմի ու խաղաղության սահմանագծին այսօր ամուր կանգնած են նաեւ Արցախի փրկարարները։ Հասարակ զրույցը, թերեւս, չի կարող լիովին պատկերել այն ահռելի աշխատանքը, որն այս օրերին ստանձնել է փրկարարը․ մի կողմից՝ սեփական տան, ընտանիքի պաշտպանությունը, մյուսից՝ մասնագիտական պարտքը։

Ներկայացնում ենք Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա, լեյտենանտ Հունան Թադեւոսյանի փոքրիկ անդրադարձը պատերազմական գոտուց։

«Սեպտեմբերի 27-ին փոխվեց ամեն ինչ: Հետտոնական Ստեփանակերտն արթնացավ կրակոցներից, ու բոլորս զարմացած էինք, որովհետեւ դա 90-ական թվականների պատերազմից այս կողմ առաջին դեպքն էր: Երկրում հայտարարվեց ռազմական դրություն, ամենքս ունեինք մեր անելիքը:

Սովորական օրերին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը աշխատում էր արտակարգ ռեժիմով: Այս օրերին՝ ավելի ուժեղացված:

Առանց վարանելու եւ խուճապի մատնվելու ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը կոնկրետ հրամաններ ու հանձնարարություններ է տվել փրկարարական ջոկատներին եւ հենց առաջին օրից կազմակերպված սկսվել է փրկարարի առաքելությունը:

Քաղաքը խլացնում էր տագնապի ազդանշանը: Ստեփանակերտում տարածվել էր վառոդի հոտը: Շուրջբոլորը կրակոցներ, ու դեպի ապաստարաններ շտապող մարդիկ:

Պատերազմի առաջին օրերը սարսափ ֆիլմից կադրեր էին հիշեցնում: Հետո բոլորս մի տեսակ հարմարվեցինք՝ պատերազմի հետ ապրել կողք-կողքի:

Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Բազմաթիվ փլատակված շենք-շինություններ, վիրավորներ ու զոհեր էլ կային: Հերոսական աշխատանք են կատարել փրկարարները: Անգամ կրակոցների տակ նրանք սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ են մատակարարում ապաստարաններ:

Հրշեջ փրկարարական խմբերը հազիվ էին հասցնում մեկուսացնել հրթիռներից այրվող բնակարանները: ՃԿԿ-ում գրանցվում էին նոր կանչեր: Արագ արձագանքման ստորաբաժանումները փլատակներից հանում եւ բուժհաստատություններ էին տեղափոխում վիրավորներին, շատ դեպքում ցուցաբերելով առաջին օգնություն:

Հոկտեմբերի 2-ին մասամբ ռմբակոծվեց նաեւ ԱԻ ծառայության շենքը: Ցավոք մեկ զոհ ու վիրավորներ ունեցանք: Դա չխանգարեց մեր աշխատանքին: Կարեն Սարգսյանը վերամոբիլիզացրեց ուժերը, բաշխվեցինք թիմերի եւ շարունակեցինք ծառայությունը: Պատերազմն ավարտվի, ավերվածը կկառուցվի: Միշտ այսպես է, ասում տնօրենը:

Հիմա արդեն Արցախի փրկարարները կանգնած են նոր մարտահրավերի առաջ. քաղաքում եւ շրջաններում հայտնվել են թշնամու արձակած, դեռեւս չպայթած հարվածային, հրթիռային եւ կասետային ռումբեր: Սակրավորական խմբերն այժմ զենք զինամթերքի հայտնաբերման ու դրանց ոչնչացման ուղղությամբ են աշխատում:

Արցախի փրկարարներին հումանիտար աջակցություն բերեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պատերազմի հաջորդ օրը նախարար Ֆելիքս Ցոլակյանն էր Արցախում: Հետո եկան փրկարար ջոկատները, ովքեր արցախցիների հետ կողք-կողքի անցնում են պատերազմական այս ծանր ու դժվար փորձությունը:

Ուշադրությունը միշտ կարեւոր գործոն ու երեւույթ է եղել մեզանում: Ապաստարանում սահմանափակ կարողության մի աղջիկ կար՝ Նարեն: Երբ փրկարարներն իմացան որ կեսգիշերից հետո նրա տարեդարձն է, որոշեցին այցելել ՝ նվերներով, փուչիկներով ու տորթ էին տարել: Անասելի բարձր տրամադրություն էր ոչ միայն Նարեի, այլեւ ապաստարանում պատսպարվածների համար:

Արցախցիներն ուժեղ կամքի տեր մարդիկ են: Անգամ նկուղային անհարմար պայմաններում երբեք հույսը չեն կտրում՝ լուսավոր ու պայծառ ապագայի հանդեպ: Ցավում են միայն զոհերի համար: Լավ տղաներ կորցրինք ասում են ու վերեւ նայում: Այստեղ մարդիկ ապրում են հաց կիսելով, իրար օգնելով, հույս ներշնչելով: Հաճախ կարելի է լսել ամենատարբեր հումորներ, հենց այստեղ են հորինել՝ իրական դեպքերի վրա: Փրկարարներն են պատմում:

Երբ լսվում էր կրակոցի ձայնը, նկուղում պառկած կինը հարցնում է ամուսնուն. -էն ի”նչ ձեն էր, ասումա հեչ հանգիստ պառկի հերթական ԱԹՍ-ն խոցեցինք, ասումա հա դե լյավա, իմացա թե կռիսա:

Ստեփանակերտն ապրող ու ապրեցնող քաղաք է: Մարդիկ այստեղ տարբեր են: Երբ կտրվում է տագնապի ազդանշանի ձայնը՝ միանգամից կարելի է տեսնել քաղաքի ծաղիկները ջրող, խնամող տղամարդկանց, փողոցները օրվա փոշուց մաքրող կանանց ու նրանց օգնող երիտասարդների:

Մեր բոլորի ցանկությունն է, որ օր առաջ ավարտվի պատերազմը եւ ունենանք արժանապատիվ խաղաղություն: Մենք թանկ կյանքեր դրեցինք այս պատերազմի զոհասեղանին»: