Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրշեջ գործի կազմակերպումը՝ Խորհրդային Հայաստանում

Հրշեջ գործի կազմակերպումը՝ Խորհրդային Հայաստանում

2155
Տարածել

ԿԱՆՈՆԱԳԻՐ

Հրդեհաշիջման գործը Հայաստանի ԽՍՀ մեջ կառավարելու մասին

Պետական հրշիջային հսկողության կենտրոնական մարմիններն են

1. ՆԳԺԿ կենտրոնական հրշիջային բաժին։ Հրդեհաշրջման գործի ընդհանուր ղեկավարությունը, հսկողությունը Հայաստանի ԽՍՀ մեջ պատկանում է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին եւ իրականացվում է ՆԳԺԿ կենտրոնական հրդեհաշիջական բաժնի միջոցով։

(ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ․ հրդեհից ապահովելու եւ հրդեհաշիջման ձեռնարկումների անմիջական իրականացումը մնացած վարչությունների գործունեության սահմաններում (երկաթուղային եւ ջրային տրանսպորտ, Ռազմական վարչություն, Հողժողկոմատ եւ այլն) դրվում է այդ վարչությունների վրա, ըստ որում՝ այդ գործողությունները համաձայնեցվում են ՆԳԺԿ հետ եւ իրականացվում են ՆԳԺԿ մարմինների ընդհանուր ղեկավարությամբ եւ վերահսկողությամբ)։

Կենտրոնական հրդեհաշիջային բաժնի պարտականությունների մեջ մտնում են՝

· Մշակել հրդեհաշիջման գործի վերաբերյալ ընդհանուր բնույթի օրինագծեր, կանոնագրեր, պարտադիր որոշումներ, կանոններ եւ հրահանգներ։

· Մշակել եւ կենսագործել ինչպես հրդեհի կանխման, այնպես էլ շիջման ասպարեզում հակահրդեհային ձեռնարկումների համապետական պլանը։

· Միավորել պետական հրդեհաշիջական հսկողության տեղական մարմինների եւ առանձին վարչությունների հրդեհաշիջական կազմակերպությունների աշխատանքը, ստանալ այդ մարմինների հսկողությունը։

· Հրդեհաշիջային գործի ուսուցում եւ հետազոտում կատարել տեղերում եւ այն վարչությունների մեջ, որոնք իրենց սահմաններում անմիջական կերպով են կենսագործում հրդեհաշիջական ձեռնարկումները։

· Նպաստել հրդեհից ապահով եւ հրդեհից պաշտպանող շինարարության, ծառատնկման, ջրամատակարարման եւ գյուղերի հատակագծման վերաբերյալ համապետական բնույթի ձեռնարկումներ մշակելու եւ համապատասխան հիմնարկությունների միջոցով իրականացնելու գործին։

· Հարմարեցնել, լայնացնել հրդեհաշիջական ինվենտարը, սարքը եւ սարքավորումը, որոշել դրանց ընդհանուր պահանջը Հայաստանի ԽՍՀ, նպաստել դրանց արտադրությանը, ինչպես նաեւ ընդհանուր վերահսկողություն ունենալ արտադրվող եւ հրապարակ հանվող հրդեհաշիջման ինվենտարի, սարքի եւ սարքավորման որակի վրա։

· Ընդհանուր ղեկավարության հսկողության ենթարկել հրդեհաշիջման սպրինկլերական եւ այլ ավտոմատիկ սիստեմները։

· Կատարել հրդեհաշիջման միջոցների, պարագաների (անոթների) եւ գործիքների պիտանիության հիմնական եւ մասնակի փորձեր, ինչպես եւ նպաստել դրանց լավագույններին մեծաքանակ արտադրությանը։

· Հրդեհաշիջման գործի ասպարեզում կազմակերպել ինչպես Հայաստանի ԽՍՀ մեջ, նույնպես եւ արտասահմանում կատարված ամեն տեսակ գյուտերի եւ հնարումների հետազոտում, փորձեր, դիտողություն եւ ուսումնասիրություն։

· Արհլուսգլխվարչության գծով նպաստել Լուսժողկոմատին հրդեհաշիջական տեխնիկական կրթության տարածման գործում եւ հետեւել, որ այդ գործի դրվածքը համապատասխանի Հայաստանի ԽՍՀ հակահրդեհային ձեռնարկումների ընդհանուր պլանին։

· Կատարել հրդեհաշիջական տեխնիկական ուժերի ընդհանուր հաշվառում եւ կիրառել դրանց ամենառացիոնալ օգտագործում։

· Լայնորեն տարածել ազգաբնակչության մեջ հրդեհի դեմ մղվող պայքարի վերաբերյալ տեղեկություններ եւ նպաստել հրդեհաշիջական տեխնիկական գրականություն հրատարակելու գործին։

· Քննել եւ ներկայացնել ի հաստատություն կամավոր հրդեհաշրջական կազմակերպությունների կանոնադրությունները։

· Հրավիրել հակահրդեհային հսկողության տեղական մարմինների եւ հրդեհաշիջական կազմակերպությունների ներկայացուցիչների կոնֆերանցիաներ, խորհրդակցություններ եւ համագումարներ, կազմակերպել հրդեհաշիջման գործի ցուցահանդեսներ, մերձություններ եւ այլն։

· Պարգեւատրման ներկայացնել հրդեհաշիջման գործում աչքի ընկած հրդեհաշեջ մարմիններին, ջոկատներին, խմբերին եւ առանձին անհատներին։

· Լուծել տեղական հրշեջ մարմինների վրա դրված տրված գանգատներից բխող հարցերը։

· Մասնակցել Պետապի եւ այլ կազմակերպությունների այն աշխատանքներին, որոնք կապված են հրդեհաշիջման գործի հետ։

· Աջակցել Պետապին համապետական հրդեհային գործի վիճակագրություն կատարելու գործում։

· Աջակցել համապատասան հաստատություններին կազմակերպելու հանրային ուժեր հրդեհների եւ այլ տարերային աղետների դեմ պայքարելու համար եւ հասարակական օգնություն այդ աղետներից տուժածներին։

Կենտրոնական հրշիջային բաժնի գլխին կանգնած է բաժնի պետը, որը հաստատվում է իր պաշտոնում սահմանված կարգով, պետն ունի գոյություն ունեցող հաստիքով սահմանված աշխատակիցների կազմ։

Հայաստանի Ներգործժողկոմատին կից գործող ԿՀԲ աշխատանքի սխեման եւ պլանը կազմելիս հետապնդվել են հետեւյալ նպատակները՝

1. Հրդեհաշիջման եւ հրդեհի կանխման գործը Հայաստանում դնել ճիշտ ռելսերի վրա՝ համաձայն հրշիջատեխնիկական գիտության վերջին պահանջների, կիրառել լիակատար ռացիոնալացում եւ միաժամանակ կրճատել, նվազագույնի հասցնել ԿՀԲ շտատների պահանջման ծախսերը։ Դրան նպաստում է այն հանգամանքը, որ ներկայումս գործի վրա գտնվող հրշեջ աշխատանքներն ինչպես հրշեջ խմբում, այնպես էլ զանազան հաստատությունների մեջ թե՛ որակով, թե՛ քանակով հաջողությամբ կարող են բավարարել բոլոր պահանջները՝ ԿՀԲ շտատների համալրման դեպքում։ Խոշորագույն հաստատություններում, ինչպես օրինակ ԺՏԽ, կոոպերատիվ կազմակերպություններում, Անդրբամբակկոմում եւ այլն, արդեն պահանջ է զգացվում կազմակերպելու իրենց ենթակա հաստատություններում ընդհանուր հրշիջային բաժիններ եւ այլն։ Պահանջները պետք է համաձայնեցվեն եւ կարգավորվեն ԿՀԲ-ի միջոցով, բացի դրանից՝ գործի շահը պահանջում է մեծագույն կոնտակտ ստեղծել ԿՀԲ եւ հիմնարկային հրշեջ բաժինների միջեւ։

Ելնելով վերոհիշյալից՝ սահմանվում է ԿՀԲ հետեւյալ հաստիքները՝

— 1 պետ

— 1 ավագ տեսուչ

— 2 կրտսեր տեսուչ

— Գրասենյակ

Ինչպես ԿՀԲ պետը, նույնպես եւ գրասենյակը արդեն գոյություն ունեն Երեւանի հրդեհից պաշտպանող կազմակերպության մեջ, իսկ հրահանգչական կազմը գոյություն ունի հաստատությունների զանազան հիմնարկներում։ Ներկայումս հիմնարկային հրշեջ կենտրոններից ամեն մեկին կամրացվի մեկ հոգի տեսչական կազմից։ Այսպիսով՝ տեսչական ամբողջ կազմը կպահվի հիմնարկների հաշվին եւ նրանց վարձատրության հարցը ինքնին կվերանա։ Մնում է մի փոքր գումար վճարելու ՝ մնացած կազմի ռոճիկի տարբերությունը։ Ներկայումս Երեւանում եղած հրշիջային տեսուչների ողջ կազմը եւ Երեւանի հրդեհաշիջման գործի պետկազմը միացել են՝ նպատակ ունենալով գործի շահը։ Այդ օգուտն արդեն զգացվում է։

Այսպիսով՝ ինչպես վերոհիշյալից պարզ կերպով երեում է, ԿՀԲ հաստիքի պահպանման ծախսերը հասցված են նվազագույնի եւ որ ամենագլխավորն է, ապարատն արդեն կարգի է բերվում, մնում է միայն իրավաբանորեն ձեւակերպել խնդիրները։ Որքան շուտ իրականացվի ԿՀԲ կազմակերպության նախագիծը, այնքան շուտ կզգացվի այն խիստ կարեւոր ու անհրաժեշտ կազմակերպության տալիք օգուտը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում խորհրդային հրշեջների մարտական հաշվարկի եւ մեքենայի թանգարանային նմուշն է: Կարդացեք նաեւ.

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը