Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-4

Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-4

2584
Տարածել

Մաս առաջին

Մաս երկրորդ

Մաս երրորդ

Վշտի սուր հակազդումները սովորաբար ուժգին դրսեւորվում են այն մարդկանց մոտ, որոնք հարազատի կամ ընկերոջ մահ են վերապրել։ Ժամանակի ընթացքում դրանք միտված են ավելի հաճելի մտքեր եւ գործունեություն ներառելուն, օրինակ՝ հարազատի մասին դրական պատմություններ պատմելը եւ նրան հիշելու այլ հաճելի տարբերակները։

Պետք է հիշել հետեւյալը․

· Օգնեք վիշտը սուր ապրող երեխաներին եւ մեծահասակներին արժանապատվորեն, հարգանքով եւ կարեկցանքով հաղթահարել այն։

· Վշտի հակազդումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են։

· Վիշտ ապրելու կոնկրետ ու հստակ ձեւ չկա։

· Վիշտը մեծացնում է մարդկանց կողմից դեղերի չարաշահման, ծխախոտի եւ ալկահոլի օգտագործման հաճախականությունն ու հավանականությունը։ Տուժածներին տեղեկացրեք այս ռիսկերի, ինքնախնամքի կարեւորության եւ մասնագիտական օգնության հնարավորության մասին։

Ընտանիքի անդամ կամ մտերիմ ընկեր կորցրած տուժածների հետ աշխատելիս կարող եք քննարկել, որ ընտանիքի անդամներից եւ ընկերներից յուրաքանչյուրը կարող է ունենալ հուզական հակազդումների սեփական դրսեւորումները։ Պետք է հիշել, որ երեխաներն իրենց վիշտը կարող են ցույց տալ օրվա ընթացքում փոքր ժամանակահատվածներով, եւ եթե նույնիսկ նրանք կարողանում են խաղալ ու մասնակցել այլ դրական գործողությունների, նրանց վիշտը կարող է նույնքան ուժգին լինել, որքան ընտանիքի այլ անդամներինը։

Երբ տուժածը ցանկանում է ձեզ հետ խոսել հարազատ մասին, դուք պետք է հանգիստ լսեք եւ շատ խոսելու պարտավորվածություն չզգաք։ Մի՛ հարցաքննեք։

1. Հանգստացրեք վշտացող անձանց՝ ասելով, որ նրանց փորձառությունը ընդունելի է եւ սպասելի։

2. Մահացածի մասին խոսելիս «հանգուցյալ» բառի փոխարեն օգտագործեք նրա անունը։

3. Խորհուրդ տվեք, որ եթե վշտի կամ դեպրեսիվ ապրումները շարունակվեն եւ ազդեն առօրյա կենսագործունեության վրա, կարելի է խոսել հոգեւորականի կամ խորհրդատուի հետ, որը մասնագիտացած է վշտի ապրման հարցերով։

4. Ասեք, որ նրանց բժիշկը կամ տարածքային հիվանդանոցը կարող են ուղղորդել նրանց համապատասխան ծառայությունների մոտ։

ՄԻ ԱՍԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ

· Ես գիտեմ, թե Դուք ինչ եք զգում։

· Այսպես, հավանաբար, ավելի լավ էր։

· Նա հիմա ավելի լավ է։

· Նրա գնալու ժամանակն էր։

· Համենայն դեպս, նա արագ մահացավ։

· Եկեք ինչ-որ ուրիշ բանի մասին խոսենք։

· Դուք պետք է ջանաք հաղթահարել այս ամենը։

· Դուք բավականաչափ ուժեղ եք այս ամենը հաղթահարելու համար։

· Դուք պետք է գոհ լինեք, որ նա արագ մահացավ։

· Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։

· Դուք շուտով ավելի լավ կզգաք։

· Դուք արեցիք այն ամենը, ինչ կարող էիք։

· Դուք պիտի սգաք։

· Դուք պիտի հանգստանաք։

· Լավ է, որ Դուք ողջ եք մնացել։

· Լավ է, որ նրանից բացի ուրիշ մարդ չի մահացել։

· Կարող էր ավելի վատ լինել։ Դուք դեռ քույր (եղբայր, հայր, մայր) ունեք։

· Ամեն բան պատահում է ինչ-որ լավ բանի համար՝ համաձայն վերին ծրագրերի։

· Մեզ ավելին չի տրվում, քան մենք կարող ենք տանել։

· Երեխային ասել․ «Այժմ դու ես ընտանիքի տղամարդը (կինը)»։

· Մի օր դու կգտնես պատասխան։

Աջակցություն դիակի ճանաչման գործընթացին ներգրավված տուժածներին

Չճանաչված դիակների առկայության դեպքում ընտանիքի անդամենրին խնդրում են մասնակցել դրանց ճանաչման գործընթացին։ Առաջին հոգեբանական օգնություն տրամադրողը սովորաբար չի մասնակցում այս գործողություններին, սակայն կարող է օգնել մարմնի ճանաչման բուն գործընթացից առաջ եւ հետո։

Լավ կլինի երեխաներին չներառել դիակի ճանաչման գործընթացին։

Երբ հայտնաբերվում է անհետ կորած մարդու դիակը, բնական է, որ ընտանիքի անդամները ցանկանում են իմանալ տեղեկություններ նրա գտնվելու վայրի մասին եւ թե ինչ ապրումներ է ունեցել իրենց մտերիմը մահանալուց առաջ։

Ընտանիքի անդամները անպատասխան հարցերից կարող են ավելի անհանգստանալ, ուստի ավելի լավ է պատասխանել դրանց՝ թեկուզ բացասական տեղեկատվության դեպքում։

Դին տեսնելուց հետո կարելի է սպասել հակազդումների լայն շրջանակի՝ շոկ, թմրածություն, անհանգստություն, սրտխառնոց, գոռոց, մերժում, հարվածների ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։

Մարմնի ճանաչումից հետո պետք է տեղեկությունը հաղորդել երեխաներին։ Քանի դեռ երեխան չի ընկալել, որ մահը վերջնական է եւ անդառնալի, ծնողները պետք է շարունակեն պարզ բացատրել, որ մտերիմ մարդը գտնվել է, նա մահացել է։

Ծնողները պետք է երեխաներին հավաստիացնեն, որ նրանց մահացած մտերիմը այդ պահին չի տանջվում, շատ սիրված է, եւ որ նրանց մասին հոգ են տանում։

Երեխաներին թույլ տվեք հարցեր տալ, բայց ծնողներին (խնամակալներին) զգուշացրեք, որ զերծ մնան մարմնի տեսքի մասին մանրամասներ հաղորդելուց։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստվել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի հիման վրա