Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-1

Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-1

2596
Տարածել

Արտակարգ իրավիճակում հաճախ առաջանում է քաոս, եւ շտապ գործելու անհրաժեշտություն է լինում: Առաջին օգնության գործողությունների ճիշտ կազմակերպումը կօգնի ձեզ գնահատել ճգնաժամային իրավիճակը, ապահովել սեփական անվտանգությունը դեպքի վայրում, գտնել տուժածների նկատմամբ համապատասխան մոտեցում, հասկանալ՝ ինչ է նրանց ահրաժեշտ եւ ուղղորդել նրանց այնտեղ, ուր նրանք կկարողանան ստանալ գործնական օգնություն եւ տեղեկատվություն:

Առաջին հոգեբանական օգնություն տրամադրելու հիմնական գործողություններն են՝

1. Կապի հաստատում եւ աշխատանքի սկիզբ

2. Անվտանգության եւ հուզական աջակցության ապահովում

3. Կայունացում

4. Տեղեկատվության հավաքագրում

5. Գործնական օգնություն

6. Հաղթահարում

7. Ուղղորդում

Կապի հաստատում եւ աշխատանքի սկիզբ

Նպատակն է արձագանքել տուժածների կողմից նախաձեռնած կապին կամ նախաձեռնել կապի հաստատում ապրումակցող, չպարտադրող եւ բարեհամբույր վերաբերմունքով:

Արտակարգ իրավիճակներում պայմանները կարող են արագ փոփոխվել: Դեպքի վայրում տեսածը հաճախ տարբերվում է նախնական տեղեկատվությունից: Նախքան օգնությունը առաջարկելը կարեւոր է որոշ ժամանակ՝ գոնե մի քանի րոպե, ժամանակ ծախսել իրավիճակը գնահատելու համար:

Փնտրե՛ք հետեւյալ նշաններով մարդկանց.

· Ապակենման հայացք եւ չկողմնորոշվածություն. չի հասկանում՝ ուր է գնում:

· Չի պատասխանում հարցերին կամ խնդրանքներին:

· Ապակողմնորոշված է, կատարում է անիմաստ, անկազմակերպ գործողություններ

· Ցուցաբերում է հուզական ծանր հակազդումներ (ճոճվում է տեղում, անկառավարելիորեն լալիս է, առկա է շատ արագ /շատ խորը շնչառություն կամ ռեգրեսիվ վարք):

· Դրսեւորում է անկառավարելի ֆիզիկական հակազդումներ, օրինակ՝ դող:

· Դրսեւորում է խուճապային որոնողական վարք, ինչ-որ բան է փնտրում, բայց չգիտի՝ ինչ:

· Անհանգստությունից անշարժացած է:

· Դրսեւորում է վտանգավոր վարք:

Եթե տուժածը ծանր վիճակում է, պետք է փորձել գտնել նրա մտերիմներին, ծանոթներին, օգնեց տեղափոխվել հանգիստ միջավայր եւ հաստատել շփում: Կախված նրանից, թե ինչ է ապրում մարդը, միջամտելիս դիմե՛ք նրա ընթացիկ պահանջներին կամ կարիքներին, մի՛ փորձեք համոզել, որ նա հանգստանա, կամ պնդել, որ հիմա անվտանգ է. այս մեթոդը երբեք չի աշխատում:

Ձեր առաջին կոնտակտը տուժածի հետ շատ կարեւոր է: Եթե այն հաստատեք հարգալից եւ բարեհամբույր վերաբերմունքով, ապա կարող եք ստեղծել արդյունավետ եւ օգնող փոխհարաբերություններ եւ բարձրացնել անձի տրամադրվածությունը հետագա օգնության ստանալու նկատմամբ: Եթե միաժամանակ շատ մարդիկ եք մոտեցել ձեզ, ապա փորձե՛ք կապ հաստատել այն քանակի հետ, որքանին կկարողանաք օգնություն տրամադրել: Հուզականորեն ճնշված կամ շփոթված մարդկանց համար նույնիսկ ձեր կարճատեւ հետաքրքրվածությունն ու հանգստությունը կարող են կայունացնող օգտակար լինել:

Մի՛ ակնկալեք, որ անձը դրրական հակազդումներով արագորեն պիտի ընդունի ձեր օգնությունը: Մի՛ ընդհատեք խոսակցությունը: Որոշ տուժածներին, կորուստ ապրած անձնանց ժամանակ է պետք, որպեսզի կարողանան անվտանգության, ապահովության եւ վստահության որոշակի մակարդակ զգալ: Եթե անհատը հրաժարվում է օգնության ձեր առաջարկից, ապա հարգե՛ք նրա որոշումը եւ նշե՛ք, թե երբ եւ որտեղ կարող է առաջին հոգեբանական օգնություն ստանալ հետագայում:

Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում արտակարգ իրավիճակներին: Ահա սթրեսային իրավիճակների նկատմամբ մի քանի հակազդումների օրինակ.

· Ֆիզիկական ախտանիշներ (օր. ՝ դող, գլխացավ, կտրուկ թուլություն, ախորժակի կորուստ, տարաբնույթ ցավային զգացողություններ)

· Լաց, տխրություն, ճնշված տրամադրություն, ողբ

· Տագնապ, վախ

· Լարվածություն եւ նյարդայնություն

· Անհանգիստ մտքեր այն մասին, որ ինչ-որ վատ բան է պատահելու

· Անքնություն, գիշերային մղձավանջներ

· Գրգռվողականություն, չարություն

· Մեղքի զգացում, ամոթ (օրինակ՝ որ ողջ է մնացել կամ ի վիճակի չէ օգնելու կամ փրկելու մյուսներին)

· Իրավիճակում կողմնորոշվելու կորուստ, հուզական արգելափակում, տեղի ունեցող իրավիճակի նկատմամբ անիրականության կամ «մշուշում» գտնվելու զգացողություն

· Ներփակվածոևթյուն եւ անշարժություն

· Այլ մարդկանց նկատմամբ հակազդման բացակայություն, հրաժարում խոսելուց

· Ապակողմնորոշում (օրինակ՝ մարդը չի կարողանում ասել՝ ով է ինքը, որտեղից եւ ինչ է տեղի ունեցել)

· Իր անձի կամ սեփական երեխաների մասին հոգ տանելու անընդունակություն (օրինակ՝ սննդից կամ ջրից հրաժարում կամ պարզ որոշումներ կայացնելու անընդունակություն)

Որոշ մարդիկ պարզապես ունենում են թեթեւ դիսթրես կամ ընդհանրապես չեն դրսեւորում բացասական հոգեկան հակազդումներ։ Որոշ տուժածներ, ունենալով օգնության կարիք, հնարավոր է՝ չփնտրեն ձեր օգնությունը։ Երբ հանդիպում եք նման մարդկանց, կարեւոր է ժամանակին արձագանքել։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Տեղեկությունը՝ «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկից