Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները վարժանքներ են կազմակերպել

Հրշեջ-փրկարարները վարժանքներ են կազմակերպել

2466
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 413 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 131 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ կանչ:

Փրկարարները 122 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 15 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 8 դեպքում: Արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Բուսաբանական այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Հրազդանի կիրճ, Հաղթանակ զբոսայգի, Խոսրովի արգելանոց, Բյուրականի անտառի հանգստյան գոտիների մոտակայք եւ այլն:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում եւ այլ հիմնարկներում կազմակերպել են «Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում գտնվող գազակարգավորիչ կայանում վթարավերականգնողական աշխատանքների իրականացում գազի արտահոսքի դեպքում», «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումը ու ինքնապաշպանությունը», «Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը», «Հրդեհաշիջում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում», «Հրդեհշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Նաիրիտ գործարանի 2-11 արտադրամասում հրդեհաշիջման կազմակերպումը», «Հրդեհշիջումը գազալցակայանում», «Աշխատանքնների կազմակերպում եւ իրականացում դպրոցում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը մշակույթային հաստատություններում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ սեմինարներ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 10 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 140 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն: