ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:
ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները օգոստոս ամսին իրականացրել են 3002 ելք՝ 1308-ով պակաս քան 2019-ի օգոստոսին: 1732 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 591՝ կենցաղային կանչ, 164՝ կեղծ ահազանգ, 515՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 170 (այդ թվում՝ 8 կին, 4 երեխա), տուժել` 5969 մարդ (այդ թվում՝ 285 կին եւ 185 երեխա): Փրկարարները 15 մարդու կյանք են փրկել: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 94,1 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:
Հրդեհ
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1096 ահազանգ (2019 թվականի օգոստոսին` 2359 ահազանգ), հրդեհ է գրանցվել 881 դեպքում (2019 թվականի օգոստոսին` 2026 դեպք):
Օգոստոս ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 595 դեպք կամ 67,5 տոկոսը: Սա սակայն 918-ով պակաս է քան 2019 թվականի օգոստոսին բուսածածկ տարածքներում գրանցված հրդեհների քանակը:
Բացի բուսածածկ տարածքներից կրակի բաժին են դարձել աղբ՝ 64 դեպք, առանձնատուն՝ 48, բնակելի շենք՝ 42, տրանսպորտային միջոց՝ 41, տնակ-ավտոտնակ՝ 18 եւ այլն:
104 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ: 80 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 31 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:
Օգոստոս ամսին քաղաքներում գրանցվել է 578 հրդեհ, գյուղերում՝ 303: Նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 608-ով, գյուղական հրդեհներինը՝ 537-ով: Երեւանում գրանցվել է 402 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 136 հրդեհ, ամենաքիչը Գեղարքունիքը՝ 6 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 47 եւ գյուղերը՝ 89, ամենաքիչը Գեղարքունիքի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Լոռվա գյուղերը՝ 2 հրդեհ:
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ
2020 թվականի օգոստոսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 414 ահազանգ են ստացել՝ 38-ով պակաս քան 2019-ի
օգոստոսին: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 201 դեպք, բախումներն են: 87 դեպք՝ վրաերթ, 65 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 61 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:
Հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ներից զոհվել է 26, տուժել՝ 572 մարդ: 2019 թվականի օգոստոսի համեմատ նվազել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակը, համապատասխանաբար 4-ով եւ 70-ով:
Թունավորում
Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 463 թունավորում, զոհվել է 3, տուժել՝ 490 մարդ: 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ թունավորումների դեպքերն աճել են 62-ով, տուժածների քանակը՝ 33-ով: Զոհվածների թվաքանակը նույնն է, ինչ 2019-ի օգոստոսին:
Թունավորումների հիմնական պատճառներն են. 127՝ ալկոհոլ, 87՝ քիմիական նյութեր, 36՝ դեղորայք, 35՝ սննդամթերք, 9՝ շմոլ գազ եւ այլն: Մայրաքաղաքում գրանցվել է 258 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 106 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ մեկ թունավորում:
Կորոնավիրուս
Մարտ ամսից հանրապետությունում բռնկված Նոր կորոնավիրուսի համաճարակից օգոստոս ամսին զոհվել է 132, տուժել՝ 4905 մարդ:
Այլ դեպքեր
2020 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 36 հարձակում (33՝ արջեր, 2՝ գայլեր, 1՝ վարազ), 10 փլուզում, 6 ջրահեղձում, 5-ական ուժեղ քամի եւ կարկուտ, 4-ական քարաթափում եւ տեղատարափ անձրեւ, 3 պայթյուն, 1 անասնահամաճարակ եւ այլն:
Հրապարակումը պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.