Գլխավոր Ուսուցողական նյութեր Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում

2288
Տարածել

Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի նամակը ՀՍԽՀ ժողկոմխորհին

14 հունիսի, 1934 թ․

1933 թվականի ընթացքում ՀՍԽՀ տերիտորիայի վրա անցկացրած հակահրդեհային կամպանիան տվեց դրական արդյունքներ՝ ավելի լավ հիմքերի վրա դնելով հրդեհային պաշտպանության գործը եւ ծանոթացնելով լայն մասաներին հակահրդեհային կանոններին։ Որպեսզի էլ ավելի ամրացնել հակահրդեհային կամպանիայի դրական արդյունքները, նաեւ ավելի խորացնել հանրապետության հակահրդեհային պաշտպանության գործը՝ ՀՍԽՀ ժողկոմխորհի մայիսի 22-ի որոշման հիմունքներով Կոմտնտժողկոմատը խնդրում է․

1. Որոշում կայացնել անցկացնելու հակահրդեհային կամպանիա հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը։

2. Հաստատել կամպանիայի անցկացման համար ծախքի նախահաշիվը եւ բաց թողնել այդ նպատակի համար 17 700 ռուբլի։

3. Հաստատել հակահրդեհային կամպանիայի անցկացման պլանը։

 

Կոմտնտժողկոմ՝ Հ․ Յաղուբյան

Հրդեհային վարչության պետ՝ Մ․ Ավագյան

 

ՀՍԽհ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1934 թվականի հուլիսի 2-ի N 20 նիստի արձանագրությունից քաղվածք

ԼՍԵՑԻՆ

Հակահրդեհային կամպանիա անցկացնելու մասին (գործ N 717_1)

ՈՐՈՇԵՑԻՆ

Աշխատավորական լայն մասաներին հանրային գույքը հրդեհից ապահովելու աշխատանքների շուրջ ներգրավելու, գոյություն ունեցող պետական եւ գերատեսչական հրդեհաշեջ կազմակերպությունների մարտունակությունը բարձրացնելու, մինչեւ այս հրդեհային կազմակերպություններ չունեցող հիմնարկ-ձեռնարկություններում այդպիսինները կազմակերպելու, բերքահավաքի շրջանում գյուղատնտեսական արտադրանքը հրդեհից պաշտպանելու նպատակով Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է․

1. 1934 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը անցկացնել հակահրդեհային կամպանիա։

2. Հակահրդեհային կամպանիան ղեկավարելու համար կազմակերպել կոմունալ տնտեսության ժողկոմատին կից հանրապետական հակահրդեհային շտաբ հետեւյալ կազմով՝ Կոմտնտեսժողկոմատից ընկ․ Գ․ Մովսեսյանը՝ նախագահ, Հանրապետական հրշեջ վարչությունից Մ․ Ավագյանը՝ փոխնախագահ, ՀԱՍԽ-ից՝ Ս․ Հայրապետյանը, ԼԿՅԵՄ Կենտկոմից՝ Արամ Ղազարյանը, Հողժողկոմատից՝ Ս․ Մարկոսյանը, Ծանր․ արդ․ ժողկոմատի Հայաստանի լիազոր վարչությունից՝ Հ․ Մնացականյանը, Մատժողկոմատից՝ Ի․ Բեգլարյանը, Թեթեւ արդ․ ժողկոմատից՝ Լ․Արեշյանը, Պետքաղվարչությունից՝ Ա․ Հայրապետյանը, Միլիցիայի գլխավոր վարչությունից՝ Ա․ Դուրգարյանը, «Խորհրդային Հայաստան» խմբագրությունից՝ Ա․ Հակոբյանը, «Սոցգյուղի» խմբագրությունից՝ Ս․ Մանվելյանը։

3. Հակահրդեհային կամպանիան ղեկավարելու համար առաջարկել հանրապետական շտաբին կազմակերպել

· Քաղխորհուրդներին եւ շրջգործկոմներին կից հակահրդեհային շտաբեր՝ նախագահների ղեկավարությամբ

· Գյուղերում, մեքենատրակտորային կայաններում, խորհտնտեսություններին եւ բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին կից հակահրդեհային եռյակներ՝ համապատասխան հիմնարկի ղեկավարի գլխավորությամբ

· Հանրապետական եւ տեղական շտաբներին իրավունք վերապահել հակահրդեհային կամպանիայի ընթացքում մոբիլիզացիայի ենթարկելու գյուղերում, ՄՏ կայաններում, հիմնարկ ձեռնարկություններում կոմունալ եւ գերատեսչական հրդեհաշեջ աշխատողներին։

4. Պարտավորեցնել քաղխորհուրդներին, շրջգործկոմներին, գյուղխորհուրդներին, ՄՏ կայաններին, խորհտնտեսություններին եւ բոլոր հիմնարկ- ձեռնարկություններին, նրանց ղեկավարների անձնական պատասխանատվությամբ, ապահովել հակահրդեհային կամպանիայի հաջող ընթացքը եւ լայն աջակցություն ցույց տալ մոբիլիզացիայի ենթարկված հրդեհաշեջ աշխատողներին։

5. Առաջարկել բոլոր ժողկոմատներին եւ միութենական ժողկոմատների լիազորներին, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող միութենական ֆեդերատիվ եւ հանրապետական բոլոր գերատեսչություններին հակահրդեհային կամպանիայի ընթացքում ստուգել իրենց ցանցի հակահրդեհային պաշտպանության դրվածքը՝ ուժեղացնելու հրդեհաշեջ խմբերի մարտունակությունը եւ միջոցներ ձեռք առնել աշխատավորության ակտիվ անդամներին ներգրավել կամավոր խմբերի մեջ։

6. Հակահրդեհային կամպանիայի ծախսերը ծածկելու համար բաց թողնել Ժողկոմխորհի պահեստի ֆոնդից 15 հազար ռուբլի։

7. Հանձնարարել «Խորհրդային Հայաստան», «Սոցգյուղ», «Ավանգարդ» եւ շրջանային բոլոր թերթերի խմբագրություններին կամպանիայի ընթացքում լայն կերպով լուսաբանել հրդեհային պաշտպանության հետ կապված հարցերը։

8. Առաջարկել Կոմտնտժողկոմատին հսկել այս որոշման կիրառումը եւ նոյեմբերի 1-ից ոչ ուշ զեկուցել ժողկոմխորհին արդյունքների մասին։

Ժողկոմխորհի նախագահի տեղակալ՝ Ա․ Յերզնկյան

Ժողկոմխորհի գործերի կառավարիչ՝ Ա․ Թոքմաջյան

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում խորհրդային արտադրության 1934 թվականի հրշեջ մեքենա է՝ ЗиС-11: Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 3

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

«Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին

Կայսերական ցուցահանդես՝ նվիրված առաջին օգնությանը

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում