Գլխավոր Վերլուծություն Կրթության նոր հեռանկարներ՝ սեյսմակայուն դպրոցներում

Կրթության նոր հեռանկարներ՝ սեյսմակայուն դպրոցներում

2390
Տարածել

Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների  ծրագրի»  շրջանակում Երեւանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 եւ Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցների սաները նոր ուսումնական տարին սկսեցին հիմնանորոգված, սեյսմակայուն շենքում։

700 աշակերտ ունեցող թիվ 153 դպրոցի վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։ Եռահարկը շենքն ապահովված է ընդհանուր օդափոխության եւ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերով, դասասենյակները նախագծված են՝ ըստ չափորոշիչների, առկա են մարզադահլիճ, հանդիսությունների սրահ եւ այլն, տարրական դասարաններում եւ լաբորատորիաներում տեղադրվել են լվացարաններ՝ մշտական տաք եւ սառը ջրով, պահպանված են դպրոցների անվտանգ վերաբացման ուղեցույց ցուցումները։ Բոլոր հարկերում փակցված են տարհանման գծանշումներ, ելքի երեք դռները միացված են էլեկտրոնային համակարգին, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակում միաժամանակ երեք ուղղությամբ իրականացնել տարհանում։ Մանկավարժները կրակմարիչների եւ հակահրդեհային վահանակի ճիշտ օգտագործման ուսուցման դասընթաց են անցել։ Անհրաժեշտության դեպքում շենքն ամբողջությամբ կդառնա ապաստարան։

Տնօրեն Անուշ Սարգսյանի խոսքով՝ մինչեւ նոր դպրոցի բացումը դասերը կազմակերպվել են թիվ 94 ավագ դպրոցի հետ համատեղ՝ եռահերթ դասացուցակով։ Որպես դասարան՝ օգտագործվել են շենքի բոլոր բաց հարթակները։ Չորս տարվա ընթացքում երկու դպրոցների համագործակցության լավագույն դրսեւորումը համատեղ տարհանման վարժանքներն են։ «Հետաքրքիր փորձ էր․ մեծերը փոքրերին էին աջակցում, սովորում զիջել միմյանց։ Տարեկան պլանով տարբեր թեմաներով վարժանքներ ունենք, դասղեկի ժամին, բացի կորոնավիրուսի թեմայից, պարտադիր ներառվել են արտակարգ իրավիճակներում գործելու վերաբերյալ բացատրական աշխատանքներ։ Նոր դպրոցը վարժանքների համար լայն հնարավորություն է տալիս, մյուս կողմից՝ նորը պետք է ճիշտ մատուցվի, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք։ Փորձում ենք աստիճանաբար ծանոթացնել աշակերտներին դպրոցի կառուցվածքին, պայմաններին»,- մանրամասնում է տնօրենը։

Գերմանիայից վերադարձած, հենաշարժողական խնդիր ունեցող միակ աշակերտը՝ Արշակը, արդեն հասցրել է փորձարկել դպրոցի վերելակն ու հարմարվել նոր միջավայրին։

Վանաձորի թիվ 7 դպրոցի վերակառուցման համար ընտրվել էր նախկին՝ երկրաշարժից փլուզված եւ ապամոնտաժված դպրոցի տարածքը։ 30 տարի տնակային պայմաններում եւ «Տեխնոսարք» գործարանի մասնաշենքում ուսանելուից հետո՝ վանաձորցի աշակերտները վերջապես «երազանքի դպրոց» ունեցան։ Տնօրեն Լուսիկ Սարգսյանը հպարտությամբ նշում է․ «Ինքս հետեւել եմ շինարարության ամբողջ գործընթացին եւ կարող եմ ասել, որ ամենաապահով, ամուր դպրոցը մերն է։ Որպես երկրաշարժից տուժած մարդ՝ ինձ համար առաջնային է երեխաների անվտանգությունը։ Ունենք հակահրդեհային համակարգ, տարհանման պլան՝ գծանշաններով, ներքին ջրացանց, ամբողջ դպրոցը՝ մոտ 4700 քմ տարածքով, ծառայում է որպես արտակարգ իրավիճակում բնակչության ապաստարան։ Ներկա պահին կառուցվում է եւ մեկ ամսից շահագործման կհանձնվի վերգետնյա անցումը․ դպրոց հասնելու համար երեխաները ստիպված են միջպետական ճանապարհը հատել, եղել են տուժելու դեպքեր։ Կառավարությունն ընդառաջեց, եւ անցումն ընդգրկվեց ծրագրում։ Ի դեպ, այն վերելակով է, եւ, կարծես թե, Հայաստանում միակն է իր տեսակով»։

301 աշակերտ արդեն օգտվում է ընդարձակ մարզադահլիճից, մարզահրապարակից, ճաշարանից, կառուցվել են ժամանակակից լաբորատոր սենյակներ, մուտքն ու սանհանգույցը՝ հարմարեցվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Երկար տարիներ հետո դպրոցը վերջապես երկու առաջին դասարան ունի՝ 48 աշակերտով։ Ավելացել է նաեւ դասարանների թիվը, հնարավոր է նոր աշակերտների ընդունելություն։ Առաջին օրերին փոքր-ինչ դժվարությամբ, ապա աշակերտների եւ ծնողների կողմից ըմբռնումով պահպանվում են հակահամաճարակային պահանջները՝ դիմակ կրելն ու ֆիզիկական հեռավորությունը։

Խոսելով փրկարարների հետ վարժանքների անցկացման կարեւորությունից՝ Լուսիկ Սարգսյանը հավելում է՝ նոր դպրոցի բացումը նախատեսվում էր մարտ ամսին, սակայն համավարակի պատճառով հետաձգվեց ոչ միայն արարողությունը, այլեւ ԱԻ նախարարության հետ ծրագրված տարհանման մեծ վարժանքը։ Տարեկան պլանով նախատեսված վարժանքներն ուժի մեջ են, մնում է՝ համավարակը նահանջի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են տնօրենները