Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ընդլայնվում են անվասայլակով բասկետբոլի թիմերը

Ընդլայնվում են անվասայլակով բասկետբոլի թիմերը

2479
Տարածել

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան, որի կորիզն Արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմն է, նոր ծրագրեր ունի։

«Միկա» մարզահամալիրում արդեն իսկ մեկնարկել են Motus Vita մանկապատանեկան ակումբի մարզումները, անդամագրվել է 10-16 տարիքային խմբի 12 երեխա։ Մարզումներն անցնում են թեթեւ վարժանքի եւ խաղերի տեսքով, պարապմունքներին կարող են միանալ բոլոր ցանկացողները եւ նրանց ծնողները։ Ներառական կրթություն իրականացնող Երեւանի թիվ 17 հիմնական դպրոցի հետ արդեն կնքվել է համագործակցության հուշագիր, որով դպրոցի մարզադահլիճը կտրամադրվի ֆեդերացիային պարապմունքների համար։ «Որոշեցինք երեխաների թիմ բացել, որ նրանց առօրյա լցվի, սկսեն առողջ ապրելակերպ վարել, տնից դուրս գալ եւ ավելի անկաշկանդ շփվել։ Հետագայում պլանավորում ենք լավագույններից թիմ ձեւավորել միջազգային մրցումներին մասնակցելու համար։ Հետաքրքրությունը մեծ է, երեխաները սիրով են հաճախում, նույնիսկ փոքրիկ ունենք, որ պարապմունքից հետո չի ցանկանում տուն գնալ։ Նման թիմեր կբացվեն նաեւ Գյումրիում եւ Վանաձորում»,- մանրամասնում է թիմի անդամ, ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը։

Հոկտեմբերին կկազմակերպվի մեծ դրամահավաք՝ երեխաների համար սպորտային անվասայլակներ եւ տրանսպորտային միջոց գնելու համար, որը կապահովի նրանց տեղափոխումը տնից մարզահամալիր եւ հակառակը։ Սեւակ Մխիթարյանը լիահույս է, որ սպորտի կարեւորությունը կհասկանան նաեւ մյուս հանրակրթական դպրոցներն ու նախակրթարանները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող սաներ։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկվել է սեպտեմբերի 18-21-ը նախատեսված միջազգային մրցաշարը, որին հրավիրվել էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Ռուսաստանից եւ Գանայից։ Ամենայն հավանականությամբ՝ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերին։ Նույն ամսում պլանավորվում է նաեւ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարության բասկետբոլի թիմերի հավաք՝ միջազգային մարզչի եւ բժշկի մասնակցությամբ։

Նոր համագործակցություն է հաստատվել նաեւ «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի եւ Source կազմակերպության հետ։ Գյումրիում եւ Վանաձորում ստեղծվել են անվասայլակով բասկետբոլի մեծահասակների թիմեր․ ֆեդերացիան հանդիպել է մարզիկներին, մարզային եւ համայնքային մարմիններին, ձեռք բերել պայմանավորվածություն։ Նոր անվասայլակներ ստանալուն պես մարզումները կսկսվեն։

Այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սեւակ Մխիթարյանը