Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն հերթափոխի պետ-2019»․ Արսեն Ավագյան

«Լավագույն հերթափոխի պետ-2019»․ Արսեն Ավագյան

3031
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Լավագույն հերթափոխի պետ» է ճանաչվել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արսեն Ավագյանը։

Ծնունդով գետափցի Արսեն Ավագյանը մասնագիտությամբ ինժեներ է։ Դեռ ուսանելու տարիներին՝ 2003 թվականին, որոշեց աշխատանքի անցնել Եղեգնաձորի հրշեջ ջոկատում։ Հրշեջ-փրկարարից հերթափոխի պետ ճանապարհը միայն նվիրումով եւ աշխատասիրությամբ է հարթել, բոլորից լավ գիտի ծառայողների ապրումները, խնդիրները։ Միասին ծանր օրեր են կիսում՝ ավտովթարներ, բարդ անտառային հրդեհներ եւ այլն, ջոկատը սպասարկում է 33 համայնք։ Վերջին տարիներին, բարեբախտաբար, գյուղերում լուծվել է ջրի լիցքավորման հարցը, բոլոր դեպքերին արձագանքում են պատվով եւ ժամանակին։

Արսեն Ավագյանի խոսքով՝ միայն այն գիտակցումը, որը մեկին երկրորդ կյանք ես տալիս, ստիպում է դժվարություններից չընկրկել, ավելի կատարելագործվել։ Մտաբերում է․ «2017 թվականին Ելփին գյուղում խոշոր ավտովթար էր եղել, տուժածին դուրս բերեցինք, հանձնեցինք շտապօգնությանը։ Դրանից հետո հաճախ այցելում էինք նրան, մտերմացել էինք։ Թեկուզ տղամարդը հաշմանդամ էր դարձել, բայց շարունակում էր ապրել՝ իր կնոջ ու երեխայի կողքին։ Մի՞թե հպարտանալու առիթ չէ»։

Ինժեներական գիտելիքները, տարբեր թեմաներով վերապատրաստումները, հաճախ՝ նաեւ մեքենաների գիտակ լինելը գործում շատ են օգնում։ Ասում է՝ մարդն ինչքան մեծանում է, այնքան հասկանում է, որ դեռ սովորելու բան ունի։ Որպես ղեկավար՝ միշտ հետաքրքրվում է արտակարգ իրավիճակների ոլորտի գրականությամբ, հրապարակումներով, տեսանյութերով։ Նորեկ փրկարարների ոգեւորությունը շատ է սիրում, հայրաբար խոսում է նրանց հետ, բացատրում՝ ինչպես հաղթահարել վախը, դիմացկուն լինել, ճիշտ կողմնորոշվել, որ տուժածին «երկրորդ ցավ» չտան։ Հերթափոխում մի սովորույթ կա՝ երկու-երեք ամիսը մեկ ընտանեկան հավաքույթ է լինում, եւ փրկարարների զավակները ծանոթանում են միմյանց հետ, ընկերանում։

Փորձառու մասնագետը շատ է կարեւորում ուսումնական հաստատություններում վարժանքների անցկացումը։ Երեխաներին շահագրգռելու ձեւը գտել են․ միջոցառումներն անցնում են ինտերակտիվ՝ հարց-պատասխանի միջոցով։ Այս հանդիպումները ոչ միայն պաշտպանողական վարքագիծ են ձեւավորում, այլեւ երեխային ստիպում մտածել, վերլուծել իրավիճակը։

Հերթափոխից ազատ ժամանակն Արսեն Ավագյանն ընտանիքին է նվիրում։ Փոքրահասակ որդին ու դուստրը անհամբեր սպասում են հայրիկի տուն վերադառնալուն։ «Աղջիկս իր սենյակում մի անկյուն է սարքել իմ պատվոգրերից ու մեդալներից։ Ասում եմ՝ քոնը ստեղծի՛ր, հակաճառում է, թե իմ մասին գլուխ է գովել դասարանցիների մոտ ու պետք է նրանց ցույց տա։ Հաճելի զգացողություն է»,- ժպիտով նշում է փրկարարը։

Իր տան դուռը բացող ծանոթ-անծանոթին զարմացնում է այգու մրգերով ու հատապտուղներով, անուշահամ խաղողի տեսակներով, որոնցից իր ձեռքով գինի է պատրաստում։ Մի տարի ողջ գյուղը սպասում է Գինետոնին՝ կտրվելու առօրյա հոգսերից, ցուցադրելու բերքն ու բարիքը, ի վերջո՝ պարզապես լավ ժամանակ անցկացնելու։ «Վայոց ձորի մարզը յուրահատուկ է իր տեսարժան վայրերով, եկեղեցիներով, աղբյուրներով, բնությամբ։ Խոտաբույսերն իսկական գտածո են զբոսաշրջիկների համար։ Օրինակ՝ մեր գյուղում եւ Ջերմուկում աճող հիպերիկն (зверобой) ուրիշ համ ու հոտ ունի։ Վերջերս ամերիկացի հյուրեր ունեինք․ երբ իմացան ճնշումը կարգավորող այս հրաշքի մասին, մի պարկ իրենց հետ տարան։ Աշխարհին ցույց տալու շատ բան ունենք»,- հպարտանում է փրկարարը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արսեն Ավագյանը

Հ.Գ. «Արիության համաստեղություն-2019» հանրապետական փառատոնի այլ հաղթողներ.

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան