Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Բագրատ Եղիազարյան

2728
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2019 թվականին «Լավագույն հրշեջ-փրկարար» է ճանաչվել Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Բագրատ Եղիազարյանը։

Հերթափոխի առօրյան սկսվում, ավարտվում է գյումրեցի Բագրատ Եղիազարյանի հումորներով։ 20 տարվա ծառայողական փորձից գիտի՝ ծանր պատահարների տպավորությունը միայն կատակով են ցրում։ Փոքր-ինչ նեղսրտում է՝ իրենց բարբառը երբեմն մարդիկ չեն հասկանում, նույնիսկ շփոթում ջավախահայերենի հետ։ Գործի բնույթից ելնելով՝ սկսել է խոսակցականի վրա աշխատել։ Նկատում է՝ Երեւանում հարեւանների մտերմությունը, միմյանց հետ ազատ շփումն այնպիսին չէ, ինչպես Գյումրիում։ Փակ դուռ բացելու կամ ծանրաքաշ մեկին տեղափոխելու համար հազվադեպ են փրկարար կանչում, միշտ հարազատներն են օգնության գալիս։ Մեծ քաղաքների թերությունն է՝ բոլորն ինչ-որ տեղ են շտապում։

2000 թվականից աշխատել է Գյումրու, ապա Երեւանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատում։ Այս տարիների բարդ դեպքերից Բագրատ Եղիազարյանն առանձնացնում է հատկապես Գյումրու տեքստիլ գործարանի հրդեհը, որի ժամանակ հաջողվել էր փրկել քիմիկատների պահեստը, իսկ անցյալ տարի մեծ դժվարությամբ մարել էին «Կանազ» գործարանի տարածքում հեղուկ գազ տեղափոխող մեքենայի հրդեհը։ Երկու դեպքում էլ փրկարարներն աշխատել էին կյանքին սպառնացող ռիսկին դեմ հանդիման։ Սա լավ դաս էր․ առաջին բանը, որ սովորեցնում է ջոկատի նորեկներին, միշտ ռիսկերը սթափ գնահատելն է՝ անկախ իրավիճակից։

2008 թվականին որոշեց մասնագիտություն ստանալ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Բուհում ձեռք բերած տեսական եւ պրակտիկ հմտություննները մեծ դեր խաղացին իր  աշխատանքային որակների բարձրացման հարցում։ Օգնում են նաեւ տարբեր թեմաներով վերապատրաստումներն ու համայնքային ծրագրերը։ Փրկարարությունը դինամիկ է, եւ ամեն ահազանգ առանձնահատուկ է։ Պետք է «հոտառություն» եւ կողմնորոշում ունենալ, դժվարություններից չվախենալ։

Իր երկարամյա ծառայության կարեւոր առաքելություններից մեկը փրկարարը համարում է նախակրթարաններում եւ դպրոցներում անվտանգության ուսուցումը։ «Ես տեսել եմ՝ ինչ է երկրաշարժը, այդ ժամանակ չորրորդ դասարանում էի։ Երբ առաջին  ցնցումը եղավ, մաթեմատիկայի ուսուցիչը հրահանգեց հանգիստ մնալ տեղերում, երկրորդ ցնցման ժամանակ արդեն բոլորս դուրս էինք վազում։ Մեր դպրոցը շատ չէր վնասվել, զոհեր չունեցանք։ Լավ հիշում եմ սաղավարտով ու համազգեստով հրշեջներին, որ օգնում էին մեզ։ Եվ ուրախ եմ, որ այսօր երեխաները, թեկուզ խաղերի միջոցով, տեղյակ են պաշտպանվելու կանոններին։ Ընդհանրապես՝ անվտանգության հարցում խստապահանջ եմ (ծիծաղում է-հեղ․), շրջապատումս բոլորն ինձ են դիմում»,- նշում է օղակի հրամանատարը եւ վերհիշում՝ ինչպես էր երկրաշարժին հաջորդող օրերին իրենց հարեւանը համոզում վերադառնալ տները՝ ձմռան ցրտին կրակի շուրջ նստելու փոխարեն։ Շենքը բավականին հին էր, բախտի բերմամբ չէր փլվել։ Սա եզակի բացառություն է, պետք է ավելի գրագետ լինել։

Ի հակադրություն՝ փրկարարն օրինակ է բերում կորոնավիրուսի համաճարակը, որն, ասես, համախմբել է մարդկանց։ Նույնիսկ դեպքի վայրում տուժած եւ շփոթված քաղաքացին կարող է ներողություն խնդրել դիմակը մոռանալու համար։ Քաղաքացիական գիտակցությունը փոխվել է։

Շուտով լրանում է Բագրատ Եղիազարյանի կենսաթոշակային տարիքը։ Անկեղծանում է՝ անգամ պատկերացում չունի՝ ինչով է զբաղվելու։ Նույնիսկ երբ արձակուրդում է լինում, մտքով միշտ ջոկատում է․ զանգում է, տեղեկանում օրվա դեպքերին։ Գյումրու փրկարարների հետ կապը չի կտրել, երբեմն հանդիպում են՝ իր պատրաստած համեղ ուտեստներով լի սեղանի շուրջ։ «Մեր մտերմությունը գործի բնույթից է, ուրիշ տեղ իրար այսպես չեն վստահում։ Այստեղ ամեն մեկը գիտի, որ իր կյանքը ընկերոջից, ջոկատի այլ փրկարարից է կախված»,- ասում է փրկարարը։

Ծառայությունից դուրս գալուց հետո մի միտք հուսադրող միտք կա՝ վերջապես ամուսնանալու մասին մտածելու եւ երեկոյան Երեւանով երկար զբոսնելու ժամանակ կունենա, միգուցե նաեւ իր սիրելի խոհարարությամբ բիզնես սկսի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Բագրատ Եղիազարյանը

Հ.Գ. «Արիության համաստեղություն-2019» հանրապետական փառատոնի այլ հաղթողներ.

«Լավագույն փրկարար-2019»․ Աղասի Ավետիսյան

«Լավագույն հրշեջ-փրկարար-2019»․ Էդգար Գրիգորյան