Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները երեխային ազատել են խաղահրապարակի աստիճաններից

Հրշեջ-փրկարարները երեխային ազատել են խաղահրապարակի աստիճաններից

2138
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 554 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 195 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 22 կեղծ կանչ:

Փրկարարները 133 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Շենգավիթ, Նոր Նորք, Աջափնյակ, Ավան վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 37 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 18 դեպքում: Արգելափակված 7 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 9 մարդ: Հրդեհավտանգ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում հսկողությամբ այրում են իրականացրել եւ 24-ժամյա հերթապահություն սահմանել մի շարք այգիներում եւ կանաչ տարածքներում՝ Երեւանի հեռուստաաշտարակի հարակից տարածք, Բուսաբանական այգի, Նոր Արաբկիր զբոսայգի, Հրազդանի կիրճ, Հաղթանակ զբոսայգի, Խոսրովի արգելանոց, Բյուրականի անտառի հանգստյան գոտիների մոտակայք եւ այլն:

Այլ կանչեր. Նոր Նորքում ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ երեխան արգելափակվել է խաղահրապարակի սղարանի աստիճանների միջեւ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարները 5-ամյա տղային դուրս են բերել արգելափակումից։ Սյունիքի Քաջարան քաղաքում ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում երեխաները բարձրացել են ավտոտնակի տանիքին եւ չեն կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ավտոտնակի տանիքից իջեցրել են 13 եւ 14-ամյա տղաներին: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տափերական գյուղում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է մոտ 4 մետր խորությամբ հորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները կենդանուն դուրս են բերել հորից:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 10 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Երեւանում եւ մարզերում փրկարարները բարձրախոսներով բնակչությանը իրազեկել են կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտության եւ չվարակվելու ճիշտ քայլերի մասին:

Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 120 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն: