Գլխավոր Միջոցառումներ Սեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է

Սեպտեմբերի 4-ը մոլորակի ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է

2714
Տարածել

ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 9-ի N 1008-Ն որոշմամբ սեպտեմբերի 4-ին նշվում է արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Եթե անցած տարիներին տոնը նշվում էր արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում հզոր, մեծ շքերթով՝ ԱԻՆ ստորաբաժանումների քայլերթով, տեխնիկայի ցուցադրությամբ, տոնական համերգով, ապա այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով տոնական միջոցառումները չկազմակերպվեցին: Տոնը ապահովեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը (գլխավոր դիրիժոր, փ/ծ գնդապետ, մաեստրո Մանվել Ութուջյան) Երեւանի Ազատության, Հանրապետության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում ելույթներով:

Նվագախմբի ելույթներին զուգահեռ հանրապետության հրապարակում «տոնական պտույտով» անցան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության «NISSAN» ամենագնացներն ու  հրշեջ-փրկարարական «ISUZU» մեքենաները:

Փրկարարներին շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը. «Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերեւս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն եւ զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում: Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ: Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը: Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար: Խիղճ եւ խաղաղություն բոլորիս», — իր ուղերձում նշել է նախարարը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ