Գլխավոր Վերլուծություն Արկածային ամառ-2020․ Լողասեզոնին գրանցված արտակարգ դեպքերը

Արկածային ամառ-2020․ Լողասեզոնին գրանցված արտակարգ դեպքերը

2854
Տարածել

Սեւանա լճում ամառային լողասեզոնն ավարտվեց, թեեւ հանգստացողների հոսքը դեռ չի դադարում։ Այդ պատճառով հանրային լողափերում Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատն ուժեղացված հերթապահությունը կշարունակի մինչեւ սեպտեմբերի 15-ը։

Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի հետ ամփոփեցինք լողասեզոնին կատարված աշխատանքը։ Տաք եղանակի շնորհիվ հուլիսին գրանցվել է հանգստացողների աննախադեպ հոսք։ Հունիսից օգոստոս ամիսներին ջրափրկարարները հայտնաբերել են 7 ջրահեղձված քաղաքացու, երեքը՝ Սեւանա լճում, երեքը՝ Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերի ջրային տարածքներում։ Լճում հուլիսին կորած մի քաղաքացու որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Փրկվել է 9 հոգի, չորսը ջրից դուրս են բերվել հենց ջրահեղձվելու ժամանակ, երեքը` լճի տարբեր հատվածներում սկուտերով մոլորվել էին, եւս երկուսը քամու պատճառով տեսադաշտից հեռացել էին փչովի եւ հեծանիվ նավակներով։ Ջրային վթարների պատճառով տուժել է 3 հոգի, որոնց տեղում ջրափրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն եւ մոտեցրել շտապօգնության մեքենային։

Արմեն Ճզմաչյանի դիտարկմամբ, վերջին տարիներին շատացել են ինքնասպանության եւ ջրանցքում խեղդվելու դեպքերը։ 911 ծառայությունում գրանցված ահազանգերից բացի՝ լինում են դեպքեր, երբ ջրանցքի ջուրը ցամաքեցնելու եղանակով տեղացիներն իրենք են դուրս բերում տուժածներին։ Պատճառները տարբեր են՝ անզգուշությունը, լողալ չիմանալը, մկանային կծկումները, ռիսկերը թերագնահատելը։ «Տուրիստական խմբերը հատկապես պետք է զգոն լինեն, միշտ երկու քայլ առաջ մտածեն։ Երբ մարդկանց հորդորում ես ափից հեռու չլողալ, զարմանում են, թե ինչպես է հնարավոր նման խորությունում խեղդվել։ Չեն պատկերացնում ջրի ուժը․ մարդ կարող է կես մետր խորությունում կանգնած լինել, բայց ջրի մեծ հոսանքը քշի-տանի նրան»,- նշում է հրամանատարը։

Պարետի որոշմամբ՝ օգոստոսի 31-ին «Կապուտակ Սեւան» լողափում անցկացվել է ամենամյա մարզական միջոցառում՝ «Savage of Sevan Half Distance» եռամարտի մրցաշարը՝ երեք մարզաձեւերում՝ լող (1,9 կմ), հեծանվավազք (90 կմ) եւ վազք (21,1 կմ)։ Տեղացի եւ օտարերկրյա 30 մասնակցի անվտանգությունն ապահովել է ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ողջ լողասեզոնի ընթացքում Սեւան քաղաքում եւ հանրային լողափերում իրականացվել է հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմեն Ճզմաչյանը