Գլխավոր Վերլուծություն «Ոչ մի կին չպետք է մահանա կյանք տալիս»․ բժշկի հուշերը՝ Սուդանից

«Ոչ մի կին չպետք է մահանա կյանք տալիս»․ բժշկի հուշերը՝ Սուդանից

3499
Տարածել

«Պատերազմն աղետների շղթա է՝ հանուն հաղթանակի»

Ժորժ Կլեմանսո, ֆրանսիացի քաղաքական գործիչ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայերիս համար «շոշափելի» դարձրեց աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ Սուդանը, որտեղ 21-րդ դարում  դեռ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Աֆրիկյան աշխարհամասի այս կտորը 1955-2005 թվականներին կրոնական պատճառներով երկու  քաղաքացիական պատերազմ է տեսել, արդյունքում՝ մոտ 2,5 միլիոն զոհ, մոտ 4 միլիոն տեղահանված բնակչություն,հարյուրավոր անհետ կորածներ։ ՄԱԿ-ի՝ տարբեր տարիների զեկույցներում հիշատակումներ կան հիվանդանոցներում սպանությունների, թիրախավորված հարձակումների, խաղաղ բնակչության ռմբակոծության, գյուղերում միտումնավոր հրդեհների, թալանի ու բռնության, սովահար երեխաների մասին։

Այսպիսին է պատերազմը, որի ստվերում հասարակ մարդիկ են՝ իրենց հավատով եւ սպասումով։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ միջոցառումներ են հետաձգվել։ Aurora Dialogues քննարկումն այս տարի անցկացվեց առցանց, որի ժամանակ «Ավրորա» մրցանակակիր, «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինային փոխարինած հայ բժիշկները պատմեցին՝ ինչն է իրենց ոգեշնչում աշխատել հակամարտության գոտում։ 

Նախորդ տարի Նուբայի լեռներում իր գործունեության մասին մեզ պատմել է մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը։ 

Երկար ճանապարհ դեպի Նուբա

Հերթապահության էի։ Հեռախոսազանգ ստացա, առաջարկեցին Թոմ Քաթինային փոխարինել Սուդանում։ Անակնկալի եկած՝  1-2 օր ժամանակ խնդրեցի, չնայած այդ պահին էլ 90 տոկոսով համաձայն էի։ 

Մեզ տեղավորեցին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում գտնվող մի հյուրանոց, որն Ամերիկայի դեսպանատան կողքին էր։ Այն շրջապատված էր հսկա պարիսպներով , փշալարերով։  Ասացին, որ դա հյուրերի պաշտպանության համար է։ Երեկոյան ժամը 10-ից պարետային ժամ էր, հյուրանոցից ոչ ոք դուրս չէր գալիս։ Թեեւ դեսպանատան տարածքն ամենաանվտանգն էր, սակայն բացառված չէին կողոպուտի եւ սպանության դեպքերը։ 10 րոպեն մեկ ատրճանակներով զինվորներ էին շրջում ռազմական մեքենաներով։

Ջուբայի կենտրոնական ճանապարհն ասֆալտապատ էր, նորակառույց բարձրահարկ շենքեր կային՝ կիսատ շինարարությամբ, առանց կոյուղու։  Ասում էին՝  միջազգային կառույցներինն են, որոնք չեն կարողացել կառավարության հետ համաձայնության գալ։ 

Արդեն մեկ տարի միջազգային օդանավակայան էր գործում։ Փայտե կառույց էր՝ շուրջբոլորը գորտեր։ Ջուբայում Կաթոլիկ միսիոներների խումբը մի քանի ծրագիր էր անում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելում, բժիշկների ապահովում եւ ուղեգրում, սննդի մատակարարում՝ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ։ 

Հարավային Սուդանի եւ Սուդանի սահմանին Յիդայի փախստականների ճամբարն էր։ Ցեխից ու ավազից կառույցներ էին, որտեղ կարող էին ապաստանել Նուբայի լեռներից եկողները։  Այդտեղ նաեւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կլինիկան էր։

Յիդայում դեղորայք ու պատվաստումների մեծ պաշար ստացանք։ Այնտեղից մեքենայով պետք է Նուբայի «Գթության մայր» հիվանդանոց գնայինք, որտեղ Թոմ Քաթինան էր աշխատում։ Ընկերոջս՝ Արշակ Հազարյանի հետ ընդհանուր գրեթե 100 անցակետով անցանք։ Զավեշտալին այն էր, որ հսկիչները գրագետ չէին, նույնիսկ մեր անունները գրել չէին կարողանում։ Բայց բոլորը զինված էին եւ ցանկացած սխալ գործողության համար կարող էին կրակել։ 

Կյանքը՝ Նուբայի լեռներում

Մեր գործուղումը համընկավ անձրեւային սեզոնի հետ՝ օգոստոսից հոկտեմբեր։ Հորդառատ անձրեւների պատճառով Նուբան Հարավային Սուդանին կապող ճանապարհները փակվում են մոտ 6 ամսով։ Անձրեւը կարող է նույնիսկ տներ քշել-տանել։ 

Սովորաբար Նուբայում երկու եղանակ է լինում՝ խիստ չորային եւ անձրեւային։ Երաշտը բերում է մեծ հրդեհների, ինչի պատճառով կենդանիները սատկում են ուտելիքի պակասից։ Երբ մենք առաջարկեցինք տեղացիներին խոտը պահեստավորել, ասացին, որ դա հնարավոր չէ +47 ջերմաստիճանի պայմաններում։ 

Ջուրը թիվ մեկ խնդիրն է Նուբայում։ Մարդիկ դողում էին մեկ կաթիլ  ջրի համար,  նույնիսկ մինչեւ 85 մետր խորությամբ  ջրհորներ ունեին, որտեղից խմում էին նստվածք տված անձրեւաջուրը։ 

Տները փայտերից էին՝ ցեխով ծեփած, առանց դռների։ Կոյուղի չկար։ 

Շաբաթը մեկ  շուկա էր գործում, մարդիկ սկսում էին վաճառել տան եղած-չեղածը։ Կաթոլիկ եկեղեցուն կից քարե շենքերում տարրական եւ միջնակարգ դպրոցներն էին, դասավանդումն անգլերենով էր, ընդհանուր մոտ 180 աշակերտ էին։ Ուսուցումը պարտադիր չէր, փոխարենը միգրացիայի խնդիր  կար․ որոշ տարիքում երեխաներն առանձնանում են ծնողներից, գնում՝  բախտ որոնելու։  

Առաջին բանը, որ նկատեցինք Նուբայում, պատերազմի հետքերն էին՝ մեծ փոսերը, որոնք օգտագործվում են ռմբակոծությունից պաշտպանվելու համար։ Թեեւ բնակիչները քիչ էին խոսում, բայց ոչ ոք չէր մոռացել տարիներ առաջ Սուդանի կառավարության  ձեռքով նուբացիների մասայական ջարդերը, անմարդկային վայրագությունները։  Մեզ հետ աշխատող մի ինտերն (ուսանող)  կար՝  Ալին։ Հաղթանդամ տղամարդ էր, ակտիվ մասնակցել էր պատերազմին, այնուհետեւ սովորել Ուգանդայի համալսարանում։ Հարյուրավոր մարդկանց կյանք խլած այդ մարդը մեզ հետ կյանք էր փրկում։ Ասում էր․ «Այն ժամանակ մեզ կոտորում էին, մենք պիտի ապրեինք»։ Ընտանիքով տեղավորվել էր հիվանդանոցի կողքին, երկու կին ուներ։ Շարունակում էր ապրել, կարծես ոչինչ չէր եղել։ 

Թոմ Քաթինան կարողացել էր 12 տարվա ընթացքում Նուբայի փոքրիկ ամբուլատորիան մեծ հիվանդանոց դարձնել՝ միահարկ, 800 մահճակալով, տեխնիկապես հագեցած։ 12 տարի ուսուցանել էր բուժքույրերի եւ բուժեղբայրների, իր միջոցներով շատերին ուղարկել համալսարաններ՝ սովորելու։  Դժվար է անգամ պատկերացնել՝ որքան ծանր է լինել 750 հազար բնակչությանը սպասարկող միակ վիրաբույժը։  Երբ Թոմին հարցնում էին՝ ինչ է լինում, երբ ինքն է հիվանդանում, միշտ կատակում էր․ «Սկսում եմ ավելի արագ աշխատել»։ Բոլորը սիրում ու ընդունում էին նրան։ Նա պատերազմներ չէր ճանաչում։ Եվ պատահաբար չէր, որ նրա հիվանդանոցի ցանկապատին դանակի եւ զենքի կիրառությունն արգելող նշաններ կային։

Մարդասիրություն՝ առանց սահմանների

Վաղ սեռական կյանքի պատճառով Նուբայում ամեն երկրորդը Հեպատիտ B, ՄԻԱՎ, սիֆիլիս, գոնորեա ուներ, բայց նրանց դա առանձնապես չէր անհանգստացնում։ Հղիների նկատմամբ վերահսկողություն չկար․ հիվանդանում էին սեռավարակներով, մալարիայով, բրուցելոզով։ Ծննդաբերում էին տանը․ երբ թերթում էիր հիվանդի տվյալները, տեսնում էիր, որ մինչեւ 20 հղիություն է ունեցել, 7-ը՝ մեռելածնությամբ։ Ինձ համար որեւէ բանական բացատրություն չուներ աղջիկների թլպատման ավանդույթը, որը բացի անմարդկային լինելուց՝ արյան վարակներ էր առաջացնում, խոր կտրվածքներ։ 

Պատերազմի ժամանակ ճառագայթումը, վախը, սովը, վարակները եւս մեկ լուրջ խնդիր էին ստեղծել՝ անպտղությունը, որը մեծ ծավալներ ուներ։ Համատարած քաղցկեղի դեպքեր էին, նույնիսկ՝ մանկահասակ երեխաների։ Շատ էին հաշմանդամություն ունեցողները․ դա էլ մտածելակերպի խնդիր էր, դեղաբույսերով ավանդական բուժման արդյունք, ինչի պատճառով մարդը հայտնվում էր հիվանդանոցում՝ ծայրահեղ  վիճակում։ 

Ես ու Արշակը նաեւ բարդ վիրահատություններ հանձն առանք, 2,5  ամսում ոչ մի մահ չունեցանք։ Ամեն կյանքի համար պայքար էինք տալիս։ «Ոչ մի կին չպետք է մահանա կյանք տալիս»՝ այս գրությունը մի տղայի շապիկի վրա տեսա։ Այդ միտքն ընդմիշտ մնաց իմ մեջ, հասկացա, թե որքան նուբացի կանայք են մահանում ծննդաբերելիս։ Մի օր, երբ հերթական բարդ ծննդաբերությունից հետո հաջողվեց փրկել կնոջ զույգ պտուղներից միայն մեկին, ես ներքին մղումով չէի դադարում մահացած պտղի  սիրտ-թոքային վերակենդանացումը։ Փոքրիկը կյանք վերադարձավ, մայրն ուրախությունից լալիս էր։ Հաջորդ առավոտյան հայտնեց, որ որոշել է աղջկան իմ անունով կոչել։ Առաջարկեցի փոխարենը նրան Արմինե  անունը տալ եւ թղթի վրա տառետառ գրեցի։  

Նուբայում կամավորությունն իմ առաջին արտերկրյա աշխատանքն էր։ Չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ  աշխարհում նման տեղ կա, նման մարդիկ։  

Իմ հուշերում Նուբան մնաց որպես մի վայր, որտեղ տարրական կենցաղային հարմարություններ չունեցող եւ տրոպիկական վարակների կողքին ապրող մարդիկ լավագույնս հոգում են իրենց ձեռքերի եւ բերանի մաքրության մասին, հավատում են, որ ինչ Աստված տվել է, պետք է նաեւ վերցնի, բնաջնջման հիշողությունը սրտում՝ շարունակում են հնարավորինս շատ երեխաներ ունենալ, կանայք հավատարիմ են իրենց տղամարդկանց, անտրտունջ կարող են ուսերին տանել հինգ գերանի, գլխին՝ 40-լիտրանոց դույլի ծանրությունը, երջանիկ են իրենց օրական հացով՝  լոլիկ, վարունգ, դդում, սորգոմ, շաբաթի եւ այլն։ Ես սիրեցի Նուբան, քանի որ պատերազմը չի կոտրել լեռնեցու հպարտությունը, քանի որ կուշտ երեխան երբեք ձեռքիցդ քաղցրավենիք չի վերցնի, իսկ ձեռքսեղմումը, դիմացինին լավը կամենալը եւ շնորհակալ լինելը պարզ, մարդկային արարքներ են։ 

Սիրեցի Նուբան, քանի որ այնտեղ ոչ ոք չի շտապում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Մկրտչյանը