Գլխավոր Միջոցառումներ ՔՊՈՒՀԿ-ում հրշեջ-փրկարարական հենակետ կբացվի

ՔՊՈՒՀԿ-ում հրշեջ-փրկարարական հենակետ կբացվի

3008
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում՝ ՔՊՈՒՀԿ, (Կոտայքի մարզ, Լուսակերտ) կձեւավորվի հրշեջ-փրկարարական հենակետ, որը կօգնի մարզի հրշեջ-փրկարարներին: Օգոստոսի 24-28-ը ՔՊՈՒՀԿ-ում վերապատրաստվում էր հրշեջ պարետային եւ ինժեներական ջոկատների 27 ծառայող: Վերապատրաստման դասընթացներն անցկացնում էին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը, նույն ֆակուլտետի հակհրդեհային պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանն ու ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Վերապատրաստման թեմաներն էին. հրշեջ-փրկարարական ջոկատներում ծառայության կազմակերպումը, ղեկավար անձնակազմի իրավունքները եւ պարտականությունները, հեթապահ անձնակազմի պարտականությունները եւ իրավունքները, անձնակազմի մարտական, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ անձնակազմի աշխատանքների կազմակերպումը եւ կարգը, հետախուզում, հրդեհաշիջում, շնչառական ապարատներ, գազածխապաշտպան ծառայության աշխատանքի կազմակերպումը ծխապատ գոտիներում, հրդեհների դադարեցման հիմնական եղանակները, ընդհանուր հասկացություն հակահրդեհային ջրամատակարարման մասին, հրշեջ մեքենաների դասակարգումը, տեխնիկա-տակտիկական տվյալները, արտակարգ իրավիճակների դեպքերում օգտագործվող վթարա-փրկարարական տեխնիկական սարքավորումներ եւ այլն:

Դասընթացի ավարտին մասնակիցները վկայականներ կստանան եւ կանցնեն մարտական հերթապահության:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ