Գլխավոր Ուսուցողական նյութեր Կայսերական ցուցահանդես՝ նվիրված առաջին օգնությանը

Կայսերական ցուցահանդես՝ նվիրված առաջին օգնությանը

2072
Տարածել

Կայսերական գերազանցություն, մեծն իշխանուհի Մարիա Պավլովնայի օգոստոսափառ նախագահությամբ գործող Ռուսական կայսերական հրդեհային միության նամակը քաղաքային իշխանություններին՝ 6-րդ միջազգային Հրդեհային Կոնգրեսի անցկացման վերաբերյալ

24 փետրվարի, 1912 թվական

Ռուսական կայսերական հրդեհային միությունը 1912 թվականի մայիսին Սանկտ- Պետերբուրգում կազմակերպում է Միջազգային հրդեհային կոնգրես եւ ցուցահանդես։ Կոնգրեսի ժամանակ առանձին սեկցիա է հատկացվելու հրդեհների ժամանակ առաջին օգնության կազմակերպման հարցերին, որը կուղեկցվի թեմատիկ ցուցահանդեսով։

Տրամադրելով յոթ հրավիրատոմս գործուղմանը եւ ցուցահանդեսին մասնակցելու համար՝ Կազմակերպչական կոմիտեն լիահույս է, որ չեք մերժի հրավերը եւ ներկա կլինեք հրդեհների ժամանակ առաջին օգնության կազմակերպման սեկցիային։

Գործուղման կազմակերպման կոմիտեի նախագահ՝ ակադեմիկոս, գրաֆ Պ․Սյուզոր

Սեկցիայի ղեկավար, պրոֆեսոր Ն․ Վելյամինով

Գլխավոր քարտուղար, Ֆ․ Ֆոն-Լանդզեն

6-րդ միջազգային Հրդեհային Կոնգրեսի շրջանակում հրդեհների ժամանակ առաջին օգնության կազմակերպման սեկցիայի ծրագրային հարցերն են՝

  1. Հրդեհների ժամանակ դժբախտ պատահարների վիճակագրությունը
  • Հրշեջների դեպքում
  • Բնակչության դեպքում
  1. Հրդեհային գործի մասնագետներին աջակցության տրամադրման միջոցները վնասվածքի, մահվան, աշխատունակության կորստի, հիվանդության եւ հաշմանդամության դեպքում
  2. Հրդեհային գործում դժբախտ պատահարների պրոֆիլակտիկա (աշխատանք էլեկտրական սարքավորումների, հրդեհապայթյունավտանգ նյութերի հետ)
  3. Հրդեհի ժամանակ առաջին բուժօգնության տրամադրումը, անձնակազմի եւ գույքի պատրաստության պահանջները՝
  • Գյուղերում եւ քաղաքներում հրդեհային կազմակերպությունների գործունեությունը, առաջին օգնության հմտությունները
  • Առաջին օգնության կազմակերպման հարցում մասնավոր եւ հասարակական կառույցների մասնակցությունը
  1. Հրդեհի ժամանակ փրկարարական աշխատանքի կազմակերպումը՝ համակցված առաջին բուժօգնության հետ
  2. Հրշեջ անձնակազմի պատրաստությունը փրկարարական աշխատանք կատարելու եւ առաջին բուժօգնության տրամադրելու համար
  3. Հրդեհային կազմակերպությունների մասնակցությունը հետաղետային աշխատանքներին (սողանք, պայթյուն եւ այլն)։

Սեկցիայի կազմակերպչկան կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Ն․ Վելյամինով

Քարտուղար, դոկտոր Ն․Մեյնգարդ

Հակահրդեհային ցուցահանդեսի կազմակերպման գործադիր կոմիտեի նամակը քաղաքային իշխանություններին

6 մարտի, 1912 թվական

Կայսերական գերազանցություն, մեծն իշխանուհի Մարիա Պավլովնայի օգոստոսափառ նախագահությամբ գործող Ռուսական կայսերական հրդեհային միությունը Միջազգային հրդեհային խորհրդի հետ համաձայնությամբ Կոնգրեսի շրջանակում մայիս-հունիս ամիսներին կազմակերպում է միջազգային ցուցահանդես՝ հրդեհի դեմ պայքարի, հրակայուն շինարարության, փրկարարության եւ առաջին օգնության կազմակերպման վերաբերյալ։

Ցուցահանդեսը կանցկացվի ձիամարզարանի շենքում եւ դրան հարակից հրապարակում։

Ծրագիրը բաղկացած է չորս մասից՝

  1. Հրդեհների կանխարգելում
  2. Հրդեհաշիջում
  3. Ապահովագրական գործ
  4. Դժբախտ պատահարների ժամանակ առաջին օգնության ցուցաբերում

Ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվում են պետական եւ հասարակական կառույցները, քաղաքային եւ զեմստվոյական իշխանությունները, հրդեհային միությունները, առաջին օգնության հարցերով զբաղվող պետական եւ մասնավոր կազմակերպությունները, ֆաբրիկաները, գործարանները, ինչպես նաեւ կոմերցիոն կառույցներ եւ ընկերություններ, որոնք իրենց արտադրած նմուշներով կարող են համալրել ցուցահանդեսը։

Ստորեւ ներկայացնում ենք ցուցահանդեսի 4-րդ բաժնին վերաբերող մանրամասն ծրագիրը․

Առաջին օգնության տրամադրումը հրդեհների եւ լայնամասշտաբ աղետների ժամանակ՝ ջրում, ցամաքում եւ ստորգետնյա աշխատանքների ժամանակ

  • Անձնակազմի պատրաստությունը․ ֆելդշերական, բժշկական, սանիտարական օգնություն, հրդեհային միություններ եւ այլն:
  • Բժշկական սարքավորումներ եւ անհատական պաշտպանության միջոցներ՝ արկղեր, պայուսակներ, սաղավարտներ, հատուկ համազգեստ, վերակենդանացման, տաքացման սարքավորումներ եւ այլն։
  • Հրդեհների ժամանակ տուժածների տեղափոխման համար անհրաժեշտ միջոցներ՝ պատգարակներ, կառքեր, մեքենաներ, հեծանիվներ, նավակներ եւ այլն (օրինակներ, գծագրեր, լուսանկարներ, գեղանկարներ)։
  • Հրդեհների եւ լայնամասշտաբ աղետների ժամանակ առաջին օգնության անհրաժեշտության մասին ազդարարելու միջոցներ:

Անձնակազմին առաջին օգնության հմտություններ ուսուցանելու համար անհրաժեշտ կառույցներ եւ առարկաներ (դպրոցներ, կուրսեր, ծրագրեր, գրքեր եւ այլն)։

Հրդեհների պատճառով անօթեւան մնացած անձանց ժամանակավոր ապաստանի տրամադրում (վիճակագրություն, շենքերի հատակագծեր, լուսանկարներ եւ այլն)։

Հրդեհային գործի մասնագետների հետ կապված դժբախտ պատահարների, նրանց հիվանդացության մասին տվյալների ցուցադրում աղյուսակների, դիագրամների եւ քարտոգրամների միջոցով։

Հրդեհային գործի մասնագետներին աջակցության տրամադրման միջոցների պատկերազարդ ներկայացում՝ ապահովագրություն, հիվանդանոցներ, սանատորիաներ եւ այլն։

Հրդեհների եւ մեծ աղետների ժամանակ առաջին օգնության տրամադրման հարցերի վերաբերյալ գրականության ցանկ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Գլխավոր լուսանկարում ցուցահանդեսի մասնակիցների մի մասն է, կենտրոնում՝ մեծն իշխանուհի Մարիա Պավլովնան: Մյուս լուսանկարներում՝ մեծն իշխանուհի Մարիա Պավլովնան, ցուցահանդեսը անցկացման վայրը՝ ձիամարզարանի շենքը, ցուցադրությունների տաղավարները:

Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 3

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

«Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին